Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 82

իր ամառանոցը։ Բայց սա դեռ փրկություն չէր. նա տաս միլիոնի պարտք ուներ և սարսափով էր պատկերացնում, թե ինչ կլիներ իր վիճակը, եթե Ֆակտիոին հաջողվեր հրահրել բոլոր պարտատերերին։ Նրան այլ ելք չէր մնում և, կամենալով մեկ հարվածով ետ բերել ողջ կորցրածը, վճռեց գործ հարուցել Կատոնի դեմ, թեև ներքին մի ձայն նրան հուշում էր, որ աստվածները, որոնք մինչ այդ անտարբեր էին եղել իր հանդեպ, բարեհաճ չեն լինի նաև այս անգամ։ Կամքի մեծագույն լարումով խլացնելով այդ ձայնը՝ նա մեկնեց Հունաստան՝ փաստեր հավաքելու Կատոնի դեմ։ Այդտեղից նա անցավ Փռյուգիա, ուր ժամանակին ծառայել էր սենատի ներկայիս նախագահը։ Բայց վերադառնալով Հռոմ՝ համոզվեց, որ անզոր է մարդը, և անիմաստ են նրա բոլոր մաքառումները, իսկ ձեռնարկումները՝ դատապարտված կործանման, եթե ճակատագիրը երես է թեքել նրանից։ Այս վերջին պարտությունից հետո նրան հիասթափություն տիրեց, և նա ընկղմվեց խորին հուսալքության գիրկը, ուր, երազանքների շողշողուն ցոլքերից զերծ մռայլ օրերի լաբիրինթոսում ցավագար մղկտում էր անբուժելի փառատենչ հոգին, և ակամա սիրտ էր սողոսկում օշինդրի պես դառը մի միտք, որ գալիս էր փրկելու այն հետագա տանջանքներից, քանզի ա՛յն աշխարհում տեղ չկա ո՛չ ուրախություն, ո՛չ տառապանքի համար։ Ինչո՞ւ էր ինքը վստահ, թե իր մուտքը կլինի շռնդալից, և Բախտի դիցուհին չի հասցնի հետևել իրեն։ Ինչո՞ւ էր համոզված, թե կանի առաջին քայլը, և ամբոխը, զգալով իր կատարյալությունը, կընդունի իրեն որպես աստվածային կայծ կրողի։ Ի՜նչ հիմարություն, մանկական ի՜նչ միամտություն՝ համարել իրեն արտասովոր ծնունդ՝ կոչված սոսկ մեծագործությունների համար, և ինչպիսի համառություն՝ շարան-շարան ձախողումներից հետո շարունակել հավատալ և համոզել իրեն, թե այս ամենը սոսկ փորձություն է, սեփական ուժերի քննություն, թե անհաջողություններն անուրջներն ինքնավստահության աստղաբույլերից մաքրելու համար են և անցողիկ, թե այդ դժվարությունները, կատոնները, պիզոնները, բիբուլոսները նույնպես անցողիկ են, և ոչինչ ու ոչ ոք չի կարող փակել դեպի փառք տանող իր ուղին։ Նա խորշում էր սեփական անկարողությունից, և չկար հոգեկան ուժի թաքուն պահված չխաթարված գոնե մի բեկոր, որից կարելի լիներ կառչել։ Գուցե վերուց սահմանվա՞ծ է, որ ինքը կհեռանա այս աշխարհից որպես հասարակ մահկանացու՝ ոչ մի հետք չթողնելով իր ետևից, և իրեն ևս կվերաբերի՞ Սապֆոյի հեգնանքը. «Մահից հետո ձեզ սպասում է մոռացության խավարը»։ Նա սոսկում էր այս մտքից։ Ցավ, ցավ և անվերջ ցավ. ո՞ւր է հապա բավականությունը, էլ ինչո՞ւ է Սոկրատեսը պնդում, թե այս երկուսը կապված են միմյանց, և եթե հյուր է գալիս մեկը, անպայմանորեն կայցելի և մյուսը։ Այսպիսի ծանր հոգեվիճակում էր, երբ ճակատագիրը հասցրեց հերթական հարվածը. Կոռնելիան մահացավ։ Գլուխ չորրորդ