բարձունքի ստորոտում հանդիպելով միմյանց ՝ նրանք թշշացին ջրի մեջ գցված տաք արճճի նման, բայց նրանց միջև հայտնված վիգիլները կանխեցին ընդհարումը ։
Կատոնը ոտքի ելավ, և թանձր լռությունը, սահելով բարձունքից, դանդաղ տարածվեց հրապարակի վրա ՝ արձանացնելով մարդկանց և խլացնելով ամեն շշուկ ։
Ֆուֆիդիան աստվածներին անհաճո ոչինչ չէր գտել, և ժողովը սկսվեց ։ Լաբիենոսն ամենայն մանրամասնությամբ հավաքվածներին պատմեց ոչ հեռավոր անցյալում քաղաքին տիրած խառնաշփոթի և Սատուրնոսի սպանության մասին, ապա հրապարակեց դատավորի որոշումը ։ Երբ նա ավարտեց խոսքը, շատերը ծափահարեցին, առավել տաքարյունները պահանջեցին անհապաղ հենց Ֆորումում խաչել Ռաբիրիուսին ։ Ցիցերոնի ջանքերը, ժամանակի խառնաշփոթությունը վկայակոչելով, արդարացնել Ռաբիրիուսին, մի փոքր հանգստացրին նրանց, բայց երբ հայտարարվեց, թե կխոսի Սատուրնոսի լիկտորը, ամենքը սսկվեցին և շունչը պահեցին, իսկ Ֆակտիոն, հանկարծակիի գալով, գունատվել էր ագալմատոլիթե արձանի պես ։ Ժողովուրդը լիկտորին լսում էր հափշտակությամբ, նրանց հայացքները հետզհետե կերպարանափոխվում և դառնում էին ցասումնալից, ու երբ լիկտորն ավարտեց խոսքը, և ամենքին հայտնի դարձավ, թե որպիսի դաժանությամբ է սպանվել Սատուրնոսը, նրանք աղմուկով պահանջեցին անմիջապես անցնել քվեարկության և, չկամենալով այլևս ոչ մեկին լսել, մղվեցին դեպի քվեատուփերը ։ Սակայն բոլորովին անսպասելի դրոշն իջեցվեց, որ նշանակում էր ժողովի ցրում ։ Կատոնի այս որոշումն ընդունվեց սուլոցներով ու հայհոյանքների տարափով, վեճեր ծագեցին այստեղ-այնտեղ ։ Արգիլետի վրա երկու հարյուր հեծյալ վիգիլներ երևացին և հավաքվածներին նեղեցին դեպի նրբանցքները ։ Սատուրնոսի հարազատները նետվեցին դեպի Կատոնը, և կռիվ ընկավ կողմերի միջև, նստարաններ շպրտեցին միմյանց վրա, բանը հասավ ձեռնակռվի, դաշույններ փայլեցին ջղաձիգ բռունցքներում ։
Կեսարին տուն բերին երեկոյան ՝ ամբողջովին գզգզված ու վիրավորված թևից ։ Վերքը խոր չէր, բայց խառնաշփոթի մեջ չէր զգացել այն և արյունաքամ էր եղել ։
Մումերկոսը խորհուրդ էր տալիս այլևս ոչինչ չձեռնարկել և սպասել հայկական պատերազմի ավարտին. Լուկուլլոսի բանակում կռվող վետերանները ծառայությունն սկսել էին նրա մոտ, և ծեր սենատորը հույս ուներ ստանալ նրանց աջակցությունը ։ Բայց Հայաստանից անուրախ լուրեր էին հասնում, իսկ էլ ավելի բորբոքված վրեժխնդրության կրակը հանգիստ չէր տալիս Կեսարին, վիրավորված արժանապատվությունը մղում էր չկշռադատված քայլերի ։ Լիովին չապաքինված ՝ նա գործ հարուցեց Ահենոբարբի, Սկիպիոնի, ապա նաև Դոլաբելլայի դեմ, բայց երեքն էլ տանուլ տվեց ։
Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում շահել գոնե մի դատ և սրտի կսկիծով էր նկատում, թե ինչպես է կորցնում տարիների տառապանքով ձեռք բերած հեղինակությունը. կլիենտները սկսել էին կասկածանքով վերաբերվել նրան, գալլական ցեղապետերն այլևս հաճույքով չէին պարտք տալիս ՝ համոզված չլինելով, թե նա կկարողանա պաշտպանել իրենց շահերը ։ Ավելին, նրանցից ոմանք համառորեն պահանջում էին վերադարձնել պարտքը և սպառնում էին դիմել դատարան ։ Տեղեկանալով այդ մասին ՝ Պիզոնը նրանց առաջարկեց իր օգնությունը ՝ գործ հարուցել Կեսարի դեմ, և հայտնի չէ ՝ ինչով կավարտվեր այս ամենը, եթե Մումերկոսը նրան չտրամադրեր քսանհինգ տաղանդ ՝ ոսկով ։ Պարտքի մի մասն էլ ինքը փակեց ՝ վաճառելով Տիբուրի