Կեսարը բոլորովին չշփոթվեց և պատասխանեց սառնասրտորեն.— Գուցե և բանը դրան էլ հասնի ։
Քվեստորի անբռնազբոս պահվածքից Կրասոսը փոթորկվեց մի պահ և սևեռուն հայացքով նայելով նրա աչքերի մեջ ՝ մեկ կամեցավ սպառնալ, որ իր տունն անմիջապես չազատելու դեպքում ստիպված կլինի պառակտիչ այս քայլի մասին տեղյակ պահել պրետորներին, բայց գերադասեց չշտապել ՝ մտածելով, որ մերժելը երբեք ուշ չի լինի, բացի այդ նրան դուր էր գալիս քվեստորի համարձակությունը ։
Կեսարի նրբանկատ հայացքից չվրիպեց ցենզորին համակած հոգեկան ալեկոծությունը և երբ վերջապես Կրասոսի աչքերը նախկին զարմանքախառն հետաքրքրասիրության արտահայտությունն ստացան, խոսեց մի այնպիսի բնական հանգստությամբ, ասես տանտերն իրեն հարց էր տվել և այս ողջ ընթացքում պատասխանի էր սպասում.
— Այսօրվա իմ ծրագրերն ավելի շատ տոգորված են Նեմեսիսի, քան Ապոլոնի շնչով, և գուցե պակասում է ինձ ողջախոհությունը, ու թերևս մեծամտի տպավորություն կթողնեմ ՝ խոսելով դրանց մասին, բայց ես Կոռնելիայի դիակի առջև երդվել եմ կործանել Ֆակտիոն ։
— Հանդուգն ես,— ասաց Կրասոսը ՝ ճեմելով տաբիլինումի երկայնքով, հետո գլուխն օրորելով ՝ ավելացրեց,— թերևս, սպասելի էր ։ Երբ ինձ տեղեկացրին, որ Կոռնելիայի թաղմանը խախտել ես ծիսակարգը և դամբանական արտասանել, երդվում եմ Զևսով, չհավատացի ։ Մի տեսնեիր ՝ ինչպես էր գազազել Ֆուֆիդիան. եթե սգի մեջ չլինեիր, սրբապղծության մեղադրանքով նա պատառ-պատառ անել կտար քեզ ։
Նրա ձայնի մեջ նախկին սառն անտարբերությունը չկար, և դա ուրախացրեց Կեսարին ։
Կրասոսը կանգ առավ լուսամուտի մոտ և մտախոհ նայեց դուրս ՝ ինչ որ բանի մասին լրջորեն մտածելով ։
Սկսել էր ձյուն գալ ։ Քամի չկար, և մեղմիկ օրորվող փաթիլներն անէանում էին ՝ հպվելով կղմինդրածածկ տանիքներին ու պարտեզի տերևազուրկ ծառերին, լույսի ձգտող թիթեռնիկների նման բախվում էին լուսամուտներին ու հալվելով արցունքի նման ծորում ցած ։
— Բայց ինչո ՞ ւ շտապել ՝ վտանգելով կյանքը,— հարցրեց Կրասոսը ՝ հեռանալով լուսամուտից ։— Ինչո ՞ ւ անհանգստանալ և մտածել դավարության մասին, երբ ժամանակն ամեն ինչ կկարգավորի ։ Դու նվաճել ես ժողովրդի համակրանքը, և նա պաշտում է քեզ...
— Համակրա ՜ նք,— հեգնանքով ասաց Կեսարը ՝ կռահելով ցենզորի մտքի հետագա ընթացքը ։— Միայն ինձ է հայտնի ՝ որքան արժեցավ այդ համակրանքը ։ Ես վատնեցի ողջ ունեցվածքս, և դա դեռ ոչինչ. այսօր պարտք եմ տաս միլիոն դենարե և դրանից ազատվելու ոչ մի ուղի չեմ տեսնում ։ Նրանք այսօր սիրում են ինձ, իսկ վաղն անառակ կնոջ նման քարշ կգան մեկ ուրիշի ետևից, ով ավելի առատաձեռն կլինի և ավելի ճոխ ներկայացումներ կկազմակերպի նրանց անհագ հետաքրքրասիրությունը բավարարելու համար ։ Եվ կմոռանան նրանք ինձ այնպես, ինչպես մոռացան իրենց բարերար Մարիուսին ։ Գիտեմ ՝ դու նրան չես սիրում, բայց նա չէ ՞ ր, որ պլեբեյներին իրավունք տվեց զինվորագրվել բանակին ։ Կարծում ես ՝ հիշո ՞ ւմ է նրան գոնե մի