— Մարկոսը ճիշտ է,— խոսեց Դոլաբելլան մռայլված,— Կեսարին լրիվ աչքաթող ենք արել ։
— Քվեստորության կամ մեկ այլ ուրիշ պատրվակով նրան հարկավոր է գործուղել որևէ հեռավոր պրովինցիա,— Պիզոնը հանկարծ աշխուժացավ, և նրա աչքերը փայլեցին նենգորեն,— ու թող նա իր անհատնում եռանդը ի սպաս դնի հարկահանության կարևոր գործին ։
Սենատորների դեմքին ժպիտ երևաց ։
— Դա կարելի է անել թեկուզ այսօր, բայց ինձ հասկանալի չէ ձեր անհանգստությունը. աղքատների առաջնորդն ի ՞ նչ կարող է անել մեզ ։ Չլինի ՞ ձեզ նույնպես վախեցրել են քրմերի գուշակությունները ։— Կատոնը քմծիծաղեց, որից Ցիցերոնը, իսկ նա հավգուր էր, վիրավորվեց ։
— Դե ինչ,— ասաց նա ՝ ձեռքերը կողքի տարածելով,— եկեք բոլորս միասին ծիծաղենք քրմերի, երազահանների և հավգուրների վրա, եկեք համարենք, որ նրանք բոլորը սուտասան և անպետք մարդիկ են ։ Եկեք ատենք նրանց գիտությունը, արհամարհենք բաբելոնցիների և բոլոր նրանց ուսմունքը, ովքեր Կովկասի գագաթներից դիտում են երկինքը և ուսումնասիրում աստղերի շարժումը ։ Ուրիշ բան է, որ նրանց հեղինակությունը մի փոքր ընկել է. դա ես բացատրում եմ նրանց աստվածային ներշնչանք հաղորդող ուժի թուլացմամբ կամ նվազումով, ինչպես բարակում կամ ընդհանրապես ցամաքում են որոշ գետեր ։ Իսկ որ նրանց խոսքերում ճշմարիտը շատ անգամ գերազանցում է կեղծին, դրանում և ՛ համոզված եմ, և ՛ շատ օրինակներ կարող եմ բերել ։ Հիշենք, թե ինչ կատարվեց, երբ Տիբերիոս Գրակքոսը երկու օձ գտավ իր տան մեջ [ 34 ] ։
— Ես ամենևին միտք չունեի վիրավորել աստծո սպասավորների արժանապատվությունը,— Կատոնը զղջաց իր խոսքերի համար,— բայցևայնպես, բացատրեք ինձ, ի ՞ նչն է պատճառը, որ այդպես զգուշանում եք նրանից ։
— Նա այնքան հանդուգն է,— անմիջապես պատասխանեց Ցիցերոնը,— որ ոտնահարում է Նումայից եկող սովորույթներն ու սուրբ օրենքները, պղտորում արքաների հանգիստը ։ Նա հարություն է տալիս Մարիուսին, որի անունը չի արտաբերվել տասներկու տարի. և նա ոչնչից չի վախենում ։ Նա հասավ այն բանին, որ ժողովրդական տրիբուններն օրենք ընդունեցին ՝ թույլատրելով Հռոմ վերադառնալ Մարիուսի և Լեպիդոսի համախոհներին, որոնք այսքան տարի գտնվում էին տարագրության մեջ ։ Նա հաջողեցրեց աներորդու վերադարձը, և հիմա մեզանից շատերը կորցրել են հանգիստը և հասարակության մեջ երևում են ուժեղացված պահախմբով կամ լանջազրահ են կրում ։ Մի ՞ թե սա քիչ է ։
Ֆուֆիդիան ձեռքն առավ կրծքից կախված փղոսկրե հմայիլն ու աչքերի դեմ պահելով, ինչ-որ բան շշնջաց ։
— Թող չխաբի ձեզ նրա թվացյալ հանգստությունը,— շարունակեց Ցիցերոնը կրքոտությամբ ՝ լարված հայացքը սահեցնելով հավաքվածների վրայով,— նա ձևացնում է, թե ուրախ և զվարճասեր երիտասարդ է, որի նմանները լի են գինետներում, այնինչ թեթևամիտ վարքի տակ նենգ ու եռանդուն բնավորություն է թաքնված ։ Ես նույնպես, երբ տեսնում եմ ինչպիսի բծախնդրությամբ է նա հագնվում, ինչ խնամքով են սանրված մազերը և ինչպես է նա օրիորդավարի մի մատով անընդհատ ուղղում դրանք, հաճախ խաբվում եմ և, քեզ նման, մեծարգո ՛ Կատոն,