Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 76

կանգնեցրեց երթը և իսպանացի օգնականներին խնդրեց ուղեկցել իրեն, իսկ նրանք պատասխանեցին, թե Ալեքսանդրին այցի գնում են մենակ ։
Տաճարի բակում ոչ ոք չկար ։ Զոհասեղանի մոտ, հզոր գլուխը թաթերին հենած, անխռով մեկնվել էին ասորական զույգ առյուծներ ։ Գազաններն ուշք չդարձրին քվեստորին, և, ներս մտնելով, նա հայտնվեց բոլորաձև սրահում ։ Այստեղ նույնպես ոչ ոք չկար ։ Նեղ մի դուռ բացվում էր սրահի վրա, որը քվեստորին դուրս բերեց կիսամութ, երկար միջանցք ։ Հատակը հազիվ էր երևում, կանթեղների շարքերը հետզհետե նոսրանում էին, և թանձրացող խավարը կլանում էր ամեն ինչ ։ Նա լուռ առաջանում էր միջանցքով ։ Գորշ պատերի վրայով ստվերներ էին սահում, որ նմանվում էին առասպելական թռչունների ուրվականների. պայտած մույկերի չքչքոցն արձագանքվում էր անբնականորեն ուժգին. միջանցքն աստիճանաբար խորանում էր գետնի մեջ, և այս ամենը երկյուղախառն ու խորհրդավոր ապրումներ էր ծնում նրա հոգում ։ Հանկարծ նրան թվաց, որ ինքը մենակ չէ ։ Կանգ առավ և շուրջը նայեց ։ Սյուքի պես մի բան անցավ գլխավերևով, նրան թվաց, թե թույլ թևաբախյուն լսեց, և կանթեղները միանգամից մարեցին ։ Ծանր շնչառության ձայներ լսվեցին, փափուկ ինչ-որ բան քսվեց նրա սրունքներին ։ Նա ձեռքն ակամա տարավ դեպի գոտին, և սառը քրտինք պատեց նրան. դաշունակալը դատարկ էր ։ Նա սեղմվեց պատին, իսկ այն սարսափազդու մռնչոցով ետ գնաց, ու նա աչքերը կկոցեց չկուրանալու համար ։ Նա հայտնվել էր հարյուրավոր կանթեղներով ու ջահերով լուսավորված ընդարձակ սրահում, որի կենտրոնում ՝ մարմարե ճերմակ գահավորակին, բազմել էր Ալեքսանդրը ։ Ոսկեդրվագ դիադեմով զարդարված նրա գլուխը մի փոքր ետ էր ընկած, կեցվածքի մեջ գոռոզություն չկար, հայացքն էլ տիրական չէր, ինչպես պատկերում էին նրան մյուս քանդակագործները, ավելին, նրա դեմքին պաղել էր մեղմ թախիծ, որն ընդգծում էր նրա մեծահոգությունը ։
Ալեքսանդրի ոտքերի մոտ մեկնվել էին նույն երկու առյուծները, իսկ նրանց թաթերի մոտ ընկած էր իր դաշույնը ։ Կեսարն ակնածանքով ծնկի եկավ արձանի առաջ և գլուխը հպեց նրա ծնկներին ՝ որպես ամենակարող աստծո ։ Միայն այդժամ նա նկատեց, որ հատակին մարմարի աննշան փոքր կտորներից ինչ-որ պատկեր է արված ։ Ոտքի ելնելով ՝ ետ-ետ գնաց ու իր առջև տեսավ հրաշալի մի խճանկար, որը սրահ մտնելիս չէր նկատել կուրացուցիչ լույսի պատճառով ։ Սպիտակի և շագանակագույնի տարբեր երանգներով պատկերված էր Ալեքսանդրի և Դարեհի մարտը Իսոսի մոտ, որ կրկնօրինակումն էր Փիլոքսենեսի կտավի ։ Մարմարի փոքր բեկորներով, այնքան փոքր, որ չէր զանազանվում գծերի ընդհատությունը, պատկերված էին ռազմիկների ալեկոծված դեմքեր, ծառս եղած նժույգներ, սպանվածների գետնատարած մարմիններ, արմունկներին հենված վիրավորներ, մարտադաշտի վրա ճախրող նիզակներ, այստեղ-այնտեղ թափված զենքերի կույտեր ։ Խճանկարի կենտրոնից մի փոքր աջ ՝ մարտնչողների խճճված կույտի վրա, բարձրանում էր ոսկեձույլ մարտակառքի մեջ կանգնած Դարեհը ՝ սև, խիտ մորուքով, գլխին արքայական խույր ։ Նա սարսափով նայում էր կռվողների միջով դեպի իրեն եկող Ալեքսանդրին ու ջախջախված պարթևական զորքին ։ Նրա կառավարն անխնա դաղում էր նժույգներին ։ Փախչող Դարեհին Ալեքսանդրը նայում էր լայն բացված աչքերով, շուրթերն ամուր սեղմված էին, նրա սաղավարտն ընկել էր ցած, և սև գիսակները ծածանվում էին քամուց, որից փողփողում էին նաև նրա թիկնոցն ու դրոշը ։ Զորավարների միջև թավալվում էին վիրավոր նժույգներ, շուռ եկած կառքերը փակել էին բոլոր ուղիները ։ Անկարող հասնել նահանջող Դարեհին ՝ Ալեքսանդրը