Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 84

վրայով սահող մարգարտաշար վզնոցը կրծքի համաչափ զարկերից պսպղում էր ձյունեփաթիլի նման ։ Նրանից փոքր հեռու ՝ երկկանթ ծաղկամանի մոտ, որի մեջ նարգիզներ էին փթթում, սիրունատես ստրկուհին տավիղ էր նվագում ։ Սեսիլիան փակել էր աչքերը, նրա քնքուշ ձեռքերը հանգչում էին հագուստի տակից աղոտ նշմարվող բարեձև ազդրերին. սանդալների ոսկեթել քուղերը, զույգ օձերի նման գալարվելով, ընդգրկում էին նրա քանդակածո սրունքները ։
Անծանոթ հյուրին նկատելով ՝ ստրկուհին դադարեց նվագել և ոտքի ելնելով, մի կողմ քաշվեց ։ Սեսիլիան դանդաղորեն բացեց աչքերը և հանկարծակի խշշոցից անհանգստացած եղնիկի հայացքով շուրջը նայեց ։ Քվեստորին նկատելով ՝ նրան համակած շփոթմունքը փոխարինվեց զուսպ հիացումով. սև տոգայի մեջ Գայոսը հմայիչ էր. նրա մաշկի ողորկ ճերմակությունն ավելի էր ընդգծվել, վշտից նիհարած դեմքը դարձել էր խիստ և առնական, ոսկեշեկ հոնքերի տակ թաքնված աչքերի մեջ հեզ թախծի արտահայտություն կար, և Սեսիլիայի սիրտն ափեափ լցվեց ակամա ծնունդ առած գորովանքով ։
Խոնարհաբար ողջունելով ՝ Կեսարը ներում խնդրեց ՝ իր անհրավեր այցով ազնվազարմ մատրոնայի հանգիստը խռովելու համար, սակայն Սեսիլիան, սևեռուն հայացքը նրա աչքերից չկտրելով, պատասխանեց, թե ամենևին հարկ չկա ներում խնդրելու, և որ իրենք միշտ ուրախ կլինեն հյուրընկալել Հուլիոսների հնագույն տոհմի ներկայացուցչին ։
Նրա աչքերում բոցկլտացող հուր կար, և Կեսարը շիկնեց իրեն զննող հայացքից ։
Քաղաքում լուրեր էին պտտվում, թե Սեսիլիան դավաճանում է ամուսնուն, թե նա Սուբուռայում, ըստ այլ լուրերի ՝ Էքսիլենում, ամուսնուց թաքուն տուն է գնել, ուր և տեսակցում է սիրեկանների հետ ։ Գայոսը մի առանձին հավատ չէր տածում այդ ասեկոսեների հանդեպ ՝ դրանք համարելով Կրասոսի թշնամիների սարքած հերյուրանքներ ։
Նորեն գլուխ տալով ՝ Կեսարը լուռ հետևեց սպասավորին, որը նրան առաջնորդեց տաբիլինում ։
Սեսիլիան հայացքով ուղեկցեց նրանց և, երբ տղամարդիկ անհետացան ծիրանեգույն վարագույրի ետևում, ազատ արձակեց ստրկուհուն, իսկ ինքը, հերակալից իջնող արծաթափայլ շղարշի եզրերը մարմարե հատակին սահեցնելով, մեկուսացավ զարդասենյակում ։ Հայելու մեջ երկար զննեց իրեն, հետո թույլ ժպտաց, և կրակներ առկայծեցին նրա աչքերում ։
— Թող ների ինձ պատվարժան ցենզորը անպատեհ այցելությանս համար,— աջը սրտին դնելով ՝ Կեսարը գլխի թեթևակի խոնարհումով ողջունեցտանտիրոջը ։— Ես չէի դիմի այս քայլին, եթե երկուսիս համար խիստ կարևոր մի հարց չանհանգստացներ ինձ ։
Կրասոսը նրա ողջույնին պատասխանեց առանց սառնության նշույլի, ապա, հավուր պատշաճի, ցավակցեց Կոռնելիայի մահվան առթիվ ։
Ոսկե գամերով ու շղթայիկներով որմզդեղնի սպիտակ կաշվե զգեստն ամուր սեղմում էր նրա հզոր կուրծքը և ավարտվում մերկ ծնկներից վեր, սպիներով ծածկված պիրկ բազուկները վկայում էին նրա անցած մարտական փառավոր ուղու մասին ։ Չնայած առաջացած տարիքին ՝ նա թարմ էր ռազմարվեստի դպրոցը նոր ավարտած