Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 87

արժանացնի, եթե Սպարտակը չսպառնար կործանել հանրապետությունը։ Նրանց անհրաժեշտ էին քո ռազմական ընդունակությունները և նրանք հմտորեն օգտվեցին դրանից, ինչպես այսօր օգտագործում են Ցիցերոնին։ Իսկ երբ վտանգը վերացվեց, նրանց շատ շուտ մոռացան քեզ։ Առաջարկելով ցենզորի, ինչ խոսք, բավականին բարձր և սուրբ պաշտոնը, նրանք շատ խորամանկ ձևով քեզ հեռացրին արենայից։ Այժմ դու քո երկու լիկտորներից զատ ոչ մի ուրիշ զինվոր չունես, և ի՞նչ երաշխիք, որ վաղը նրանք չեն վարվի քեզ հետ այնպես, ինչպես տասնհինգ տարի առաջ բազմաթիվ ազնիվ քվիրիտների հետ վարվում էր երբեմնի նրանց տիրակալը։ — Ու հավատա,— շարունակեց Կեսարը՝ գրեթե դադար չտալով,— ոչ ոք չի փորձի փրկել քեզ, ոչ ոք չի հիշի հանրապետությանը մատուցած ծառայություններդ։ Հիմա դու անպաշտպան ես ինձ նման և, կարծում եմ, երկուստեք շահած կլինենք, եթե մի կողմ թողնենք մինչ այսօր միմյանց հանդեպ տածած անբարյացակամությունն ու անվստահությունը և փորձենք ուժին դիմագրավել ուժով։ «Նա մեծ դերասան է կամ անսահման անկեղծ»,— մտածեց Կրասոսը՝ գինի լցնելով գավաթների մեջ։ Կեսարը հրաժարվեց խմել։ Այս հանդիպումից շատ բան էր կախված և նա գերադասեց միտքը պահել գերզգոն վիճակում։ Նրան թվում էր, թե իր խոսքերը սպասելի ներգործությունը չեն ունենում և գտավ, որ ժամն է մեջտեղ բերելու գլխավոր խայծը։ Նա շունչ առավ և, մտքերը ժողովելով, ասաց. — Կամ ինչպե՞ս կարող ես մոռանալ, որ Սպարտակին հաղթեցիր դու, Մագնիան ոչնչացրեց ստրուկների ցաքուցրիվ, անզորավար ջոկատները, բայց Ֆակտիոն, որից դու համառորեն չես ուզում դժգոհել, նրան, որ չուներ ո՛չ քո համարձակությունը, ո՛չ վճռականությունը, և որի հայրն իր թեթև վարքով աննախանձելի համբավ ուներ Քաղաքում, արժանացրեց եռօրյա տրիումֆի, իսկ քեզ՝ Լուցիոսների հնագույն տոհմի ներկայացուցչին, նշանավոր ցենզորի որդուն՝ համեստ օվացիայի։ Պոմպեոսի անունը լսելով՝ Կրասոսը գունատվեց մումիայի պես և ոտքի ելավ. մի ակնթարթում նա վերապրեց այն խայտառակությունը, որ բաժին հասավ իրեն ծանր զրկանքների գնով Սպարտակին հաղթելուց հետո։ Նա ջանում էր հուզմունքի ոչ մի նշան ցույց չտալ, բայց թավ հոնքերի տակ ծվարած նրա խորաթափանց աչքերում չարագույժ կայծեր էին փայլում։ Իսկ Կեսարը, ներքին հրճվանք ապրելով, շարունակեց աղ ցանել նրա վերքերին և խոսքն առաջ տարավ այնպիսի տոնով, ասես ոչինչ չէր նկատում. — Դու, որ Հռոմուլոսի ժողովրդին անգնահատելի ծառայություններ ես մատուցել, չես արժանացել թեկուզ անբարեբեր պրովինցիայի, և դա այն պատճառով, որ Ֆակտիոի անբան փափկամարմինները չեն կարող թույլ տալ որևէ մեկը փառքով ու պատվով գերազանցի իրենց։ Նրանց ձեռնտու է կուսակալ նշանակել ապաշնորհ մեկին, թեկուզ այդ մեկը մեծ վնաս հասցնի գանձարանին, բայց ոչ քեզ նման խիզախ այրին, որը, դրոշի տակ ունենալով մեկ-երկու լեգեոն, ոչ միայն բարեհաջող կկառավարեր պրովինցիան, այլև հռոմեական զենքի պատիվը կտարածեր նորանոր երկրներում։ Կրասոսը շրջվեց և նրան նայում էր այնպես, ինչպես նայում են այն անծանոթին, որի դեմքին հարազատ գծեր տեսնելով, փորձում են ճանաչել։ — Դու, ի՞նչ է, եկել ես ինձ դավադրությա՞ն դրդելու,— հանկարծ հարցրեց նա՝ ուշադիր հետևելով Կեսարի դեմքի արտահայտությանը։