Կրասոսն անփույթ թեքվել էր բազմոցի թևին և Կեսարին նայում էր մի տեսակ
անտարբերությամբ, որից քվեստորն ավելի էր բորբոքվում։
— Դու չես վստահում ինձ, Կրասո՛ս, և ես հասկանում եմ այդ։ Բայց ո՞րն է իմ մեղքը
հարազատներիդ մահվան մեջ, և հետո ես բոլորովին չեմ ուզում արդարացնել
Մարիուսին, բայց պատերազմ էր...
Կրասոսը վայրկենապես լրջացավ, ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց Կեսարն առաջ
անցավ նրանից.
— Ես չեմ ուզում հանգստաբեր և բարեհաճ խոսքեր ասել քեզ կամ երդվել
աստվածների ու մյուս սրբությունների անուններով, որ չկասկածես իմ
անկեղծությանը և վստահես ինձ. վստահությունը սին խոսքերից չի ծնվում։ Ցավոք,
ես չեմ կարող հիշատակել այնպիսի մի դեպք, իմ կողմից արված որևէ քայլ, որ
հավատ ներշնչեր քեզ։ Բայց դրանում քիչ է մեղքի իմ բաժինը, քանի որ սկզբից ևեթ
արժանացել եմ քո հակակրանքին, իսկ շողոքորթելու հատկությամբ աստվածները
չեն օժտել ինձ։
— Հիմա ես կտամ քեզ հուզող հարցի պատասխանը, Կրասոս,— քվեստորի ձայնը մի
պահ դողաց հուզմունքից։ Ես եկել եմ միաբանության առաքելությամբ։
Կրասոսը դիրքը փոխեց բազմոցի վրա։
— Մենք երկուսս էլ ապավինած ենք սոսկ մեր հոգու կարողությանը, Կրասո՛ս, և
օգնություն չենք ակնկալում ո՛չ աստվածներից, ո՛չ սենատից, և ամենակարևորը՝
մենք ունենք ընդհանուր թշնամի։
— Այո՛, Կրասո՛ս,— շարունակեց Կեսարը՝ տանտիրոջ դեմքին զարմանքախառն
հետաքրքրասիրություն նկատելով,— որքան էլ չցանկանանք խոստովանել, մենք
խանդատի միևնույն կողմում ենք և մեր տարանջատությունը ձեռնտու է միայն մեր
հակառակորդներին։
— Ինչ-որ բան չեմ հասկանում,— ասաց ցենզորը բավականին չոր։
Կեսարը սպասում էր նման արձագանքի։
— Դու խուսափում ես, Մարկո՛ս, և ես հասկանում եմ քեզ։ Մեծանուն ցենզորին
ամենևին պատիվ չի բերի դառնալ համախոհը նշանակալի ոչինչ չարած ինչ-որ մի
քվեստորի, որը մեծ խառնակչի և անմիտ արկածախնդրի անուն է վաստակել
Քաղաքում։ Այո՛, ես փառք չունեմ,— և ո՞վ կարող է համեմատվել հանրապետության
փրկչի հետ,— բայց ես կարող եմ մեծապես օգնել քեզ Ֆակտիոյի դեմ պայքարում. որ
դու չես համակրում նրանց, գաղտնիք չէ ոչ մեկի համար։
— Մեր հարաբերություններն ամենևին թշնամական չեն, ինչպես թվացել է քեզ։
— Չես ուզում անկեղծ լինել ինձ հետ, Մարկո՛ս,— դժգոհեց Կեսարը,— դա քո
իրավունքն է։ Բայց երդվում եմ Կոռնելիայի ուրվականով, այդպես չէ. դու ստիպում
ես ինձ հակառակն ապացուցել։ Իսկ ինչո՞ւ։ Ինչպե՞ս կարող ես դու՝ պատվախնդիր
այրդ, թշնամորեն չտրամադրվել նրանց հանդեպ, ովքեր Ֆելիքսի մահից հետո մինչ
այսօր միայն անախորժություններ են պատճառել քեզ։ Դու, իհարկե, կվկայակոչես ոչ
վաղ անցյալում Ցամաքային զորքերի գերագույն հրամանատար լինելդ կամ վեց
հարյուր յոթանասուն թվականի կոնսուլությունդ։ Բայց ամենևին հարկավոր չէ
իմաստուն լինել՝ հասկանալու համար, որ Ֆակտիոն քեզ նման պատվի չէր