— Ահա՜ թե ինչ,— Պոլիոնը շշմել էր անակնկալ նորույթից։— Իսկ ես, հիմարս,
կարծում էի գործ ունեմ ամենասովորական սատիրոսների հետ, այնինչ ...
Նրանք լուռ նժույգավարեցին։ Պոլիոնը, խիստ մտազբաղ, նայում էր հեռուն։ Կեսարն
ու Ռուֆիոնը հետևում էին նրա դեմքի արտահայտությանը։
— Տապալել Ֆակտիոն, ցրել ծերակույտը — սա, իհարկե, քո նախաձեռնությունն է,
Կեսա՛ր. Ասիայից քո վերադարձից հետո Քաղաքը նմանվում է փոթորկուն ծովի,—
վերջապես խոսեց Պոլիոնը։— Հանդուգն միտք է և այն գրավում է ինձ. ես վաղուց
ձանձրացել եմ հոգուս և մարմնիս տարանջատման պահի սպասումով օրերս վատնել
անիմաստ և երազում էի դուրս գալ անգործության թմբիրից, որևէ բան ձեռնարկել,
բարի, թե չար, միայն թե կյանքն այսպես քարացած չմնար։ Բայց դուք Ֆակտիոի հետ
կարգին չեք շփվել և չգիտեք որքան հզոր է այսօր այն։
— Չկա՛ մի ուժ, որի դեմ անհնար լինի պայքարել, Պոլիո՛ն,— ասաց Կեսարը։
Պոլիոնին գործերն Աֆրիկա տարան. ծովահեններն այնտեղ բռնագրավել էին նրա
նավերից մեկը։ Ռուֆիոնն իր լեգեոնի հետ անցավ Կիմբրիա, Օպիոսը մեկնեց նրա
հետ։ Մարկոս Անտոնիոսին կուսակալը գործուղեց Բուգոդի մոտ։ Սկսվեց
հարկահավաքի տաղտկալի ու երկարատև շրջանը։ Կեսարը շաբաթներով թրև էր
գալիս ավանից ավան, գյուղից գյուղ՝ մահու չափ զզված պրովինցիայի միապաղաղ
կյանքից, ուր ո՛չ կռիվ կար, ո՛չ պայքար. երկյուղում էր, թե մի օր կմեռնի
ձանձրույթից որևէ մի հեռավոր շենի ճանապարհին։ Նրա հոգին տակնուվրա էր
լինում, փորձում էր օրը լցնել որևէ զբաղմունքով, բայց ոչինչ չէր գրավում նրան, և
ժամանակը հոսում էր անտանելի դանդաղ, օրերի անվերջանալի երթը ձգվում էր
առասպելական պիթոնի նման, ու թվում էր քվեստորության երկու տարին երբեք չի
լրանա և բաղձալի ազատությունը չի գա այդպես էլ։ Նրա ուշքն ու միտքը Հռոմում էր.
մտորում էր ընտանիքի, մտերիմների, կիսատ մնացած գործերի մասին։ Իսկ
Ֆակտիոի դեմ պայքարը դառնում էր բացահայտ. քաղաքից լուրեր էին հասնում, թե
նոր հուզումներ են սկսվել և որ Կատիլինան սենատում ելույթ է ունեցել ու
պահանջել պաշտոնազրկել Սուլլայի բոլոր զինակիցներին։ Նրա համար ծանր էր
հանդիսատեսի նման կողքից նայել այդ ամենին, նրա համբերությունը սպառվում էր
և հազիվ էր զսպում իրեն՝ չփախչել պրովինցիայից։ Սետաբում նրան լուր բերեցին,
թե Կոռնելիան լուրջ հիվանդ է։ Դա անչափ վշտացրեց նրան։ Կոռնելիան նրան
պատկերանում էր անկողնուն գամված, գունատ, տեսնում էր տառապանքի մլարով
պատված նրա աչքերը, որոնք նրան վրեժխնդրության էին կոչում. նա ներքուստ
համոզված էր, որ հիվանդության պատճառն այս կամ այն չափով նաև իր
ընտանիքին վիճակված զրկանքներն ու հոգեկան ծանր ապրումներն են։ Ավելի էր
բորբոքվում ատելությունը Ֆակտիոի հանդեպ, և նա այն վերացնելու պլաններ էր
կազմում։
Մի անգամ՝ հարկահավաք ջոկատի հետ Գադեսում շրջելիս, բլուրներից մեկի վրա
նա ոսկետանիք մի տաճար նկատեց, որ շողշողում էր իրիկնամուտի վարդագույն
ցոլքերից։
― Ի՞նչ տաճար է,— հարցրեց ուղեկիցներին։
Սրանք նախ զարմացան, որ քվեստորը դեռ չի եղել այնտեղ, հետո բացատրեցին, որ
տաճարը կառուցել է Նեարքոսը [39] և հիմա այնտեղ է գտնվում Լիսիպոսից մնացած
Ալեքսանդրի միակ արձանը։ Մակեդոնացու անունը լսելով՝ նա խորապես հուզվեց,