Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 58

այն սկզբում միայն ամբոխի ուրախ տրամադրությունը փչացրեց ՝ բացօդյա զվարճատեղերից նրան քշելով Մեծ կրկես և գինետներ ։
Բայց անցավ մեկ շաբաթ, երկու, իսկ միալար իջնող տարափը շարունակվում էր անընդմեջ, ասես Դանայոսի դուստրերն իրենց պատիժը կրում էին անմիջապես քաղաքի վերևում ։
Քաղաքը սմքել էր խոնավությունից, կուչ եկել և ագահորեն մեգ էր ծխում ։ Երբեմնի վարդագույն ու ձիգ պարսպաշարը գորշացել ու ծանրորեն կախվել էր Տիբերի վրա ։ Տուֆե ու տրավերտինե տաճարները, շարունակ ջուր ծծելով, դժգունել էին ու կքվել ՝ ծանրացած ոսկեզօծ տանիքների օրավուր աճող ճնշման տակ ։ Անձրևաջրերից հագեցած Տիբերը փքվել, բարձրացել-հասել էր ալեզուսպ պատնեշի շուրթերին և ագահորեն լիզում էր այն ։ Ջրի կատաղի ընթացքն իր հետ տանում էր գրկաչափ ծառաբներ, հեղեղի բերանն ընկած անասուններ, հաճախ նաև ՝ մարդկային ուռած դիակներ ։
Ծովը ևս փոթորկված էր, և քանի որ ոչ մի բանբեր չէր ժամանում ասիական պրովինցիաներից, Հռոմն անտեղյակ էր արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմի վիճակին ։ Սեքստիլիոսի սկզբներին ստացված լուրերի համաձայն Միհրդատը ծովային և ցամաքային մի քանի անհաջող մարտերից հետո քաշվել էր երկրի խորքը ՝ բախտի քմահաճույքին թողնելով պոնտական հարուստ նավահանգիստներն ու Ամիսոս մայրաքաղաքը ։
Երբ երրորդ շաբաթն էլ հանգիստ չբերեց քաղաքին, զանազան մունիցիպալիտետներից հավաքվեցին հեղինակավոր գուշակներ և, քրմերի կոլեգիայի հետ ամբողջ երկու օր մանրազնին ընթերցելով Սիբիլյան սուրբ գրքերը, հայտարարեցին, թե քաղաքը կործանումից կփրկի համաիտալյան իննօրյա աղոթքը միայն ։ Աստվածների զայրույթը մեղմելու համար, իսկ այն, ըստ սուրբ գրքերի, պատճառ էր պաշտոնապես չճանաչված դավանանքների ներթափանցման, արգելվեցին ամեն տեսակ օտար հավաքներ. սենատի կարգադրությամբ և խստագույն հսկողությամբ հավաքվեցին և Կապիտոիումում այրվեցին այլ դավանանքների գրքերն ու ծիսամատյանները, արգելվեցին օտար աստվածներին նվիրված աղոթքները, զոհաբերություններն ու մաքրումները ։ Ֆորումում ողջ-ողջ թաղվեցին գալլական և հունական ծագումով այլադավան երեք զույգ տղամարդիկ ու կանայք, զմռսվեցին կուսության ուխտը խախտած երկու վեստալուհիներ ։ Սա քիչ համարելով ՝ եռահարկ հարթակների վրա առատ զոհեր մատուցեցին Յուպիտերին ու Յունոսին, Մարսին և Նեպտունոսին, Ապոլոնին և Վուլկանին, չորս հարյուր տաղանդ ոսկի նվիրաբերեցին Վեներա աստվածահուն, Միներվային եռօրյա խաղեր խոստացան ՝ խնդրելով վերադարձնել հանրապետության հանգիստը և քաղաքը հեռու պահել ամեն տեսակ փորձանքից ևս հինգ տարի ։ Բայց աստվածամեծարումը դրանով չավարտվեց ։ Ամենօրյա աղոթքներից հետո, քաղաքը և նրա բնակիչներին մաքրելու նպատակով, այր թե կին, վարսերին մրտենու ճյուղերից պսակներ, անձրևի տակ շրջում էին փողոցներում և զոհ մատուցում ամեն դարպասի մոտ, հետո, խարույկ վառելով կամարների տակ, տաճարների ներսում, տների մեջ, թռչում էին վրայից և ազատվում մեղքերից ։ Հիվանդները, ծերերն ու մանկահասակ երեխաները մաքրվում էին օդով ՝ տարուբերվելով սենյակներում գցված ճոճերի վրա կամ օծվում սրբազան ջրով ։ Եվ որպեսզի մաքրումը կատարյալ լիներ ու բարի հոգիները չբանտվեին տներում, բոլոր դռները բացվեցին, ամենքը ՝ օտար և անծանոթ,