Նա խուսափում էր առնչվել կոնսուլների հետ, քանի որ և՛ Կրասոսը, և՛ Պոմպեոսը
աչք ունեին ասիական պրովինցիաների վրա։
Բայց որքան էլ Պուբլիոսը զգույշ էր, իսկ Պրեցիան՝ բծ ախնդիր սենատորների
ընտրության գործում, երկրորդ շաբաթվա վերջում ողջ քաղաքն էր խոսում
գիշերային հանդիպումների մասին։
Եվ ահա խիստ անհանգստացած արիստոկրատիան հույժ կարևոր
խորհրդակցության էր հավաքվել Կատոնի առանձնատանը, որ ժամանակին
Մարիուսին էր պատկանել։ Այստեղ էին պրետորներ Գնեոս Պիզոնն ու Գայոս
Անտոնիոսը, գերագույն քուրմ Ֆուֆիդիան, ինչպես նաև Դոլաբելլան, Ահենոբարբը և
էդիլ Պանսան։ Կոնսուլները չէին հրավիրվել. իսպանական արշավանքից հետո
Մագնիան այլևս նախկին թունդ օպտիմատը չէր, ավելին, նա լեզու էր դրել պլեբսի
բերանը՝ վերականգնելով Սուլլայի կողմից խուզված ժողովրդական տրիբունի
պաշտոնը. Կրասոսը խզել էր իր հարաբերություններն օպտիմատների հետ,
վրդովված, որ նրանք Սպարտակին հաղթող էին ճանաչել ոչ թե իրեն, այլ
Պոմպեոսին։ Այս միջադեպից հետո կոնսուլները գժտվել էին և միմյանց վիրավորող
էդիկտներ հրապարակելուց բացի այլ առնչություն չէին ունենում։
Ամենքը հուզված էին այնպես խոր, որ բոլորովին մոռացել էին գերառատ սեղանների
գոյությունը և ավանդական գինեձոնից հետո ոչինչ չէին դրել բերանը, թերևս միայն
Ֆուֆիդիան էր ծուլորեն ոստրե կլլում ու վրայից ձյունով սառեցված մրգահյութ
խմում։ Մյուսները, ընկողմանած օթոցներին կամ նստած ջերմ օջախի մոտ,
ուշադրությամբ լսում էին Կատոնին, որ խոսելիս ջղաձգվում էր հուզմունքից, ստեպ-
ստեպ դիմում աստվածներին՝ ձեռքերը պարզելով վեր, և նրա մատների
ակնահարուստ մատանիները շողարձակում էին սրահ թափանցած վերջալույսի
ցոլքերից. նա նմանվում էր հմայություն անող մոգի։
Լուկուլլոսի հանդգնությունը՝ քաղաքի հայրերին կաշառելով իր կամքը պարտադրել
սենատին, վրդովեցրել էր նրան մինչև հոգու խորքը, և նա բառեր չէր գտնում
իմպերատորին պարսավելու համար։ Նա չմոռացավ հիշատակել նաև Կլոդիային՝
Լուկուլլոսի կնոջը, որի մասին պատմում էին, թե կապված է հարազատ եղբոր հետ։
Բայց Կատոնի զայրույթի իսկական պատճառն այլ էր։ Հայաստանի վրա հնարավոր
հարձակումից առաջ իր թիկունքն ապահովելու նպատակով Լուկուլլոսը
պակասեցրել էր ասիական քաղաքներից գանձվող հարկերը, կրճատել պարտքերը,
սահմանափակել ֆինանսիստների ու վաշխառուների գործունեությունը՝
աննախանձելի վիճակի մեջ դնելով մեծահարուստ տներին, որոնք մինչ այդ խոշոր
եկամուտներ էին ստանում պրովինցիաներից։ Կար նաև մի երրորդ պատճառ. նա չէր
մոռացել այն ամոթալի խայտառակությունը, որ ստիպված եղավ ապրել, երբ Սուլլան
հիշատակարանները ձոնեց ոչ թե իրեն՝ ամենքի կողմից հարգված սենատի
նախագահին, այլ նորնոր տոգա հագած ինչ-որ մի կաթնակերի, ինչ է թե՝ նա
Ֆիլոբեոտի մոտ աչքի էր ընկել քաջությամբ ու նաև նավատորմ բերել Եգիպտոսից։
Այսքանից հետո նա չէր կարող Լուկուլլոսին թույլ տալ նոր պատերազմ սկսել և,
ընդհանրապես, նրա համար այդպես էլ գաղտնիք էր մնացել, թե ինչով էր
առաջնորդվել Սետեգան՝ նախապատվությունը տալով Լուկուլլոսին. չէ՞ որ նրա
տոհմը մինչ այդ ոչնչով աչքի չէր ընկել և ոչ մի զորավար չէր տվել
հանրապետությանը։