նորընտիր կոնսուլները ։ Երկրորդ Պունիկյան պատերազմի տարիներին կոնսուլ Գայոս Փլամինիոսը արհամարհել էր այս ծիսակարգը և, աստվածների բարեհաճությանը չարժանանալով, խայտառակ պարտություն էր կրել ու սպանվել Տրազիմենյան լճի մոտ ։ Այդ օրից կոնսուլներն աստվածամեծարումը կատարում էին ամենայն բծախնդրությամբ. նախ զոհ էին մատուցում Յուպիտերին, օծվելուց հետո ելնում էին Ալբանոյի վրա ՝ առատ նվերներ տալու Ապոլոնին, կեսօրից հետո խնջույք էին կազմակերպում պլեբեյների համար, իսկ երեկոյան բոլորին հրավիրում կրկես ։
Հանդիսության առաջին մասնակիցները երևացին անմիջապես նախաճաշից հետո, ապա մարդկանց հոսքն աստիճանաբար վարարեց և արդեն օրվա չորրորդ ժամին հրապարակն ու տաճարամերձ բակերը բռնված էին մորթե բազմերանգ վերարկուներ հագած քվիրիտներով ։ Պլեբեյներ քիչ էին երևում նրանց մեջ ։
Բազմության շնչից գոլացած օդը հալեցնում էր տանիքների ձյունը, և լճակներ էին առաջացել այստեղ-այնտեղ ։ Բարձրաստիճան մագիստրներն ու մյուս նոբիլները խմբվել էին սյունաշարի ծածկահարթակներում և ստիլոբադի աստիճաններին, ուր գետինը չոր էր ։ Փավնոսի տաճարի բակում պատրիկների ստվար մի խումբ գուշակություններ էր անում սպասվող հանդիսության շքեղության մասին ։ Քիչ այն կողմ Ասիայից նոր վերադարձած, վերքերից լիովին չապաքինված մի կենտուրիոն, որն, իր ասելով, հասել էր Կովկասյան լեռներին, պնդում էր, թե դրանք ամենևին աշխարհի ծայրին չեն, ինչպես հավատացնում են քրմերը, և որ դրանց գագաթներն իսկի էլ չեն հասնում աստղերին ։ Նրան լսում էին անսքող թերահավատությամբ, մի քանիսը ծիծաղում էին քթի տակ, համոզված, որ կենտուրիոնը ստում է ։ Երբ նրան հարցրին Լուկուլլոսի անհաջողությունների մասին, պատասխանեց, որ զորքը սովոր չէր հայկական խստաշունչ ձմռանը, որ գումակը մնացել էր Տավրոսի մյուս կողմում, իսկ վիրավորները շատ էին ու խոցված լինելով թունավորված նետերից ՝ մեռնում էին տանջվելով ։
Երբ Կեսարը Սերգիուսի հետ Կապիտոլիում հասավ, օրվա հինգերորդ ժամն էր արդեն. հրապարակում անվերծանելի, զվարթ աղմուկ էր տիրում, և բազմությունն այնքան խիտ էր, որ անհնար էր առաջանալ որևէ մեկին չհրելով ։ Ողջունելով ծանոթներին ու բարեկամներին ՝ նրանք աչք ածեցին վիգիլներին ։ Պահնորդությունը սովորականից ստվարամարդ էր, և նրանք անհանգստացան ։ Յոթ զինվոր զրահակիր կենտուրիոնի հետ շրջում էին բազմության մեջ, մի ամբողջ ջոկ խմբված էր Յուպիտերի արձանի մոտ, տապարակիր հինգ վիգիլ հսկում էին զոհարանը ։ Պարեկներ էին կարգված նաև ժեմոնիների հարթակներին ։
— Կարգին կռիվ է սպասվում,— շշնջաց Կատիլինան ։ Քվեստորը նրա ձայնի մեջ երկյուղ չնշմարեց ։
Նրանք սկսեցին փնտրել համախոհներին ։ Որքան էլ հրապարակը մարդաշատ էր, Ցեպիոնի խոշոր մարմինը դժվար չէր զանազանել հավաքվածների մեջ. նա ստիլոբադի վրա բարձրաձայն վիճում էր նիհարավուն, ճղճղան ձայնով մի պատրիկի հետ ։ Ողջունելով գլխի խորհդանշանակ շարժումով ՝ Ցեպիոնը հայացքով ցույց տվեց հրապարակի ձախ թևը, որտեղ պատրիկները նկատեցին Լենտուլոսին և Կոռնելիոս Սուլլային, որոնք կասկած չհարուցելու համար կանգնած էին տարբեր խմբերի մոտ ։ Սրանք նշաններով հասկացրին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է ։