— Մի կողմ թողնենք այն, որ դու պրովինցիան լքել ես ժամկետից շուտ, սակայն պիտի հայտնի լինի քեզ, որ սենատի կազմը լրիվ է, և ձեզ ընդունելու համար ստիպված եմ լինելու հեռացնել ուրիշներին ։
— Իսկ դու հեռացրո ՛ ւ,— վրա բերեց քվեստորը,— Կատոնը կոնսուլության թեկնածու Լաբիենոսին վտարեց սենատից, ինչ է ՝ նա դստեր ներկայությամբ համբուրել էր կնոջը ։ Իսկ այսօր սենատում մեկ տասնյակ բացահայտ իգամոլներ և հարբեցողներ կան ։ Ես հասկանում եմ քեզ, դու հանդուրժում ես նրանց, որպեսզի նրանք ևս չհարեն հակառակորդներիդ, որոնց թիվը, որքան գիտեմ, փոքր չէ ։
— Սիրում ես ամեն ինչ չափազանցնել,— նկատեց Կրասոսը և մի լայն ժպիտ կնճռոտեց նրա դեմքը ։— Իմ հակառակորդներն այնքան շատ են, որ ոչինչ էական չի փոխվի, եթե նրանց միանան ևս երկու հոգի ։
Ապա, ձեռքը թափ տալով, շարունակեց.
— Լավ, պայմանն ընդունում եմ, բայց սա ոչ այն բանի համար, որ ազդվեցի քո խոսքերից, այլ որպեսզի ինքդ համոզվես, թե որպիսի գարշահոտ ճահիճ է սենատը, և որքան դժվար ՝ անցկացնել այնտեղ որևէ խելացի որոշում ։ Եվ դու, ի վերջո, կիմանաս, թե ինչ նյութից է կերտված Մարկոս Կատոնը ։
— Ինձ ճի ՛ շտ հասկացիր, Կրասո ՛ ս, ես չեմ ընդունվում սենատ ՝ վայելելու բարձր պաշտոնների ընձեռած ազատությունը,— պարզություն մտցրեց Կեսարը,— և ոչ էլ իշխանասիրությունն է իմ խորհրդատուն. առանց այդ էլ շատ են պարտքերս [ 40 ] ։ Բայց ես կուսակալության [ 41 ] հասնելու այլ ուղի չեմ տեսնում ։
— Պրովինցիա ՜, պրովինցիա ՜,— կիսաձայն արտաբերեց Կրասոսը ՝ քայլելով սրահի երկարությամբ ։
— Այո ՛, Կրասո ՛ ս, ոչինչ չես կարող ձեռնարկել, քանի դեռ ձեռքի տակ չունես քեզ նվիրված առնվազն երկու լեգեոն ։ Ինքդ էլ, կարծում եմ, դեմ չես պրովինցիայի. միայն այդ ժամանակ է մարդ իրեն ապահով զգում ։
Կրասոսը երկար ժամանակ լուռ քայլում էր ՝ մտքում կրկնելով քվեստորի վերջին բառերը ։ Հետո դանդաղ ու մտազբաղ մոտենալով նրան ՝ ասաց.
— Վաղը դավադրություն է կազմակերպվելու ։
Անսպասելի լուրից հանկարծակի եկած ՝ Կեսարն արձանացավ մի պահ ՝ կրակոտ հայացքով չափելով ցենզորին, ապա, վերագտնելով իրեն, գոչեց.
— Ահա թե ի ՞ նչ էին հաղորդում երկնային բազում նշանները. երկու օր առաջ կայծակը խփել է Հուսո տաճարին, Ամիտերնայում սպիտակազգեստ ուրվականներ են հայտնվել, իսկ երեկ Պիկենեում քարե կարկուտ է տեղացել... Բայց սպասիր,— Կեսարն իսկույն կնճռոտվեց,— այդ ինչպե ՞ ս պատահեց, որ դավադրության մասին ես և իմ մտերիմները ոչինչ չգիտենք ։
— Մեղավորը ես եմ,― խոստովանեց Կրասոսը ՝ մտերմիկ ժպտալով,— քեզ տեղյակ չեն պահել, քանի որ ես դեմ էի քո մասնակցությանն այս գործին ։
— Եվ ովքե ՞ ր են աջակցում քեզ,— հարցրեց Կեսարը, ու ցենզորն զգաց, որ նա վիրավորված չէ ։
— Դավադրությունը Կատիլինան է ղեկավարում ։