Պիզոնն անշարժ նստած էր օջախի մոտ ու, թեև սրահում տաք էր, ափերը պարզել էր խաղաղորեն ճարճատող կրակին. կարող էր թվալ, թե քննարկվող հարցը չի հուզում նրան ։ Բայց դա միայն արտաքուստ էր այդպես. նա ևս հավակնել էր Կիլիկիայի կուսակալի պաշտոնին և սրտի կսկիծով էր ընդունում Լուկուլլոսի հաջողությունները ։ Խոշոր գլուխը կրծքին հակած ՝ Դոլաբելլան մտախոհ սրահի մի անկյունից մյուսն էր քայլում ։ Լայն տունիկայի տակից նշմարվում էին նրա հզոր մկանները, նա պիրկ էր կրկեսամարտիկի պես, իսկ դեմքը թրծված էր ու առնական ՝ կյանքում ամեն ինչ տեսած զինվորականի նման ։ Նա նոր էր վերադարձել Աֆրիկայից, տեղեկանալով, թե Լուկուլլոսի ասիական նորամուծություններն ինչպես են վնասել իրեն. Քաղկենդոնի, Սմիռնայի, Կիզիկոսի նրա գործակալները կես տարում հարյուր տաղանդից ոչ մի սեստերցիում ավելի շահույթ չէին կարողացել ապահովել, մինչդեռ նախորդ տարիներին այն տասնապատիկ ավելին էր ։ Ահենոբարբին Լուկուլլոսը նյութապես չէր վնասել, ոչ էլ նա ձգտել էր Ասիա ընկնել. հացամթերումների տնօրինումը բոլորովին ձեռք էր տալիս նրան, և նա, խիստ զգուշավոր մարդ լինելով, գերադասում էր չխցկվել այնտեղ, ուր արյուն էր թափվում ։ Բայց և չէր մոռացել երկու տարի առաջ կոնսուլական ընտրություններում իր խայտառակ անհաջողությունը, երբ իր թեկնածությունն առաջադրած տրիբուսում անգամ չկարողացավ հաղթել Լուկուլլոսին ։ Եվ հիմա ուշի-ուշով հետևում էր Կատոնին, որպեսզի առաջին իսկ ընդմիջումին վատաբանի Կիլիկայի կուսակալին ։ Պանսան, որ նոր մարդ էր սենատական վերնախավում և իր բարեհաջող պաշտոնավարման համար մեծապես պարտական էր Կատոնին, նրան նայում էր այնպիսի մի հայացքով, ինչպես հավատարիմ շունն է նայում տիրոջը, և մերթ ընդ մերթ գլխով էր անում ՝ շտապելով իր համաձայնությունը տալ Կատոնի մտքերին ։ Ֆուֆիդիան, որ, քրմապետ դառնալով, հեռացել էր քաղաքականությունից և ամբողջովին տարվել հոգևոր գործերով, աչքի տակով հետևում էր Պանսային ու, կսմթելով կողքին ընկողմանած Անտոնիոսին, հայացքով ցույց էր տալիս նրան ու ծիծաղում քթի տակ ։
― Ինչպես սաստիկ ծարավ մարդն է ջրհորի հանդիպելով ՝ խմում ագահաբար,— Կատոնը չէր հանդարտվում և, ինչ-որ գրություններ օդում թափահարելով, խոսում էր ՝ ցասումից շնչասպառ լինելով,― այդպես էլ Լուկուլլոսը, որին ժառանգություն էր մնացել սոսկ մի հնամաշ տուն, այն էլ ՝ էսքիլենի վրա, գլուխը կորցրել է ասիական արքունիքների ճոխությունից ։ Ինձ լուրեր են հասել, որ նրա ձեռքն են անցել Հերակլեոնի և Ամիսոսի գանձատները, Մա աստվածամոր տաճարի ողջ հարստությունը, այնինչ սենատն այդ մասին տեղեկացված չէ և ահա ի ՞ նչ է բաժին հասել հանրապետությանը,— նա մի պահ հայացքը սահեցրեց գրությունների վրայով,— տաս հազար երեք հարյուր տաղանդ, որչափ ստացվում էր նախքան պատերազմը...
— Նրա ընչաքաղցությունն ինձ բոլորովին չի զարմացնում, բայց փորձել կաշառել հայրերի ՞ ն...— Ահենոբարբը հարմար թիկնեց օթոցին և, դառնալով հավաքվածներին, շարունակեց մռայլված,— նրա ներկայությունն Ասիայում ավելի վտանգավոր է, քան ազատության մեջ գտնվող Եվպատորը, և եթե մենք ուզում ենք ապրել հանգստության մեջ, ոչ միայն պիտի արգելենք նրան նոր պատերազմ սկսել, այլև անհապաղ ետ կանչենք Ասիայից ։ Հարկավոր է վաղը ևեթ նիստ հրավիրել և համոզել հայրերին, որ Հայաստանից մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, և անիմաստ է