Պայտած կալիգաների [ 36 ] վեր բարձրացող չքչքոց լսվեց, հետո դռների մեջ հայտնվեց զինվորական շքեղ հանդերձանքով գեղեցկադեմ մի երիտասարդ ։ Երկար, պիրկ վզի վրա պահվող նրա սքանչելի գլուխը ծածկված էր փասիանի գունագեղ փետրափնջերով զարդարուն սաղավարտով, որի ուղիղ կենտրոնում խոյի գլուխ էր պատկերված ։ Ընդգծված մեծ ծնոտը, միմյանց կպած թավ հոնքերը և գլխի հպարտ պահվածքը խստություն և անսահման ինքնավստահություն էին հաղորդում նրա հայացքին, իսկ հզոր և համաչափ մարմինը կխենթացներ ամեն քանդակագործի ։ Նրա պղնձե թերթիկավոր զրահազգեստին և դրվագազարդ սրնքակալներին փոշու պարզ նշմարելի շերտ կար, որ վկայում էր երկարատև ճամփորդության մասին ։
— Ողջույն Հռոմի ամենաքաջ տղամարդուն,— կանչեց զինվորականը ՝ խրոխտ ձայնով, սաղավարտն առնելով գլխից ։
— Ռուֆիո ՜ ն,― վերջապես ճանաչելով ՝ Կեսարը նետվեց դեպի նա,— այս ո ՞ ր քամին է քեզ Աստուրիա [ 37 ] բերել ։
Նրանք ջերմորեն ողջագուրվեցին և անսահման ուրախությունից երկար ժամանակ ցնցում էին միմյանց ։
— Բայց ինչո ՞ ւ նոմենկլատորն ինձ չզեկուցեց գալստյանդ մասին,— զարմանքով հարցրեց Կեսարը ՝ զինվորականի ուսի վրայից նայելով նախասրահի կողմը և այնտեղ զուր սպասավորներ փնտրելով ։
— Հարկ կլինի նրան մի քանի օրով բժշկի խնամքին հանձնել,— պատասխանեց Ռուֆիոնը ժպտալով ։— Ուզում էի անակնկալի բերել քեզ, իսկ այդ անասունն ընկնում էր ոտքերիս տակ ։
Նրանք սրտանց ծիծաղեցին ու միմյանց գրկած խորացան սրահի մեջ, ուր ընկողմանեցին կաշեպատ բազմոցին ։
— Անճանաչելիորեն փոխվել ես, կազդուրվել, Արեսն անգամ կնախանձի քեզ,— ասաց Կեսարը, մտերմաբար շոյելով նրա պիրկ բազուկները ։— Դե, պատմիր, ո ՞ ւր էիր այսքան տարի, ինչո ՞ ւ ոչ մի լուր չէիր ուղարկում քո մասին ։
— Նախանձելին ճակատագիրս թող լիներ,— քմծիծաղեց Ռուֆիոնը ՝ թուլացնելով լանջազրահի հանգույցները ։ Եվ հարմար նստելով բազմոցին ու ոտքը ոտքին գցելով ՝ պատմեց տասնյոթ տարի տևած իր դեգերումների մասին ։
Նրա ծնողներին Սուլլան մահապարտ էր ճանաչել սոսկ այն պատճառով, որ նրանք մտերմություն էին արել Մարիուսի ընտանիքի հետ ։ Վերջին խնայողությունը զոհելով ՝ Ռուֆիոնը հաջողեցրել էր մեկնել Աֆրիկա, ուր այդ ժամանակ փոխկուսակալ էր նրա մորեղբայր Սերտորիուսը ։ Քրոջ ընտանիքին պատահած աղետի լուրն առնելով ՝ փոխկուսակալը զարմիկի և հավատարիմ մյուս զինակիցների հետ ծովով անցել էր Իսպանիա, ուր մինչ այդ փախստականների մեծ բազմություն էր կուտակվել ։ Հմուտ զորավար լինելով ՝ Սերտորիոսը փախստականներից կանոնավոր բանակ էր կազմել, և Ռուֆիոնն աջակցել էր նրան ։ Հետո չորս տարի հաջողությամբ կռվել էր հանրապետական զորքերի դեմ, Սպարտակի ապստամբության տարիներին բազմիցս մոտեցել էր Իտալիայի արևմտյան սահմաններին և զենք հասցրել խռովարարներին ։ Երբ Սերտորիոսը պարտվեց Պոմպեոսին, նա մի խումբ սպաների հետ անցել էր Պոնտոս, ուր արժանացել էր Միհրդատի ջերմ ընդունելությանը ։ Եվպատորը նրան վստահել էր արքայագնդի, իսկ հետո ՝ նավատորմի