անբախտ մի փախստակ է, որին բռնել և վերադարձնում են տիրոջը ։ Ասում են ՝ նա իր մարմինը վարժեցրել է ամեն փորձության և սնվում է միայն շաբաթ օրերին, ջուր բոլորովին չի խմում և ծարավը հագեցնում է լոտոսի արմտիքով ։
― Իսկ ի ՞ նչ դիրք է բռնել նա ։
— Սրբազան պատվիրանների նման պաշտում է օպտիմատների ծրագրերը և դեմ է ամեն կարգի նորամուծության ։
— Մռայլադեմ այդ ժուժկալը լուրջ մտահոգություններ կպատճառի մեզ,— ասաց Կեսարը ՝ րոպեական լռությունից հետո ։— Գուշակությամբ վաղուց չեմ զբաղվել, բայց ինձ թվում է, նա կդառնա առաջին օպտիմատը և հանրապետության բախտը գուցե թե կախված լինի նրա տրամադրությունից. քսանյոթ տարեկանում ո ՛ չ ես, ո ՛ չ դու, Ռուֆիո ՛ ն, այդպիսի ճանաչում չունեինք ասիական քաղաքներում ։
— Ֆակտիոն չտեսնված ջերմությամբ է շրջապատել նրան. Քաղաք գալուն պես նրան ընդունել են սենատ, իսկ Կատոնն առաջարկել է դստեր ձեռքը ։
— Զարմանալի ոչինչ չկա,— Կեսարը հոգոց հանեց,— արքայադուստրերը հուսալի դաշնությունների համար են ։ Զորավոր այս միջոցը Ֆակտիոն չի հորինել, բայց օգտվում է դրանից հմտորեն ։ Ուշադրություն դարձրու ՝ Կատոնը Ցելերի քենակալն է, Գայոս Անտոնիոսը ՝ Դոլաբելլայի փեսան, Բիբուլոսը ՝ Կատոնի ։ Փորձիր նեղել նրանցից որևէ մեկին և նրանք քո դեմ կելնեն միասնաբար ։
Ռուֆիոնը շրջվեց պարտեզի կողմը և արմունկով հենվեց սյանը ։ Նրա անորոշ հայացքը րոպեաչափ թափառեց պարտեզի վրա, հետո նա հանկարծ բռունցքով հարվածեց զրահին ՝ գոչելով.
— Հարկավոր է ինչ-որ բան անել, Կեսա ՛ ր. ինչո ՞ վ ենք տարբերվում մեր ստրուկներից, որոնց սիրում ենք ծանակել անճարակության համար ։ Կյանքը հավերժ չէ, մենք սոսկ անցորդ ենք այս աշխարհում, էլ ինչո ՞ ւ մեր ճամփան անցնենք գլխահակ... Գայո ՛ ս, ես չեմ եկել այստեղ Բախտից դժգոհելու և կարեկցանք լսելու. ոչնչացնել է պետք գայլերի այդ ոհմակը ։
— Շատե ՞ րն են տեղյակ մտադրություններիդ,— հարցրեց Կեսարը ՝ ձեռքը մտերմաբար դնելով պրեֆեկտի ուսին ։
— Եթե աստվածներն ինձ օժտած չլինեին ծայրաստիճան գաղտնապահությամբ, հոգիս վաղուց վերադարձած կլիներ նրանց մոտ,— պատասխանեց Ռուֆիոնը ։
Նրանք շարունակեցին քայլել ։ Երբ հասան կողաշենքին, պարտեզից այն կողմ վարժանք անող մանիպուլներ երևացին. ճերմակ նժույգ հեծած տրիբունի հատու հրամանները հասնում էին պատշգամբ ։
— Լսիր ՝ ինչ կասեմ,— ասաց Ռուֆիոնը տրիբունին ճանաչելու զուր փորձից հետո,― ժամանակը չէ ՞ արդյոք վերածնելու Մարիուսի և Սիննայի կուսակցությունը ։
— Կուսակցությունն արդեն գործում է,— պատասխանեց Կեսարը ՝ զգուշանալով, ասես մարմարե արձանները կարող էին ունկնդրել իրեն ։
— Դու այդ լո ՞ ւրջ ես ասում,— Ռուֆիոնին մոլեգին ուրախություն համակեց և նրա աչքերը բոցավառվեցին զույգ կանթեղների նման ։ Նա գրկեց ընկերոջն ու, չհավատալով ունկերին, հարցը կրկնեց ։