Առջևից եկող աղմուկն ընդհատեց ծանր մտքերի ընթացքը. Պորցիևյան բազիլիկայի
մոտ մի խումբ մարդիկ՝ ապակեծածկ ջահեր բռնած, միմյանց գրկած, օրորվում էին ու
երգում։ Նրանց ձեռքին գինու սափորներ էին երևում, և խմում էին՝ արնագույն
հեղուկը ծորեցնելով հագուստին։ Նրանց հետ կիսահարբած պոռնկուհիներ կային։
Կուրիոսի խումբն էր. Կեսարը ճանաչել էր նրանց։ Սատուրնալիայի տոներն
ավարտվել էին մեկ շաբաթ առաջ, բայց քաղաքային սատիրոսների այս խումբը
շարունակում էր օրն անցկացնել անբռնազբոս ուրախության և գինեզեխության մեջ։
Սննկացած պատրիկներից կազմված հարբեցողների, կնամոլների, զառ
խաղացողների այս երամը, որին առաջնորդում էր սենատից վտարված Սերգիուս
Կուրիոսը, լուրջ անհանգստություն էր պատճառում քաղաքին. ոչնչից չերկյուղելով,
նրանք ամենուր անկարգություններ էին հրահրում, խափանում ընտրությունները՝
եթե թեկնածուները հրաժարվում էին ճաշկերույթի հրավիրել իրենց, իսկ վերջերս
Ֆորումում ծեծել էին սենատոր Վարրոնին, երբ նա փորձել էր կարգի հրավիրել
նրանց։
— Օ՜, Գայոսը, ահա և Գայոսը՝ Ֆակտիոի ահուսարսափը. Բաքոսն է նրան ուղարկել
մեզ հյուր,— աղաղակեցին նրանք՝ փակելով պատգարակի ճանապարհը։— Իջի՛ր,
Գայո՛ս, միացի՛ր մեզ, տես՝ ինչ ընտիր շիկահերներ [42] ունենք։
— Ե՛կ, ե՛կ միասին խմենք Մարկոս Կատոնի տհասության կենացը,— կանչեց մեկը և
խումբն անզուսպ հռհռաց։
— Ինչպե՞ս, նա չի՞ իջնում, չի՞ հարգում մեզ՝ իսկական քվիրիտներիս,— բորբոքվեց
երկարահասակ մի պատրիկ՝ տեսնելով, որ Կեսարը չի բարեհաճում անգամ գլուխը
հանել պատգարակից։
— Հեռո՛ւ կանգնեք, կո՞ւյր եք, ի՞նչ է, չե՞ք տեսնում սև ժապավենը,— կանչեց
Ափրոկլեսն ազդու ձայնով։
Պատրիկները վայրկենապես սսկվեցին և, ազատելով ճանապարհը, հայացքով
ուղեկցեցին քվեստորի պատգարակը, մինչև այն թաղվեց խավարի մեջ։
Գլուխ հինգերորդ
Դելփյան Ապոլոնի ոսկեհուռ կառքը վաղուց ելել էր Օվկիանոսից, ու թեև երկիրը
ողողված էր հրե ցոլքերով, այգաբացը սառն էր ու անհրապույր։ Ողջ գիշեր ձյուն էր
եկել, և համատարած ճերմակության վրա Կապիտոլիումի մռայլ ժայռերը ելնում էին
սարսափազդու վեհությամբ. հսկա տաճարները խղճուկ տնակներ էին թվում նրանց
մոտ։
Քաղաքը ծուլորեն արթնանում էր քնից։ Կավե ծխնելույզներից ու հացթուխների
գործատներից սպիտակ ծուխ էր քուլա-քուլա դուրս ժայթքում և անեզր ժապավենի
պես ձգվում երկինք։ Ձյունե շերտը պսպղում էր տանիքների վրա, և քաղաքը
նմանվում էր հազարաբեկոր հայելու։ Գիշերահողմը քշելտարել էր ամպամեգը, և
երկնակամարը ջինջ էր մանկան աչքի պես։ Փողոց մաքրող ստրուկներ էին երևում
այստեղ-այնտեղ, որ լայնաբերան թիերը քսքստացնելով ու միմյանց խանգարելով՝
խլվլում էին մրջյունների նման։ Փավնոսի, Յուպիտերի, Միներվայի տաճարների
հիերոդուլները հասցրել էին մաքրել հրապարակը և խստադեմ քրմերի աչալուրջ
հսկողության ներքո Ժեմոնիներն [43] ազատում էին ձյունեծածկից։ Կարելի էր
հասկանալ նրանց անհանգստությունը. այսօր Կապիտոլիումում օծվելու էին