Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 9

— Մեկ շաբաթ է ՝ այսպես անգործ նստած եմ, բայց բազում արշավանքների տառապանքներից խոնջացած մարմինս ուշքի չի գալիս,— Կոտտան հորանջեց, վեր պարզած ձեռքերով կիսաբոլորակ գծեց օդում ու նոր միայն հետաքրքրվեց, թե ինչ գործով է իր մոտ եկել հարգարժան սենատորը ։
Մումերկոսը անհանգիստ նայում էր պրետորի թիկունքում կանգնած ստրուկին և չէր համարձակվում խոսել ։
— Հանգի ՛ ստ եղիր,— ասաց Կոտտան ՝ ի վերջո հասկանալով հապաղման պատճառը,— համր է ։ Քեզ նույնպես խորհուրդ կտամ օգտվել այսպիսիների ծառայությունից. հավատարիմ են շան պես, ամեն ինչ հասկանում են, բայց ոչինչ չեն թռցնում բերանից ։
Մումերկոսը մանրամասն պատմեց ամեն ինչ ՝ սկսելով առավոտյան ճաշկերույթից, որին ներկա էր նաև պրետորը, վերջացնելով Կեսարի փախուստով ։
— Այո ՜,— երկարացրեց տանտերը ՝ առանց ընդհատելու լսելով մինչև վերջ,— լուրջ գործ է ։ Փախչելը, ինչ խոսք, միակ ելքն էր ։ Դա, ճիշտ է, Սուլլային դուր չի գա, բայց մենք ժամանակ կունենաք խորհելու և նրան համոզելու համար ։ Եթե, իհարկե, մինչ այդ պարեկները չբռնեն Կեսարին ։
— Ահա այդ էլ անհանգստացնում է ինձ,— Մումերկոսը գինով լի գավաթը մոտեցրեց շուրթերին և կում արեց ։— Նա համարձակ է խենթի պես, վախենում եմ ՝ չծպտվի, ինչպես հարկն է ։ Երեկ հոխորտում էր, թե կսպանի Սուլլային ։
— Իսկապե ՞ ս,— քրմի տաքարյունությունը դուր եկավ Կոտտային ։— Նրան վերջին անգամ տեսել եմ, եթե չեմ սխալվում, քեզ մոտ ։ Այն ժամանակ նա պրետեքսիան [ 10 ] դեռ չէր ձգել ։
— Իմ սաների մեջ նա ամենաընդունակն էր և ամենատաքարյունը ։ Բայց հիմնականը, որով տարբերվում էր մյուսներից, խիստ ցավագին էր տանում իր կամքի վրա բռնանալու ամեն մի փորձ ։ Մեկ ուրիշը նրա փոխարեն գուցե բաժանվեր կնոջից և խնամիանար Սուլլայի մերձավորներից մեկնումեկին, բայց նա չի անի այդ թեկուզ այն պատճառով, որ իրեն պարտադրում են և զրկում ազատ ընտրության իրավունքից ։
— Իմ մեղքն է,— կարճատև դադարից հետո շարունակեց Մումերկոսը,— եթե նրան դժբախտություն պատահի, միակ մեղավորը ես եմ ։ Նրա սիրտը լցրել էի շուտափույթ հաջողության հասնելու, հասարակության մեջ երևելի դիրք գրավելու մտքերով ։ Քսան տարեկանում նա ընտրվեց Յուպիտերի քուրմ, ուրիշները երեսունում անգամ չեն հասնում դրան, բայց ի ՞ նչ օգուտ ։ Նրա հաջողությունը գրգռեց հակառակորդների նախանձը... և հիմա նա թափառում է Սաբինյան լեռներում ։ Ո ՞ վ կարող էր սպասել, որ ամեն ինչ այսպես տակնուվրա կլիներ ։
Հոգոց հանելով սենատորը զարկեց ծնկներին ։
Կոտտան չարձագանքեց ։ Խոշոր, առնական գլուխը զորեղ կրծքին հակած ՝ նա խորացել էր մտքերի մեջ ։ Այդպես նա հիշեցնում էր Լիսիպոսի [ 11 ] պատկերած Հերակլեսին միայն թե առյուծենու փոխարեն, փաթաթված էր արնագույն կերպասի մեջ ։