Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 59

միախառնվեցին, ճամփորդներին քաղցր խոսքերով հրավիրում էին տուն և պատվում, մոռանում վեճ ու նեղսրտություն. այն ամենը, ինչ կարող էր հաճո չլինել աստվածներին։ Ջերմեռանդ աղոթքի իններորդ օրը ծիսական պարեր եղան Դեա-Դիա բացատում, ուր ամենքը թրջվեցին մինչև ոսկորները։ Երեկոյան, երբ ավագ քրմերը հարցում արին աստվածահորը՝ բավարարվա՞ծ է նա իրենց խոստումներից ու նվերներից, ամենքը տեսան, թե ինչպես շարժվեց Յուպիտերի արձանի գլուխը, և լսեցին նրա ձայնը, որ նման էր ընդերքից եկող խուլ դղրդյունի։ Անձրևը դադարեց հանկարծակի, ինչպես սկսվել էր։ Քաղաքն աշխուժացավ, հորանջեց ու ձգվեց։ Եկան առաջին օձակիրները, լուր բերելով, թե Միհրդատը փախել է Հայաստան, թե Ամիսոսն առնված է, Սինոբը՝ պաշարված, թե զորքի մի մասն անցել է Տավրոսը, մտել Կապադովկիա և ուր որ է կմոտենա Հայաստանի սահմանին։ Բանբերների հետ ափ իջավ նաև Լուկուլլոսի լեգատ և աներձագ Պուբլիոս Կլոդիոսը։ Նա եղել էր Հայաստանում, տեսնվել հայոց արքայի հետ և պահանջել հանձնել Միրհրդատին։ Տիգրանն իր հողն առաջին անգամ ոտք դրած հռոմեական դեսպանին ընդունել էր մեծ շուքով, սակայն մերժել էր՝ ասելով, թե ամենքը կծաղրեն իրեն, եթե մատնի իր երկրի թագուհու հարազատ հորը։ Պուբլիոսը հոխորտացել էր, թե արքան ստիպված կլինի պատերազմել Հռոմի դեմ, որին Տիգրանը պատասխանել էր, թե պատրաստ է կռվի բռնվել ցանկացած ժամի։ Պատերազմ չէր սկսվել, քանի որ Լուկուլլոսը չուներ այդ մասին սենատի որոշումը։ Ֆակտիոն Լուկուլլոսին չէր սիրում։ Սուլլայի դիկտատուրայի ժամանակ կույր նախանձից ծնունդ առած հակակրանքը Միհրդատի փախուստից հետո վերածվել էր բուռն ատելության, քանի որ նրանց համար մահացու վիրավորական էր, որ պակաս նշանավոր տոհմից ելած ինչ-որ մի երիտասարդ գերազանցեր իրենց փառքով, և եթե քաղաքի հայրերն անգամ զգային նոր պատերազմի անհրաժեշտությունը, ապա կջանային մեկ ուրիշին տեսնել Ասիական զորքերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում։ Սա էր պատճառը, որ Պուբլիոսը գաղտնի էր պահում վերադարձի իսկական նպատակը։ Հետաքրքրասերներին պատասխանում էր, թե հոգնել է բարբարոսական պիղծ արյուն հեղեղելուց և եկել է կազդուրվելու։ Նա ցերեկը ցուցադրաբար թրև էր գալիս հասարակական վայրերում, պրանդիումից [31] հետո պարտադիր լինում Ֆորումում, երեկոյան այցելում կրկես կամ պալեստրա [32] ։ Իսկ երբ օրվա հոգսերից խոնջացած քաղաքը խաղաղվում էր և քաշվում նախաքնային աղոթքի, նա, ստրուկի շորեր հագած, սակավամարդ նրբանցքներով աննկատ հասնում էր Պրեցիայի ինսուլան, ուր նրան ամեն անգամ սպասում էին սենատորների նորանոր խմբեր։ Պուբլիոսը նրանց պատմում էր Տիգրանակերտի, Անտիոքի հեքիաթային հարստությունների մասին, և նրանց աչքերը փայլում էին իրենց հագուստների ադամանդե զարդերի պես. նա իմպերատորի անունից երդվում էր բաժին հանել Ողականի և Բաբիրքի անհամար գանձերից, բարեբեր տարածքներ հատկացնել Արաքսի ափին, առավել անհամբերներին վարձատրում էր Ասիայից բերած ոսկով, որպեսզի նրանք սենատի առաջիկա նիստում Լուկուլլոսին թույլատրեն հարձակվել Հայաստանի վրա։