փորելով Մարսյան դաշտը և ջուր բերելով Տիբերից, երեսուն հին քվադրիրեմ նորոգեց, գնեց հազար գլադիատոր, և հռոմեացիք, հարմարավետ ամֆիթատրոնում նստած, ականատես եղան ահեղ ճակատամարտի ։
Ամբողջ մեկ ամիս քաղաքն այդ մասին էր խոսում ։ Հետո նա մեծ կրկեսի արենան եզերեց լայն խրամատով, Նեղոսից կոկորդիլոսներ բերեց ու բնակեցրեց այնտեղ, և այժմ սպանված գլադիատորներին քարշ չէին տալիս կուլիսների ետևը, այլ նետում էին խանդակների մեջ, և սառնասիրտ ամբոխը բավականության ճիչերով նայում էր ՝ ինչպես էին կիսվում ստրուկների դիակները կանաչ հրեշների երախներում, ինչպես էին նրանց ոսկորները փշրվում փխրուն կահավողի նման ։
Նա խստագույն բծախնդրությամբ սկսեց հետևել իր արտաքինին, առասպելական գներով ձեռք գցեց քաղաքի ամենահմուտ դերձակներին, և սրանք մեկը մյուսից շքեղ զգեստներ էին կարում նրա համար ։ Ոսկե շղարշներ էին կախված նրա պատգարակից, չորսի փոխարեն այն կրում էին վեց ստրուկներ ՝ ամբողջովին պճնազարդ, իսկ մի յոթերորդ ստրուկ տասական աս էր բաժանում պատահող կարիքավորներին ։ Հասարակական վայրերում երևում էր իրեն համակրող պատանիների խմբի հետ, որոնք ամեն ինչում ձգտում էին նմանվել իրենց կուռքին և պատրաստ էին պատառոտել յուրաքանչյուրին, ով խեթ կնայեր նրան ։
Նա հաճույքով արվեստի գործեր էր հավաքում ու զարդարում սրահներն ու ննջարանները, գեղեցիկ ու գիտնական ստրուկների համար այնպիսի չտեսնվածչլսված գներ էր վճարում, որպիսին չէր կարող իրեն թույլ տալ ասիական ամենահարուստ թագավորն անգամ ։
Նրա մոտ գալիս էին աղքատ պլեբեյներ, բազմանդամ ընտանիքների հայրեր, խեղանդամ զինվորներ, և նա գոհացնում էր բոլորին ։
Ծովահեններից առնված հարստությունը սպառվեց, բայց դա ամենևին չանհանգստացրեց նրան. կես միլիոն դենարե պարտք վերցնելով Պոլիոնից ՝ նա հոր հիշատակը հավերժացնելու համար լիովին բարեկարգեց Սրբազան փողոցը, վեց նավ հացահատիկ բերեց Եգիպտոսից և ձրի բաժանեց աղքատներին ։
Ափրոկլեսը գալլական ցեղապետերից պարտքով երկու միլիոն դենարե բերեց, որով նա նոր տուն կառուցեց Չորրորդ հատվածում, երեսպատեց փարոսյան մարմարով, իսկ հինը նվիրեց քրոջը ։
Բոլոր կուռքերը մոռացության էին մատնվել. Կատոնի համարձակությունն ու վարքի խստությունն այլևս չէր գերում ամբոխին, Ցիցերոնի ելույթները սկսել էին ճոռոմ ու ձանձրալի թվալ նրանց, անգամ հայկական պատերազմն էր դարձել անհետաքրքիր ու տաղտուկ մի բան, և Ասիայից հասնող լուրերն առաջվա պես քամուց արագ չէին ողողում քաղաքը ։ Եվ ժողովուրդն անհամբեր սպասման մեջ էր, թե ինչ նոր բան կհորիներ Կեսարը, ինչով կզվարճացներ իրենց ։ Ոչ մի զբաղմունք չունեցող և ամեն աշխատանք արհամարհող պլեբսը լուսաբացից մեղվապարսի նման թանձրթանձր իջնում էր Չորրորդ հատվածի վրա և Կեսարի հայտնվելուն պես շրջապատում էր նրա պատգարակը և ուղեկցում ՝ այդ կերպ երախտահատույց լինելով նրա անսահման հոգածությանը ։ Եվ արդեն իրենք էին իրենց բարերարին խնդրում որևէ գործ ձեռնարկել, որպեսզի առիթ լիներ իրենց քվեներով ապացուցելու իրենց նվիրվածությունը նրան ։ Բայց քանի որ նա սենատոր չէր, բարձր պաշտոններին հավակնել չէր կարող ։