— Եթե միայն դա լիներ,— շարունակեց Բիբուլոսը՝ թույլ չտալով նրանք
հանդարտվեն։― Մարկոսի հետ շտապում էինք այստեղ, երբ Արգիլետի վրա մեր
ճանապարհը կտրեց բազմահազարանոց ամբոխը։ Նրանք գլխներից վեր բռնել էին
Մարիուսի պատկերը, իսկ աճյունի ետևից գնացող մի խումբ կրում էր նրա
հաղթանշանները։
Բիբուլոսին լսում էին շունչը պահած։
— Երբ Ֆորումն ամբողջովին բռնվեց բազմությամբ, թափորը կանգ առավ և
պահանջեց ձայն տալ Կեսարին։ Նրան ձեռքերի վրա տարան ռոստրաների մոտ, և
նա գովեց Մարիուսին՝ նրա գործերը հավասարեցնելով Քամիլլոս Երկայնաբազուկի
քաջագործություններին։ Իսկ թե ինչեր նա դուրս տվեց Սուլլայի մասին, գերադասում
եմ լռել։ Այդ նա առաջարկեց Մարիուսի այրուն թաղել արքաների կողքին, ինչն
ամբոխն ընդունեց ցնծությամբ։
— Իսկ վիգիլնե՞րը, ի՞նչ էին անում նրանք, մի՞թե չէին կարող զսպել ամբոխին,—
հարցրեց էդիլ Պանսան տագնապած։
— Ինչի մասին է խոսքը,— քմծիծաղեց Բիբուլոսը չարությամբ, նրանք կողմ էին
քաշվել, և ամբոխը ծեծեց Սիլանոսին, երբ սա փորձեց պաշտպանել Սուլլային։
Ծանր լռություն հաստատվեց սրահում, սենատորները խոժոռված միմյանց էին
նայում, պատրաստ ամեն փորձության։
— Պետք չէ այդպես բորբոքվել,— ասաց Կատոնը՝ դեմքին ժպիտ հաղորդելով և
կամենալով հանգստացնել հյուրերին,— Սիլանոսն առաջին սենատորը չէ, որ
ծեծվում է Ֆորումում, և հարկ չկա դրա համար տագնապ հայտարարել։
— Մեծարգո նախագահն այդպես հանգիստ է խոսում,— առարկեց Բիբուլոսը
բորբոքվելով,— քանի որ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում այնտեղ։ Փորձեք հապա դուրս
գալ առանց լիկտորների... Հայտնի չէ՝ ինչ կլիներ մեր վերջը, եթե էդիլ Պենիոն հեռու
գտնվեր մեզանից։
Ցիցերոնը լուռ գլխով արեց՝ հավաստելով նրա ասածը։
Կատոնը մտորեց մի պահ, ապա ասաց դանդաղ՝ կշռադատելով յուրաքանչյուր բառը.
— Եթե հիմա ուժ գործադրենք, ավելի կգրգռենք ամբոխին, ինչը և ցանկանում են մեր
հակառակորդները։ Մենք կվարվենք բոլորովին այլ կերպ. թույլ կտանք նրանց խոսել
ինչից կամենան և որքան ուզենան. այդպես նրանք ավելի վաղ կհանդարտվեն, իսկ
այդ ժամանակ արդեն մենք կիմանանք՝ ինչպես վարվել