մեծաթիվ բանակը պահել Ասիայում, մանավանդ, որ լրանում է վետերանների ծառայության ժամկետը ։
— Ի ՞ նչ վտանգի մասին է խոսքը,— Ֆուֆիդիան դադարեց ոստրե ուտել և շուրթերը զգուշությամբ սրբեց ասեղնագործ վարշամակով,— երբ որդու մահից հետո Տիգրանը քաշվել է Անտիոք և կես տարուց ավելի չի եղել արքունիքում ։ Նա նույնիսկ չի բարեհաճել տեսակցել Միհրդատին և նրան ապաստանել է անշուք մի դղյակում ։
— Այդ դեպքում ինձ համար ամեն ինչ պարզ է արդեն,— եզրակացրեց Ահենոբարբը,— Լուկուլլոսը տրիումֆի է ձգտում և երազում է Միհրդատին քարշ տալ մարտակառքի ետևից ։ Մի ՞ թե նրա այդ հաճույքի համար մենք պիտի թույլ տանք ՝ հանրապետությունը գնա անհաշիվ զոհողությունների ։
Ահենոբարբի այս խոսքի վրա սրահ մտան Ցիցերոնն ու Բիբուլոսը ։ Տանտիրոջ հրավերով նրանք ընկողմանեցին օթոցներին ։ Ահենոբարբը կամենում էր ինչ-որ բան ասել, բայց, նկատելով, որ եկվորներն անհանգիստ տեսք ունեն, լռեց ։
Ձյան հալվող բեկորներ էին շողում Բիբուլոսի հրաշեկ գանգուրների մեջ, նրա տոգայի փեշը ճմրթված էր ու տրորված ։ Կիկերոնի դեմքին արյան հետքեր կային, տոգայի ճարմանդը պոկված էր, և նա ձեռքը չէր իջեցնում ուսից ։
— Դուք այնպես շփոթված եք, ասես Հաննիբալը ճամբար է դրել պարիսպների տակ,— փորձեց կատակել Կատոնը ՝ մոտենալով նրանց ։— Ի ՞ նչն է այդպես հուզել երիտասարդ սենատորներին ։
— Ա ՛ յն, ինչ հիմա կատարվում է, պատվարժա ՛ ն Կատոն,— պատասխանեց Ցիցերոնը լուրջ տոնով ։— Եվ եթե այն ժամանակ մեզ կործանումից փրկեց մեր միասնությունը, ապա դրա բացակայությունն է այժմ մեր ամենամեծ մտահոգությունը ։
Գեղանի սպասուհիները խմիչք և ուտեստներ հրամցրին նոր ժամաած հյուրերին, բայց նրանք, սաստիկ հուզված լինելով, բավարարվեցին մեկ գավաթ գինով, այն էլ խմեցին ի պատիվ տանտիրոջ լարերի [ 33 ] ։
— Դժոխային իրարանցում է Քաղաքում, խառնաշփոթ,— գավաթը դատարկելով ՝ Բիբուլոսը արյունով ներկված աչքերը պտտեցրեց ներկաների վրա, հետո, լսողությունը լարելով, հարցրեց.
— Չե ՞ ք լսում ։ Ամենքը լռեցին, մի քանիսը մոտեցան գավթի վրա բացվող լուսամուտներին ։ Մարսյան դաշտի կողմից աղմուկի խուլ ձայներ էին հասնում ։
— Մի ՞ թե այսօր որևէ միջոցառում կա այնտեղ,— զարմանքից ուսերը թոթվելով ՝ քաղաքի հայրերը շրջվեցին Ֆուֆիդիայի կողմը ։
Վատ բանի կանխազգացումով Ֆուֆիդիան անհանգիստ շարժվեց բարձերի վրա ։
— Այնտեղ Հուլիային են թաղում,— ասաց Բիբուլոսը ՝ խիստ կարևոր լուր հաղորդողի լրջությամբ ։
— Ինչպե ՞ ս,— բացականչեցին սենատորները և ցասումով շրջապատեցին նրան, ասես նա էր սրբապղծություն արել,— Մարիուսի կնոջը թաղում են հռոմեական արքաների և աստվածային Սուլլայի կողքի ՞ ն ։
Նրանց աչքերը շանթեր էին արձակում, իսկ բռունցքները սեղմված էին ։