Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 91

— Հիմա եմ հասկանում, թե ինչու էր նա խուսափում ինձանից,— քվեստորն ափով բռնեց գլուխը։— Սերգիուսն, ինչ խոսք, ըմբոստ է, բայց չէի սպասում, թե նրա համբերությունն այսքան վաղ կսպառվի։— Երբ Ֆակտիոն մերժեց կոնսուլության նրա թեկնածությունը, պատճառաբանելով, թե սենատին ուշ է տեղյակ պահել, նա չդիմացավ այլևս։ Եվ այժմ առաջնորդվում է սոսկ վրեժխնդրությամբ ու ոչ մի պաշտոն չի ակնկալում։ Ապա Կրասոսը ներկայացրեց դավադրության մյուս մասնակիցներին։ Ընտրությունը կատարված էր ծայրաստիճան զգույշ և բոլորը վստահություն էին ներշնչում։ Կեսարն առանց երկմտանքի ցանկություն հայտնեց միանալ դավադիրներին։ — Եվ դու չե՞ս հարցնում, թե ի՞նչ պաշտոն է սպասում քեզ, եթե աստվածները ողորմած լինեն մեր հանդեպ,— հարցրեց Կրասոսը՝ մտերմաբար մտնելով նրա թևը։ — Ես լիովին բավարարված կլինեմ, եթե սենատից վտարվեն Կատոնն ու Ցիցերոնը։ — Համեստ մի՛ ձևացիր,— ասաց ցենզորը՝ ժպտալով։— Քեզ կհանձնվի հանրապետության Հեծելազորի հրամանատարությունը, և դու կկարողանաս պաշտպանել քեզ, թեպետ դրա կարիքն այնժամ չի զգացվի... Ձյունախառն քամին մարել էր բոլոր լապտերները, և քվեստորի պատգարակը մթաթույր փողոցներով առաջանում էր կրիայի արագությամբ՝ ապավինած առջևից քայլող ստրուկի հիշողությանը։ Եկահալ ձյունն ամենուր լճակներ էր առաջացրել, և ստրուկներն անվերջ չրմփացնում էին դրանց մեջ։ Երկրորդ գիշերապահությունը սկսվել էր արդեն։ Խաչմերուկներում պարեկություն անող վիգիլները կասկածանքով էին վերաբերվում քնած քաղաքի փողոցներում միայնակ դեգերող պատգարակին, բայց երբ այն մոտենում էր և ջահերի լույսի տակ երևում էր Հուլիոսների տոհմանշանը, ճանապարհ էին տալիս ակնածանքով, առաջարկում ուղեկցել տուն, որից Գայոսը հրաժարվում էր մեծահոգաբար։ Սալահատակ փողոցների նուրբ ձյունեծածկն իր ետևից վազեցնող գիշերահողմը, փռփռացնելով կերպասե վարագույրները, թափանցում էր պատգարակից ներս, և տաք սրահից ելած քվեստորը դողում էր։ Ատամները լսելի կափկափում էին։ Նա ամուր փաթաթվել էր վերարկուի մեջ, մեջքը հենել փետրե բարձերին, որոնք նրան տարօրինակ սառն էին թվում։ Զուր էր փորձում համոզել իրեն, թե մարմինը բռնած դողը սառը եղանակի հետևանք է միայն։ Որքան էլ ծանր էր, ստիպված էր խոստովանել, որ կույր երկյուղ է համակել իրեն։ Բայց մի՞թե ինքն այլ ելք ունի։ Նա իրեն նմանեցնում էր կռվի ելած գլադիատորի, որը պիտի հրաժեշտ տար երկրային կյանքին կամ արենայից հեռանար հաղթանակած։ Եվ ինչպես գլադիատորին մարտից խուսափել արգելում են շիկացած ծայրակալով նիզակ բռնած լարարիումները, այդպես էլ նրա ետդարձի ուղին փակել էին օր օրի համբերությունը կորցնող պարտատերերը։ Սեփական անձի անվտանգությունից ոչ պակաս նրան մտահոգում էր հարազատների բախտը. ի՞նչ կպատահեր նրանց, ո՞վ սատար կլիներ, եթե Նեմեսիսը երես թեքեր իրենից։ Նա անհանգիստ շարժվում էր բարձերի վրա, ջանում հեռու վանել տանջող մտքերը։ Ապա քաշեց վարագույրը. մթասքող տների հազիվ նշմարվող մռայլ ուրվագծերից զատ ուշադրություն գրավող ոչինչ չկար գիշերային փողոցում։