Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 83

Երբ նոմենկլատորը զեկուցեց, որ հյուր է եկել Գայոս Կեսարը, ցենզոր Մարկոս Կրասոսը խայթվածի պես ելավ բազմոցից ։ Քվեստորին նա չէր հրավիրել. դաշնակցական պատերազմի տարիներին Մարիուսի հրամանով սպանվել էին նրա հարազատները, և նա անբարյացակամորեն էր վերաբերվում երիտասարդ Հուլիոսին, խուսափում էր նրա հետ շփվելուց ։
Զարմանքախառն հայացքով րոպեաչափ նայելով կարգադրության սպասող ստրուկին ՝ նա, ի վերջո, հրամայեց ներս հրավիրել քվեստորին ։ Մնալով մենակ ՝ ձեռքի մագաղաթը նետեց նոճեփայտե մեծ սեղանին և անհանգիստ քայլեց սրահում ՝ գլուխը տարուբերելով ու բարձրաձայն մտածելով.
— Տարօրինակ է... և ինչո ՞ ւ անպայման այսօր...
Նախասրահի սպասավորները հյուրի ուսերից առան վագրենու երկար, անթև վերարկուն, և նա մնաց սև տոգայով, որ սգո նշան էր ։ Հետո նումիդիացու արտաքինով վիթխարահասակ ստրուկի ուղեկցությամբ առաջացավ երկու կարգ լամպերով առատորեն լուսավորված նախասենյակով, որի պատերի երկայնքով ցածր պատվանդաններին դրված էին տանտիրոջ նախնիների արձանները, և հայտնվեց ընդարձակ ատրիումում ։ Երդիկից ներս թափանցող վերջալույսն անզոր էր փարատել թանձրացող խավարը, և բազմաթիվ ջահեր էին վառվում զանգվածեղ առաստաղը պահող սյուների վրա ու անկյուններում ։ Աջ կողմից փղոսկրապատ վեց դռներ էին բացվում ննջարանների վրա, մյուս թևում ՝ նեղ, անդուռ մուտքի ետևում, անցուդարձ անող ստրուկներ էին երևում ։ Մարմարածածկ պատերից կախված էր ոսկե շուրջառներով նկարների հարուստ հավաքածու. այստեղ կարելի էր տեսնել պտուղներ և հասկեր բռնած պառավ Ֆիդեսին, երկանիվ ռազմակառքին թևավոր վիշապներ լծած Տրիպտոլեմոսին, և Վիրտոսին ՝ լիազեն ամազոնուհու կերպարանքով ։ Հավաքածուի զարդը Մելեագրոսի և Ատալանտայի զուգավորումը պատկերող մեծադրվագ կտավն էր, որը վեց միլիոն սեստերցիումով Կրասոսը գնել էր Պտղոմեոս թագավորից ։ Սուլլայի օրոք չնչին գներով ձեռք բերելով մահապարտների տները ՝ Կրասոսը տիրացել էր Հռոմի գրեթե կեսին ։ Հունաստանից, Հոնիայից և Հռոդոսից բերելով հինգ հարյուր ճարտարապետ ստրուկներ ՝ նա այդ ընդարձակ տարածքի վրա կառուցել էր հրաշագեղ ու վիթխարի մի առանձնատուն ՝ անթիվ սենյակներով, շրջապատված ծաղկազարդ պարտեզներով, լողավազաններով, ձկնարաններով ու պորտիկներով ։ Ցենզորը տիրում էր արծաթի տասնյակ հանքերի, Լուզիտանիայում նրա ստրուկները ոսկի էին արդյունահանում, Օստիայի ճանապարհին բարեբեր հողեր ուներ, բայց իր հարստության գերակշիռ մասը ձեռք էր գցել Ասիայում և Հունաստանում Սուլլայի վարած պատերազմների ժամանակ ։
Հայտնվելով շքեղորեն, ճաշակով կահավորված էքսեդրումում ՝ Կեսարը նկատեց մետաքսապատ որմնախորշում նստած տանտիրուհուն ։ Օջախի դեղնակարմիր լույսն աշխուժորեն խաղում էր նրա շպարված դեմքին, կոր գծերով արտացոլվում էր ոսկե ականջագինդերի ու ադամանդյա կրծքազարդերի վրա, և դրանք շողարձակում էին ինչպես փոքր արեգակներ ։ Զույգ խնկամաններից սպիտակ ծխի անուշաբույր քուլաներ էին ելնում վեր, և սրահը բռնած մեղմ կաթնամշուշի մեջ Սեսիլիան նմանվում էր լեռնային չքնաղ նիմփայի ։ Նա հագել էր ականակիտ եզրազարդերով ծովագույն հանդերձներ, մոխրագույն փարթամ վարսերը բրգաձև հավաքված էին ծոծրակից վեր, ուր պահվում էին ոսկյա զույգ հերակալներով. այդպես նրա երկար, ցորնագույն պարանոցն ավելի էր ընդգծվում, իսկ նրբորեն գծագրված անրակների