պատված մի տաղավար. տաղավարի առջևի զմրուխտյա լճակն այնքան թափանցիկ
էր, որ պատշգամբից երևում էին մեծատերև լոտոսների դեղնասպիտակ ցողունները։
Լիանաների ոստերի միջից երևում էր ոսկեզօծ արմնկակալներով փղոսկրե մի
գահավորակ, որին հովի պես թեթև նստած էր երկնագույն զգեստով ջահել մի կին.
նրա շագանակագույն վարսերն ալիքվում էին նուրբ ուսերի վրա, նա խոնարհվել էր
ծնկներին դրված ոսկեկազմ գրքին և կլանված կարդում էր՝ շարունակ շոյելով
զգեստի երկար փեշերի հետ խաղացող վիթի ձագուկի սիրունիկ գլուխը։
— Ո՞վ է այս դիցուհին, Գայո՛ս,— հետաքրքրվեց Ռուֆիոնը՝ հայացքը չկտրելով
ստվերում նստած կնոջից։— Աստվածուհի՞ է նա, թե՞ այս ամենը տեսնում եմ
երազում։
— Մավրիտանիայի թագուհին է։
— Բուգոդի կինը Աստուրիայո՞ւմ,— Ռուֆիոնի աչքերը կլորացան զարմանքից։
— Նա տառապում է թոքային ինչ-որ հիվանդությամբ, և մոգերը խորհուրդ են տվել
շնչել այստեղի օդը։
— Այո՜,— ծոր տվեց Ռուֆիոնը՝ լիաթոք շնչելով,— օդն այստեղ հիվանդաբեր չէ,
ինչպես Հռոմում։
Հետո ավելացրեց վավաշոտ երանությամբ.
— Եվ կուսակալն անշուշտ խենթացել է երկնքից իջած երջանկությունից։
— Դու նույն կնամոլն ես,― ժպտաց Կեսարը։— Կուսակալն իսկապես խենթացել է,
բայց պատճառը թագուհին չէ, այլ թագավորը. Բուգոդը նրան քառասուն տաղանդ
ոսկի է խոստացել, եթե կինն ապաքինվի։ Նրան հիմա ապարանքում չես գտնի.
պրովինցիայի զանազան ծագերից այնքան հեքիմ ու բախտահմա է ուղարկել, որ
նրանց բոլորին տեղավորելու համար ստիպված եմ եղել երկու մանիպուլ հանել
վրանների տակ։
— Եվ ի՞նչ, մի՞թե դու թույլ ես տալիս մավրիտանական այս նիմփան ձանձրանա
մենության մեջ ...
Ռուֆիոնի այս խոսքերի վրա թագուհին բոլորովին պատահաբար շրջվեց նրանց
կողմը և գլխի նուրբ շարժումով ողջունեց Կեսարին։
— Թող Յուպիտերը լսի խոսքերս և այս պահին շանթահար անի ինձ, եթե սխալվում
եմ՝ նա սիրահարված է քեզ,— ասաց պրեֆեկտն ու նայելով ընկերոջ աչքերի մեջ,
շարունակեց։— Եվ որքան ճանաչում եմ քեզ, դու նրանցից չես, ովքեր բաց են
թողնում առիթը։
— Նա իմ միակ մխիթարությունն է աստուրիական ճգնավորության մեջ,—
խոստովանեց Կեսարը, և նրա ձայնի մեջ ավելի շատ տառապանք կար, քան
հպարտություն։
Լուռ քայլեցին պատշգամբի երկարությամբ՝ պայտած մույկերով համաչափ
չքչքացնելով սալահատակին։ Պրեֆեկտը հայացքը չէր կտրում թագուհուց, իսկ երբ
տաղավարն ամբողջությամբ ծածկվեց կիպարիսի շարքերով, նա, ինչ-որ բան
մտաբերելով, հարցրեց.