ինձ ևս թվում է, որ այդ մարդն իսկապես ընդունակ չէ որևէ խիզախ բան մտածելու
անգամ։ Բայց ասա՛ ինձ անկեղծորեն, կհավատայի՞ր, եթե պոնտական պատերազմից
առաջ ասեին, թե նա ընդունակ է ահռելի ծովում հետապնդել ծովահեններին և
բռնելով խաչել նրանց։
— Ես հիմա էլ չեմ հավատում այդ փչոցներին, որոնք նա ինքն է հորինել։ Գնա
ցանկացած պանդոկ և նման պատմություններ շատ կլսես էժան համբավի սիրահար
մեր երիտասարդների շուրթերից։
— Մարկոսի անհանգստությունն անհիմն չէ, Կատո՛ն,— միջամտեց Անտոնիոսը, որ
օթոցից ելել ու սրահի կենտրոնում կանգնած՝ ուշադիր հետևում էր
խոսակցությանը։— Մենք նրան չպիտի թույլ տայինք այդքան հեշտությամբ
զբաղեցներ զինվորական տրիբունի պաշտոնը, ապա դառնար քվեստոր։ Մինչ մենք
զբաղված էինք ավելի լուրջ գործերով, նա հնարավորություն ստացավ առնչվել
բարձրաստիճան մագիստրների հետ և խորամանկորեն օրենքի ուժ տվեց իր
նպատակներին։ Դա մեր սխալն է եղել և պիտի ուղղենք այն՝ հանուն մեր հետագա
հանգստության։
— Բայց մի՞թե կարող էինք արգելել նրան խնջույքներ սարքել ու հյուրասիրել
աղքատներին,— վրա բերեց Կատոնը։
— Կարող էինք ավելացնել ձրի հացաբաժանումների չափը, և նրանք չէին վազի
Կեսարի ետևից և կուրորեն չէին երկրպագի նրան։ Ես այս մասին բազմիցս տեղյակ
եմ պահել սենատին, բայց ոչնչի չեմ հասել։
Ահենոբարբն անմիջապես արդարացավ՝ ասելով, որ շռայլություն կլիներ այդքան
ծախսերի դիմել Կեսարի պատճառով, երբ իրենք Կատիլինայի պես լուրջ
հակառակորդ ունեն, որի դեմ աղքատների առաջնորդը,— նրան անչափ դուր էր եկել
Կատոնի բնորոշումը և նա կրկնեց այն,― ոչինչ է։
Նրա հանգստությունը բոլորովին հասկանալի չէր Ցիցերոնին և, չսպասելով
մյուսները ևս կարծիք հայտնեն, ասաց մի այնպիսի տոնով ու կեցվածքով, որից
ամենքը հասկացան, թե կամենում է նվաստացնել Ահենոբարբին
անհետևողականության համար.
— Աղքատների այդ առաջնորդն այսօր ամբոխի առաջ պարծենում էր, թե իր
հորաքույր Հուլիայի տոհմը մոր կողմից հասնում է մինչև արքաները, իսկ հոր
կողմից՝ անմահ աստվածները, քանզի Անկոս Մարցիուսից ծագում են Մարցիուս
արքաները, որոնց անունը կրում է նրա մայրը, իսկ Վեներա դիցուհուց սերում է
Հուլիոսների տոհմը. թե իր տոհմը օժտված է անձեռնմխելիությամբ, ինչպես
արքաները, որոնք հզորությամբ ու պատկառանքով վեր են կանգնած բոլոր
մարդկանցից, և ինչպես աստվածները, որոնց ենթակա են իրենք՝ արքաները։
— Փչոց,— արտաբերեց Ահենոբարբը՝ արհամարհանքով։
— Բայց նրան լսում էին և հավատում,— Կիկերոնը չկարողացավ զսպել իրեն և
ձայնը բարձրացրեց։— Որերորդ տարին նա կեղծավորությամբ և ճաշկերույթներով
իր կողմն է գրավում քվիրիտներին, իսկ մենք հանգիստ նայում ենք այդ ամենին։ Եթե
առաջ տարված էինք Սպարտակի դեմ պատերազմելով, ապա այժմ, երբ
հանրապետության ներսում խաղաղություն է, ի՞նչն է խանգարում մեզ՝ նրա դեմն
առնել։ Այնինչ նա շարունակում է իր գործը. այսօր ոսկերիչների ու հացագործների