Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 7

— Օ՜, ամենազո՛ր Յուպիտեր,— բացականչեց նա,— ինչպե՞ս ես հանդուրժում նման արարածի գոյությունը քո հովանու տակ։— Նա ձեռքերը կարկառեց վեր ու անշարժացավ մի պահ. ասես պատասխանի էր սպասում։— Մի՞թե քիչ արյուն հեղեց նա։ Պատրիկական երեք հարյուր տոհմերից մնացել են յոթանասունը, իսկ դա դեռ քի՞չ է նրա համար։ Քուրմը դողում էր ցասումից, կոկորդը սեղմվում էր և բառեր չէր գտնում զայրույթն արտահայտելու համար։ Մումերկոսը լուռ էր, նա սպասում էր անցներ նախկին սանի բարկության զեղումը։ — Եվ ի՞նչ,— րոպեական դադարից հետո շարունակեց քուրմը,— էրիմանթյան այդ վարազն [8] իսկապե՞ս հավատում է, թե հլու-հնազանդ կենթարկվեմ իրեն։ — Ես ամենևին քեզ խորհուրդ չեմ տալիս բաժանվել Կոռնելիայից,— տխուր ձայնով ասաց Մումերկոսը,— բայց Ֆելիքսին լավ եմ ճանաչում։ Աֆրիկայում նրա հետ կռվել եմ նումիդիացիների, Ասիայում՝ պոնտացիների ու հայերի դեմ և գիտեմ, թե ինչերի է նա ընդունակ բարկության պահին։ — Ես կսպանեմ նրան,— քուրմը բորբոքվեց Մումերկոսի խոսքերից և նրա ձեռքերն ակամա բռունցքվեցին, ասես դրանց մեջ դաշույններ կային։— Կսպանեմ հենց այսօր՝ Կրկեսում։ — Չկարողացա,— դժգոհեց Մումերկոսը՝ անհանգիստ շարժվելով բարձերի վրա,― երկու տարում չկարողացա քեզ սովորեցնել սառը դատել։ Տաքարյունությունդ մի օր փորձանք կբերի քեզ։ Դու կսպանես Սուլլային, չեմ կասկածում։ Ով-ով, բայց ես լավ գիտեմ քեզ, սակայն նրան կփոխարինի Կատոնը կամ թեկուզ Ահենոբարբոսը։ Դու կկործանես քեզ, իսկ հանրապետությունը չես փրկի, քանի որ պոպուլյարները ջախջախված են, և չկա մի այլ ուժ, որ ընդունակ լինի դիմագրավել օպտիմատներին։ Ամենախոհեմ քայլը հիմա սպասելն է։ Ներսում շոգ էր, և Մումերկոսն արձակեց տոգան։ — Քաղաքում քո մնալը բացառվում է,— շարունակեց նա,— բախտախնդիրները քեզ կսպանեն հենց այստեղ՝ սրբավայրում, երկու տաղանդի համար նրանք Յուպիտերին էլ կմորթեն։ Հեռացի՛ր, ինչ կարող ես, թաքցրո՛ւ ապահով մի տեղում և հեռացի՛ր։ Հանդարտված քուրմը ծնկի եկավ Մումերկոսի առաջ. — Ես քայլ անգամ չեմ անի տաճարից, եթե իմանամ, որ իմ փախուստով կվտանգվի քո կյանքը։ Մումերկոսն ակնազարդ մատները քնքշորեն մտցրեց նրա շեկ մազերի մեջ, հայրաբար շոյեց գլուխը։ — Հեռացի՛ր հանգիստ խղճով,― հուզված ասաց նա՝ կուլ տալով արցունքները,— ինձ ոչինչ չի պատահի։ Գնա՛ Սաբինյան մարզ. այնտեղ պարեկներ քիչ կան։ Ընտանիքիդ մասին մի՛ մտածիր, նրանց թաքցնելը թող ինձ։ Զգո՛ւյշ եղիր, խենթություններ չանես ճանապարհին։ Գլուխ երկրորդ Հաջորդ օրը՝ դիկտատորի մոտ մեկնելուց առաջ, Մումերկոսը որոշեց այցելել պրետոր [9] Գայոս Կոտտային։ Երևելի այս անձնավորությունը, որ Պերգամոնում