Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | страница 8

մտերմություն էր արել Կեսարի հոր հետ, Հռոմ էր վերադարձել մեկ շաբաթ առաջ ։ Քաղաքացիական պատերազմի սկզբին նա Հռոմի ոստիկանապետն էր, հետո մեկնել էր Կիլիկիա, ուր այդ ժամանակ կուսակալ էր Սուլլան ։ Կոտտայի ռազմական ընդունակություններին քաջատեղյակ Սուլլան նրան հանձնարարել էր վետերաններից կազմավորված լիբիական առանձին կոհորտաների հրամանատարությունը ։ Ֆիլոբեոտի մոտ պոնտացիներին գլխովին ջարդելուց հետո Հռոմ շտապող Սուլլան նրան թողել էր Աթենքում ՝ կառավարելու քաղաքը ։ Պոպուլյարներին վերջնականապես հաղթելով ՝ դիկտատորը նրան հրավիրել էր իր մոտ և վստահել պրետորի պաշտոնը ՝ խոստանալով զույգ Իսպանիաների կուսակալությունը ։
Պրետորը նոր էր լոգանք ընդունել և, եգիպտական արնագույն կերպասի մեջ փաթաթված, ննջում էր գավթի ստվերածածկ հարթակում ՝ սյունաշարի մոտ դրված փափուկ գլխադիրով փղոսկրե աթոռին ։ Նրա թիկունքում կանգնել էր քաթանե լայն զգեստ հագած երիտասարդ մի ստրուկ և փետրե հովհարով քշում էր տիրոջ հանգիստը խռովելու փորձ անող մեղուներին ։
Բոլոր կողմերից սյունազարդ ճեմասրահով եզերված պարտեզում ծույլ-ծույլ ղունղունում էին կուշտ սիրամարգերը ՝ երկար, կախ ընկած ագիներով սրբելով կիպարիսի կանոնավոր շարքերի միջով ձգվող ծառուղու խճազարդ հատակի փոշին ։ Թասաձև զույգ ավազաններից քիչ հեռու ՝ մշտադալար ճյուղերը նազելիորեն փռած արմավենիներով, թանձրասաղարթ դափնիներով ու բուրումնավետ պինիաներով կազմված ուղղանկյունաձև բացատի կենտրոնում հաճելիորեն խոխոջում էր Ալբանոյի ստորոտից անագապղնձե խողովակներով պարտեզ հասած կենարար ջուրը, որ քարակերտ առյուծի բաց երախից թափվում էր ամառային ձկնարանի մեջ ։
Պարտեզի զարդը ծաղկանոցն էր ։ Գավթի ողջ պարագծով ՝ վերից վար ակոսներ ունեցող սյուների խարիսխների մոտ, խեցե զամբյուղներ էին դրված, որոնց մեջ փթթում էին դամասկոսյան վարդեր ու նարգիզներ, լինոսներ, մարգարտածաղիկներ ու հիրիկներ, իսկ սյուները կանաչել էին բաղեղի դալար ընձյուղներից ։
Վաղ առավոտյան ծաղկանոցին իջած մեղվապարսի միալար բվվոցը լցնում էր ամառային տապ օրվա դատարկությունը և անդիմադրելի քուն բերում պրեստորի աչքերին ։
Ատրիումի կողմից լսվող թույլ ոտնաձայներն արթնացրին նրան ։ Նա դժկամությամբ բացեց աչքերը ։ Սպասավորների հետ գավիթ մտած սենատորին նկատելով ՝ նա թիկունքում կանգնած ստրուկին կարգադրեց գահույք մատուցել հյուրին ։ Հաճելի լոգանքից ընդարմացած նրա մարմինը համառորեն քնել էր տենչում, և նա կրկին փակեց աչքերը ։ Այդպես կիսաքուն-կիսարթուն մնաց մի քանի վայրկյան, նման կիսատ թողած երազի շարունակությունը տեսնել ցանկացող մարդու, ապա, աչքերը բացելով, ողջույնից հետո հարցրեց.
— Գինի կխմե ՞ ս ։ Մումերկոսը հրաժարվեց ՝ ասելով, որ եկել է կարևոր գործով ։
— Գործին չի խանգարի,— Կոտտան ձեռքով ինչ-որ շարժում արեց ։ Դռների մոտ կանգնած սպասավորը քիչ անց նրան և սենատորին հրամցրեց մեկական գավաթ ֆալերյան գինի ։ Պրետորը ծարավ մարդու կրքոտությամբ խմեց դառը հեղուկը, որը նրան օգնեց թոթափել քունը ։