հրամանատարությունը, և նա կարճ ժամանակում ասիական խառնիճաղանջ
բանակը դարձրել էր խիստ մարտունակ։ Այդ նրա և հռոմեացի մյուս սպաների
շնորհիվ էր, որ Եվպատորը կարողացավ երկու ամսում գրավել Գալաթիան,
Պափլագոնիան, Կապադովկիան և հասնելով Հոնիա՝ պաշարել Կիզիկոսն ու
Քաղկեդոնը։ Կիզիկոսի մոտ Բախտը երես էր թեքել Ռուֆիոնից. սոսկալի փոթորիկը
կործանել էր պոնտական ողջ նավատորմը, միայն երջանիկ պատահականությամբ
ողջ մնալով, նա գերաններից կառչած լողացել էր մինչև Հռոդոս։ Այնտեղից ծածուկ
մեկնել էր Նումիդիա՝ տեղյակ լինելով Բակհոս թագավորի հակահռոմեական
տրամադրություններին։ Առժամանակ մնալով այնտեղ և համոզվելով, որ Բակհոսը
հապաղում է որևէ բան ձեռնարկել, հիասթափված Ռուֆիոնն անցել էր Եգիպտոս,
ուր և նրան հասել էր տարագիրների վերադարձը թույլատրող օրենքը։
Դառնալով հայրենիք և տեղեկանալով, որ հարազատները մահապարտ են ճանաչվել
Ֆուֆիդիայի և Անտոնիոսի պահանջով, վերժխնդիր լինելու մտադրությամբ նա իր
շուրջը համախմբել էր հավատարիմ մարդկանց և Ռոբիգալիայի տոնի ժամանակ,
օգտվելով համընդհանուր խառնաշփոթից, նա իր մարդկանցով դարանակալել էր
Անտոնիոսի տան մոտերքում, և պրետորին անխուսափելի կործանումից փրկել էր
պատահականությունը. նա այդ օրը մնացել էր գիշերելու սիրուհիներից մեկի մոտ։
Շատ չանցած՝ Գրեակոստասի մոտ՝ անմիջապես ֆորումի վրա, ուր քրմապետը ոչ մի
վտանգ չէր կարող ակնկալել, կտրել էր Ֆուֆիդիայի ճանապարհը։ Նրա մարդկանց
հաջողվել էր վերացնել հանկարծակի եկած թիկնապահներին, իսկ ստրուկները
փախել էին՝ ցած գցելով տիրոջը։
Կեսարն ակնդետ լսում էր նրան՝ մերթ ատելությունից բռունցքները սեղմելով, մերթ
աչքերը փայլեցնելով ոգևորության կրակով։
Մազերից բռնած՝ Ռուֆիոնը քրմապետին դուրս էր քաշել պատգարակից, իսկ սա,
չճանաչելով դիմացինին,— հարձակվողները դիմակով են եղել,— փաթ աթվել է նրա
ոտքերին և գթություն աղերսել, կանչելով, թե ինքը ոչ մեկին վատություն չի կամեցել
և թե իրեն պարտադրել են պրոսկրիպցիաներ կազմել։
— Սողո՛ւն, ստո՛ր արարած,— ատամների արանքից նետելով՝ Կեսարն անհանգիստ
քայլում էր սրահում։
— Բայց ես չկարողացա սպանել նրան,— տխրաձայն շարունակեց Ռուֆիոնը,— և
երբեք չեմ ների ինձ։ Աչքերս կուրացել էին վրեժի ծարավից, տենչում էի պատռել նրա
կուրծքը և նրա թպրտացող սիրտը տրորել ոտքերիս տակ։ Ձեռքիս դաշույնը
նկատելով՝ նա բառաչեց մորթվող անասունի պես, սկսեց գալարվել գետնին. և ես
դժվարանում էի հարվածել նրան։ Մինչ հասկացա, որ նա հագուստի տակ
լանջազրահ է կրում, ուշ էր արդեն և հազիվ պրծա հեծյալ վիգիլների ձեռքից։
— Միևնույն է, նա իր մահով չի գնա,— ընկերոջը մխիթարեց Կեսարը։
— Այս անհաջողությունը զգաստացրեց ինձ, դարձա նախկին շրջահայացը, որին
ճանաչել ես։ Ինձ համար պարզ դարձավ, որ իմ փոքրաթիվ խմբով չեմ կարող անվերջ
պատերազմել աստվածների դեմ՝ երկնքում, և Ֆակտիոյի՝ երկրի վրա. ես կկործանեի
ինձ և չէի հասցնի վրեժխնդիր լինել բոլորից։ Եվ եկա այն մտքին, որ հարկավոր է
առժամանակ քաշվել որևէ խաղաղ պրովինցիա, ուր չեն վխտում Կատոնի լրտեսները
և ուր կարելի կլինի համախոհներ գտնել։ Բայց ինքնակամ հեռանալով՝ կասկածի