— Այդ ի ՞ նչ սխրանք ես գործել, Գայոս, ասում են ՝ մի օր Հռոմն արթնացել ու քար է կտրել զարմանքից ՝ Կապիտոլիումում տեսնելով Մարիուսի ոսկեձույլ արձանը ։
— Մի ՛ հիշեցրու այդ մասին,— Կեսարը թույլ ժպտաց ։— Մեջքովս միջատներ են վազում, երբ մտաբերում եմ այդ գիշերը ։ Կարծում ես հե ՞ շտ էր այն ձյունապատ լանջով վիգիլներից թաքուն բլրագագաթ հասցնել ։ Երկու ստրուկ կորցրի ես այնտեղ, ինքս հրաշքով պրծա գերանների տակ ճզմվելուց ։
— Վերջին ասը կտայի ՝ Կատոնի սփրթնած դեմքն այդ առավոտ տեսնելու համար,— բացականչեց Ռուֆիոնը հրճվանքով, ապա ավելացրեց լրջորեն.
— Բայց նրանք չեն ների քեզ, Գայո ՛ ս ։
— Նույն առավոտյան նրանք ինձ կուրիա հրավիրեցին, և ես այնտեղից ողջ դուրս չէի գա, եթե ժողովուրդը չպաշարեր շենքը ։
Հուշիկ քայլերով նրանց ընդառաջ եկավ Կեսարի սպասավորը ՝ առաջարկելով մեկական գավաթ գինի ։ Քվեստորը հրաժարվեց նրա ծառայությունից, իսկ Ռուֆիոնը դառը հեղուկը խմեց մեծագույն բավականությամբ, ասելով, որ երկարատև ճամփորդությունից կոկորդը չորացել է, ինչպես Մանլիուսի ջրանցույցը վերջին երաշտի ժամանակ ։
— Ի ՞ նչ կա Քաղաքում,— հետաքրքրվեց Կեսարը, երբ կրկին մնացին երկուսով ։
— Առաջվա նման հաստափոր դրամափոխներն ու վաճառականներն ավելի մեծ թիվ են կազմում ֆորումում, քան հանրապետության բախտով անկեղծորեն հետաքրքրվողները ։ Նոր սկսված պատերազմի վիճակն են քննարկում. տեղյակ ես անշուշտ, որ Լուկուլլոսը, չստանալով սենատի համաձայնությունը, առանց Ֆեցիալների օրհնության մտել է Տիգրանի թագավորությունը ։ Ֆակտիոն նրան ուզում էր հետ կանչել, բայց ամեն ինչ խափանվեց, երբ Լուկուլլոսը Տիգրանակերտի մոտ ջախջախեց հայերի հարյուր հազարանոց բանակը ։ Ա ՜ խ, հա ՜, Կատիլինան է պատրաստվում կոնսուլական իր թեկնածությունն առաջադրել գալիք ընտրություններում ։
— Ֆակտիոն ամեն ինչ կանի խափանելու համար այդ,— ասաց Կեսարը մտախոհ ։— Սերգիուսից նրանք վախենում են ավելի, քան Միհրդատից ։
— Նրանք իսկապես ձեռքերը ծալած չեն մնում. պատրվակ են փնտրում Սերգիուսի մերձավորներին Քաղաքից հեռացնելու համար ։ Ցեպիոնին սենատը գործուղել է Եգիպտոս, հացահատիկի ներմուծման հետ կապված ինչ-որ գործերով, թեև դրա մատակարարումն ընթանում էր առանց ընդմիջումների ։ Լենտուլոսին, դու նրան լավ ես ճանաչում, երեք ամսով գործուղել են Հոնիա, ասես ողջ Քաղաքում միայն նա էր գլուխ հանում մարմարից ։ Սա քիչ համարելով ՝ Սերգիուսի դեմ գրգռում են Ցիցերոնին ։ Մոռացա ասել, Կատուլլոսը վերադարձել է Ասիայից ։ Ասում են ՝ նա այնտեղ բոլորին զարմացրել է բարքի խստությամբ և հաստատակամությամբ, այնպես որ, հիմա Աթենքում և Քաղկեդոնում նրա անվամբ են կոչում համառ և խստաբարո մարդկանց ։ Հիշո ՞ ւմ ես, քերական դպրոցում էլ նա ինչ-որ տարօրինակություններ ուներ, իսկ այժմ խելքը լրիվ թռցրել է. փողոցներում ման է գալիս հասարակ սանդալներով, իսկ ստրուկները նրա հետևից քարշ են տալիս դատարկ պատգարակը ։ Մի անգամ նրան պատահեցի Տիբուրից վերադառնալիս. նրա ուղեկիցները բոլորը ձիու վրա էին, և եթե չճանաչեի նրան, կկարծեի իմ առջև