սկսած նորընտիր կոնսուլներից մինչև ամենահետին ստրուկը, իրենց պարտքն էին համարում Աքերոնի այն ափն ուղարկել երբևիցե իրենց անձը վիրավորած համաքաղաքացիներին ։ Արյունամոլ և դրամատենչ մի խումբ անձանց ազդեցության տակ Սուլլան մահապարտների ցուցակում ՝ պրոսկրիպցիայի մեջ, մտցնում էր բոլորովին անմեղ մարդկանց, ովքեր հարուստ էին, գեղեցիկ տուն, վիլլա կամ կին ունեին ։ Այս խայտառակության գագաթնակետը հանդիսացավ պրոսկրիպցիաների մեջ ընկածներին սպանողների համար երկու տաղանդ պարգևի սահմանումը ։
Եվ սպանում էին ցերեկով թե ՛ գիշերով, ֆորումում, թե ՛ նրբանցքներում, տաճարներում, թե ՛ կրկեսում ։ Կնոջ մոտ սպանում էին ամուսնուն, մոր մոտ կոտորում զավակներին, ստրուկը սպանում էր տիրոջը, հարևանը ՝ հարևանին ։ Բախտախնդիրների ստվար մի խումբ գիշերում էր ֆորումում, որպեսզի առավոտ կանուխ իմանալով պրոսկրիպցիաների մեջ մտցված նոր անունները ՝ առաջինն իրենք դաշույնը խրեն զոհի սիրտը և տիրանան բաղձալի տաղանդներին ։
Հասնելով Մեծ կրկես ՝ Մումերկոսը նոր միայն հասկացավ, թե ինչպիսի անմտություն էր պատգարակը տուն ուղարկելը. բոլորովին մտազբաղ, մոռացել էր, որ Յուպիտերի քուրմն այս ժամին չէր կարող տանը լինել ։ Նա ետ դարձավ ու Սերվիոս Տուլլիոսի պարսպի երկարությամբ գնաց դեպի Կապիտոլիում ։
Սուլլայի լեգեոններն այս կողմից էին քաղաք մտել, և այստեղ ամբողջ թաղամասեր մոխրացած էին հիմնովին ։ Փողոցներում գրեթե շարժում չկար, երբեմն֊երբեմն թափառական շներ էին երևում ու ցնցոտիավոր մուրացկաններ, որոնք շրջում էին լքված տներում ՝ անտեր մնացած մառաններում որևէ ուտելիք գտնելու հույսով ։
Տներից մեկի մոտ սենատորը կանգ առավ, ծխնիներից պոկված դարպասը ճիգով հրեց մի կողմ ու ներս մտավ ։ Ավերված, երբեմնի շքեղ բակում մեռելային լռություն էր տիրում ։ Մարմարյա արձանիկներն անգթորեն ջարդոտված էին, մի քանի օր մոլեգնած հրդեհից պատշգամբը պահող սյունաշարի խոյակներն էին միայն զերծ մնացել մրոտվելուց ։ Ամեն ինչ տակնուվրա էր արված, ավազանիկները լցված էին պատառոտված շորերով ու ջարդված իրերի կտորտանքներով ։ Սենյակներից անթաղ դիակի հոտ էր գալիս ։ Նախկին բարետես առանձնատնից, ուր բազմիցս հաճելի երեկոներ էր անցկացրել նա, որպես հուշ մնացել էին միայն պարսպի երկարությամբ ձգված արնագույն-կարմիր մոլոշավարդերի հրաշքով չտրորված թփերը ։
Մի կերպ զսպելով ցավագին պառթկումը ՝ Մումերկոսը ելավ փողոց, ուր քիչ մնաց ոտնատակ տար գլխատված մի դիակ ։
Երկար քայլելուց նա հևում էր ։ Կապիտոլիում տանող աստիճանների մոտ դադար առավ, շունչը տեղը բերեց, ապա, տոգայի փեշերը հավաքելով, դանդաղաքայլ բարձրացավ բլուրն ի վեր ։
Նա համոզված էր, որ Ֆուֆիդիան ՝ այդ հաստափոր լեգատն [ 7 ] էր լուր տարել Սուլլային ՝ ցանկանալով ոչ այնքան քրմի մահը, որքան վարկաբեկել իրեն դիկտատորի մոտ ։ Իսկ գուցե և ընդհանրապե ՞ ս հեռացնել ասպարեզից ։
Իր և Ֆուֆիդիայի միջև անհաշտությունն սկիզբ էր առել դեռևս Կիլիկիայում, ուր ներկայիս լեգատն աչքի էր ընկել աննախադեպ ագահությամբ և հպատակների հանդեպ գործադրած բռնությամբ ։ Սուլլան ևս բարյացակամ չէր Ֆուֆիդիայի նկատմամբ, բայց պատահեց այնպես, որ կոնսուլների դեմ լրացուցիչ լեգեոններ հավաքագրելու համար շտապ կարգով երկու հազար տաղանդ ոսկու կարիք