Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 85

պատանու նման, ամենազոր Քրոնոսը չէր հանդգնում կամ թե ափսոսում էր դիպչել ողջ Հռոմին հայտնի նրա հզոր կեցվածքին, և նա Կեսարի առջև կանգնած էր իր ողջ վեհությամբ ՝ ձիգ և անսասան, ինչպես Արեսը ։ Նրա հագուստի ոսկե զարդերը պսպղում էին աստղափնջերի նման, նրա մազերն օծված էին մավրիտանական արմավենու յուղով և փայլում էին նուրբ կապույտ ցոլքերով ։ Մկանակուռ բազուկները կրծքին խաչած ՝ նա քվեստորին նայում էր խուզարկու հայացքով ։
Տաբիլինում այնքան էլ լուսավոր չէր, և վիթխարահասակ ստրուկը տիրոջ նշանով վառեց կանթեղների խուրձը, որ բրոնզե շղթաներով կախված էր առաստաղից ։ Սրահը լցվեց այրվող խունկի անուշ բույրով ։
— Հայտնի ՛ ր, որ գինի բերեն մեզ,— կարգադրեց Կրասոսը, հետո նայեց հյուրի կողմը. գուցե թե նա որևէ այլ բան կամենա ։
— Ես կնախընտրեի լեսբոսյան, կարմիր,— համեստություն չարեց Կեսարը ։ Ստրուկը դուրս եկավ ։
Զննելով տաբիլինումը ՝ Կեսարն ակամա ուշադրություն դարձրեց գորգածածկ պատը բռնած զենքերի հավաքածուին և անկեղծորեն գովեց տանտիրոջ ճաշակը ։ Կրասոսը հպարտանում էր իր հավաքածուով, որի մեջ անգամ Սերվիոս Տուլլիոսի սուրը կար, այնպես որ նրան հաճելի էր գովեստի խոսքեր լսել արվեստի մոլի երկրպագուի անուն վայելող քվեստորի շուրթերից ։ Ոգևորված նա պատից իջեցրեց բավականին մեծ մի սուր ։
— Սպարտակինն է,— ասաց ՝ սուրը մեկնելով հյուրին ։
Կեսարը ձեռքն առավ այն, շոշափեց ոսկեդրվագ երախակալը, բթամատով ստուգեց շեղբի սրությունը, հետո, սուրը Կրասոսին հանձնելով, ասաց.
— Հասարակ իր չէ սա, այլ խորհրդանիշը Կրասոսների տոհմի հավերժության...
Ներս մտած սպասավորն ընդհատեց նրան ։ Մեկական գավաթ գինի հրամցնելով մեծատոհմիկներին ՝ ստրուկը գլուխը կախ առժամանակ սպասեց նոր կարգադրության, բայց ոչինչ չլսելով, սափորը դրեց սեղանին և անշշուկ անհետացավ վարագույրի ետևում ։
Կրասոսը գինին խմում էր փոքր կումերով, հյուրասիրությունից դրդված ՝ հարցուփորձ անում իսպանական քվեստուրայից, բայց պատասխանները գրեթե չէր լսում, քանի որ միտքը բռնված էր գուշակությամբ. նա կամենում էր վայրկյան առաջ իմանալ անհրավեր այցելության պատճառը ։
« Մի ՞ թե ամեն ինչ հայտնի է նրան,— մտածում էր ցենզորը ՝ ձևացնելով, թե իրեն անչափ հետաքրքրում է Աստուրիայում տիրող քաղաքական իրավիճակը ։— Ո ՞ վ է տեղյակ պահել, և ի ՞ նչ նպատակով է նա եկել ինձ մոտ »։
— Մեծարգո ցենզորին անշուշտ հանգիստ չի տալիս այցելությանս պատճառը,— քվեստորը հանկարծ դադարեց պատմել և, մի կողմ դնելով գավաթը, շարունակեց,— և պարզ է ՝ ինչու. մենք երբեք չենք առնչվել և արհամարհանքից զատ այլ զգացմունք չենք տածել միմյանց հանդեպ ։ Բայց ինձ Հռոմի ամենաշքեղ ինսուլան է բերել ամենևին ոչ ատելությունը կամ թե արհամարհանքը, և ոտք չէի դնի այստեղ ՝ խանգարելով լարերիդ սուրբ հանգիստը, եթե դրան ինձ չմղեր լուծում պահանջող մի հարց, որն, իմ խորին համոզմամբ, հուզում է նաև քեզ ։