տեղիք կտայի և այնպես արեցի, որ սենատն ինքը զգաց իմ կարիքը, և ահա ես Աստուրիայում եմ ՝ որպես Վեցերորդ լեգեոնի հեծելազորի պետ ։
Կեսարը նրան ոչինչ չասաց իր ապրումների ու զրկանքների մասին, չդժգոհեց, որ քվեստորի պարտականությունները զզվեցրել են իրեն, որ ինքը դրանք անում է ձևականորեն, դարձել է դյուրագրգիռ, բարկությունը թափում է դեցիմվիրների ու սպասավորների վրա, որ ամեն անգամ կուսակալի պահանջով մարզեր մեկնելով ՝ զայրույթի մի նոր բռնկում է համակում և հազիվ է զսպում իրեն ՝ ժամկետից շուտ չլքելու պրովինցիան. նա վաղուց Հռոմում կլիներ, եթե չերկյուղեր, որ իր հանդեպ անբարեհաճորեն տրամադրված ցենզորները դա պատրվակ բերելով ՝ կհրաժարվեն սենատ ընդունել իրեն ։ Չտրտնջաց, որ իր ամենօրյա գործը կաղնեփայտե սեղանին փռված ահա այս գալարակույտն է, որի տեսքից միայն նողկանք է զգում և որի մեջ պարտավոր է ամեն իրիկուն գրառում անել, թե որքան հացահատիկ կամ ստրուկ գնվեց, որքան ծախսվեց այսինչ տոնին, ում և որքան հացահատիկ նվեր տրվեց, և էլի հազար ու մի նման հիմարություններ, որոնցով լի է գլուխը հաստափոր այս մատյանի պես ։ Չասաց նաև, որ անսահման կարոտել է քաղաքին, ինչպես արձակուրդ գնացած զինվորն է կարոտում ճամբարային կյանքին ։
Նա սենեկապետին կարգադրեց սեղան գցել ի պատիվ գերազնիվ հյուրի, և մինչ սպասավորներն աշխույժ եռուզեռով պատրաստություն կտեսնեին, նրանք դուրս եկան սրահից ։ Պալատը, որի ծովահայաց պատշգամբում հայտնվեցին, կամարաձև չորս մուտք ուներ, եզրերի երկուսը ՝ միջանցիկ ։ Անմիջապես մուտքերի վերևում ՝ երկրորդ հարկում, խորանների մեջ մարդահասակ արձաններ էին դրված. տանիքը պահող կրկնակի սյուններն ավարտվում էին հոնիատիպ խոյակներով, որոնց հարուստ զարդանախշերի մեջ նշմարելի էին բաց երախով ցուլի գլուխներ ։
Հեռվում առատ գոլորշիների ծանրությունից ծնկի եկած կաթնագույն մառախուղը շաղախել էր իրար երկնքի և ծովի անընդգրկելի տարածությունները ՝ սքողելով ամեն եզր ու սահման ։ Ափամերձ ելուններից ալիքների հառաչանքով լի ճողփյուն էր լսվում ։
Աջակողմյան մուտքից սկիզբ առնող գլաքարե ճանապարհը, պալատի առջևում ոլորվելով, անհետանում էր առաջ եկած կողաշենքի հետևում ։ Ճանապարհը եզերող արձաններից մի փոքր ցած ՝ ընդարձակ հարթավայրի վրա, տարածվում էր կուսակալի պարտեզը ՝ թևերից առնված մայրենու խիտ անտառակների մեջ, իսկ առջևից ձգվում էր մինչև ատամնավոր ծովապատնեշը, որից այն կողմ ոսկե ցոլքերով փայլում էին երեք զույգ տրիրեմների անկիզելի պատյանով ցռուկները ։ Պարտեզը կղզյակների բաժանող առվակները կվինտիլիոսյան բարկ արևի տակ շողշողում էին արծաթե գոտիների նման, կղզյակները միմյանց կապված էին փայտյա կամրջակներով, որոնց նախշազարդ բազրիքներին երևում էին երկարագլուխ վիշապներ ու կենտավրոսներ ՝ մարդու գլխով և ձիու կամ ցուլի մարմնով ։ Սրագագաթ կիպարիսներով եզերված ծառուղիների հատույթներում բոլորաձև նստարաններ էին ՝ անձրևապաշտպան ծածկով. պարտեզի կենտրոնում անվերջանալի իր երգն էր երգում վարդագույն ավազանի մեջ օրորվող շատրվանը ՝ ադամանդի փոշով ցողելով մրտենու թփերը, որոնց միջից երբեմն-երբեմն երևում էին հեզաճկուն վիթեր, գեղիրան եղնիկներ. շատրվանների շուրջը ճեմում էին հպարտաքայլ սիրամարգեր ՝ ծիածանի գույներով ողողելով եթերը ։ Ծառուղիներից մեկի վրա ՝ անմիջապես պալատին մոտ, նշմարվում էր լիանաների խճճուն ցանցով