Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 74

— Մեզ ՝ Էնեասի [ 38 ] հետնորդներիս, բոլորովին չեն գեղեցկացնում մեղմությունն ու գթասրտությունը ։
Ամեն անգամ, երբ Պոլիոնը պատրաստվում էր մորթել ստրուկներին, Ռուֆիոնը դուրս էր գալիս սրահից. նա այդ անում էր ոչ թե խղճահարությունից, այլ խուսափում էր արյան հոտից, որից նրա մոտ սրտխառնոց էր սկսվում ՝ պատճառ դառնալով անտանելի գլխացավի, այնքան անտանելի, որ նա հաճախ ծնկի էր գալիս և ափերով գլուխը բռնած գալարվում. այդպիսի պահերին նրա մտքով անցնում էր վերջ տալ կյանքին և ազատել իրեն դժոխային տանջանքներից, և գուցե այդպես էլ վարվեր, եթե ամեն անգամ օգնություն չհասներ ազատարձակը ՝ բանիմաց և բարեկիրթ մի հույն, և ուժով խմեցներ գինեմրուրի նմանվող դառնահամ ինչ-որ հեղուկ, որի պատրաստման գաղտնիքն ինքը գիտեր ու մեկ էլ, թերևս, Էսկուլապիոսը ։
Պոլիոնների տոհմին Սուլլան չէր դիպել ։ Սենատական վերնախավն անբարեհաճ չէր երիտասարդ և տաքարյուն ոսկեարդյունաբերողի հանդեպ ու ներողամիտ հոր պես փորձում էր չտեսնելու տալ նրա « չարաճճիությունները », քանի որ Աղինիոսը թունդ լատինասեր լինելով ՝ շատ անգամ հանրապետությունը հանել էր ֆինանսական դժվարություններից ։ Ցենզորները երբեմն-երբեմն նրան սպառնում էին վտարել սենատից, բայց ամենքին պարզ էր, որ դրանով Ֆակտիոն կամենում էր նրան հիշեցնել, որ ամեն ինչից զատ կա նաև սենատ և որ նա պարտավոր է հաշվի նստել իրենց հետ ։
Նա միակ սենատորն էր, որ նստաշրջանների ընթացքում իրեն թույլ էր տալիս հեռանալ քաղաքից առանց այդ մասին տեղյակ պահելու պրինցեպսին. ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում, քանի որ նա երբեք ելույթ չէր ունենում և չէր խառնվում հանրապետության գործերին ։
Հյուրընկալության հինգերորդ օրը ՝ կամենալով դաժանության նոր դաս տալ հյուրերին, Պոլիոնը նրանց հրավիրեց Լուզիտանիայում գտնվող ոսկեհանքերից մեկը, ասելով, որ շքեղություն սիրող ամեն ոք պարտավոր է իմանալ ինչպես է արդյունահանվում ոսկին ։
Նա հրավիրել էր նաև իսպանացիներին, որոնց ներկայությունը Կեսարն ու Ռուֆիոնն ընդունեցին վատ քողարկված տհաճությամբ ։ Ճանապարհին Պոլիոնն անվերջ գովում էր իր թխաբաշ նժույգին, և պատրիկները նշաններ փոխանակելով ՝ առաջարկեցին մրցել երեքով ։ Երբ հեռացան այնքան, որ ոչ ոք չէր կարող տեսնել ու լսել իրենց, Կեսարն ու Ռուֆիոնը դանդաղեցրին ընթացքը ։ Կարծելով նրանց նժույգները հոգնել են, Պոլիոնը սկսեց կատաղել, ասելով, թե ասիացեղ իր հովատակին Բուկեփալոսն անգամ չէր հաղթի ։ Բայց հայրենակիցների մտախոհ դեմքերը տեսնելով, լրջացավ ։
— Խնջույքների հանդեպ ունեցած սերը չէ մեզ բերել քեզ մոտ, Աղիոնիոս,— խոսեց Ռուֆիոնը ՝ նայելով զարմիկի աչքերի մեջ,— այլ մտահոգությունը մեր թշվառ հայրենիքի վաղվա օրվա համար ։
Պոլիոնի համար այս ամենն անսպասելի էր, և նա ապշած նայում էր մեկ Կեսարին, մեկ Ռուֆիոնին ։
— Սուլլայից հետո ոչինչ չի փոխվել,— շարունակեց Ռուֆիոնը,— և ոչ ոք չի կարող երաշխավորել, թե սարսափելի մղձավանջը չի կրկնվի այլևս ։ Եվ ահա մենք ՝ ազնվական տների մի քանի ներկայացուցիչներ, վերածնել ենք Մարիուսի կուսակցությունը և... մեր առջև խնդիր ենք դրել տապալել Ֆակտիոն ։