Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | страница 6

զգացվեց ։ Մյուս զորապետերը, որ արգելել էին թալանել իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքները, անկարող եղան օգնել Սուլլային, և նա պարտք վերցրեց Ֆուֆիդիայից ՝ խոստանալով մեկի դեմ վերադարձնել տասը ։ Եվ ահա վերադարձնում էր ՝ բռնագրավելով Ֆուֆիդիայի ցանկությամբ պրոսկրիպցիայի մեջ ընկած քվիրտների ունեցվածքը ։
Աստիճանների երկու կողմերում փայտյա սյուներից դիակներ էին կախված. հնուց եկած սովորույթի համաձայն այդպես էին վարվում անհնազանդ ստրուկների ու հանցագործների հետ ՝ ի տես և ի սարսափ ամենքի ։ Դիակները սկսել էին նեխել, վաղուց ժամանակն էր դրանք Տիբեր նետելու, բայց վիգիլները, չգիտես ինչու, չէին շտապում անել այդ ։
Մումերկոսը բարձրանում էր գլխահակ ՝ աշխատելով չնայել սրտխառնոց առաջացնող այդ տեսարանին ։
Հիմա արդեն աչալուրջ կհետևեն իր ամեն քայլին ։ Թքած ։
Նա ատելությամբ թքեց ոտքերի տակ ։ Միևնույն է, այդպես էլ չեն իմանա, որ ինքը հաջողեցրել է պրոսկրիպցիաների մեջ մտցված բազմաթիվ ընտանիքների փախուստը Հռոմից ։
Նա գոհ էր, որ կարողացավ մեղմել Սուլլայի զայրույթը, այլապես հիմա տաճար կսուրար բախտախնդիրների ամբոխը ։ Բայց և դառնացած էր, քանի որ վստահ էր, որ Կեսարը չի համաձայնի սեփական անձը փրկելու համար փողոց հանել աշխարհի վրա այլևս ոչ մի հարազատ չունեցող կնոջը ՝ երեխայի հետ միասին ։
Տաճարի մոտ նա կրկին շունչ առավ, ապա ձեռքերը լվաց սրբազան ջրով և խոնավ ափերը սահեցրեց ալեխառն մազերի ու քրտնած դեմքի կնճիռների վրայով ։ Ծայրաստիճան մտազբաղ ՝ չնկատեց ՝ ինչպես աստիճանաշար ելավ ձախ ոտքով. այլապես տաճար չէր մտնի ։
Ներսում զոհաբերություն էր կատարվում ։ Զոհասեղաններից մեկին անշնչացած ընկած էր պսակներով ու ժապավեններով զարդարված սևաբուրդ մի ամիկ ։ Ամբողջովին սպիտակ, մինչ գետին հասնող լայն շրջազգեստով քուրմը օրհնված մեղրագինի էր հրամցրել զոհ մատուցող պատրիկին, և սա, կում անելով, գավաթի պարունակությունը հեղեց անասունի վրա ։
Նկատելով հևացող Էմիլիոսին ՝ քուրմը հասկացավ, որ կատարվել է սարսափելի մի բան, այլապես սենատորը հենց այնպես Կապիտոլիում չէր բարձրանա ։ Պատրիկին ճանապարհելով ՝ նա լվաց ալրոտված ձեռքերը, սրբվեց ու Մումերկոսին ուղեկցեց օպիսթոդոմուս ՝ տաճարի ետնատուն ։ Տեղավորվելով հակնթագույն ծածկոցով կաղնեփայտե բազմոցին ՝ Էմիլիոսը հոգնած ոտքերից ձգեց սենատորական ալ կարմիր մաշիկները, ջուր խնդրեց և ծարավը հագեցնելուց հետո պատմեց սպառնացող վտանգի մասին ։
Քուրմը սկզբում լսում էր բավականին հանգիստ ։ Նա սպասում էր, որ վաղ թե ուշ կմտաբերեն Մարիուսի հետ ունեցած իր ազգակցական կապը ։ Բայց երբ Մումերկոսը հայտնեց դիկտատորի պայմանը, նա փոթորկվեց վայրկենապես, աչքերը բոցկլտացին զայրույթից ։