Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 57

Գլուխ առաջին
նպատակով նա Փոքր դաշտում ճաշկերույթ կազմակերպեց ժողովրդի համար. մրգերով և ուտելիքներով ծանրաբեռնված հազար երկու հարյուր սեղանները չբավականացրին մասնակիցներին, և նա կարգադրեց գցել ևս երեք հարյուրը ։
Ավրելիայի ուրախությանը չափ չկար. սիրելի և միակ ուստրը, ում հաջողություններին հավատում էր այնպես համառորեն, քաղաքում մեծ ճանաչում էր ձեռք բերել ։ Լինելով սաստիկ սնահավատ ՝ նա որդու հաջողությունների մեջ տեսնում էր երկնավորների միջամտությունը և նրանց սիրտը շահելու համար խոստացել էր զավակի տրիբուն ընտրվելու դեպքում քսան արջառ զոհաբերել աստվածների Հորը ։
Ժողովրդական ժողովի նախորդ գիշերը Հուլիոսների տանը փոքրիկ Հուլիայից [ 28 ] բացի ոչ ոք չքնեց ։ Երեկոյան աղոթքից հետո Ավրելիան հավաքեց բոլոր սպասուհիներին, և սրանք եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Գայոսի և նրա ուղեկիցների հագուստների պատրաստմանը ։ Տիրուհին այդ օրը չափից ավելի բծախնդիր էր. նա սպասուհիներին երեք անգամ ստիպեց արդուկել Գայոսի տոգան, ուղղել տվեց եզրաժապավենը, ամենայն մանրախնդրությամբ ստուգեց շքախմբի անդամների հագուստները, պատգարակի վարագույրների համաչափությունը. ասես դրանք էին որոշելու որդու բախտը ։
Գայոսը գիշերն անցկացրեց Հուլիայի և Կոռնելիայի ընկերակցությամբ ։ Սպասուհիներին արձակելուց հետո նրանց միացավ նաև Ավրելիան ։ Բոլորն անհանգստացած էին. անչափ մեծ էր վաղվա օրվա նշանակությունը ։ Եվ որքան էլ Հուլիան փորձում էր զվարճացնել հարազատներին, տավիղ էր նվագում, երգում, միևնույն է, հոգեմաշ մտահոգությունը չէր լքում նրանց. իսկ թե պատահե ՞ ր չնախատեսված որևէ բան կամ, որ ավելի հավանական էր, Ֆակտիոն փորձե ՞ ր ազդել ընտրության ընթացքի վրա ։
Լուսաբացն անձրևոտ էր ։ Ծովի կողմից եկած սև, ջրառատ ամպերը կառչել էին տաճարների տանիքներից, ու մանրիկ անձրև էին մաղում քաղաքի վրա ։ Տարափի վտանգ կար ։ Սակայն օրվա չորրորդ ժամին [ 29 ] դրանից հետք անգամ չմնաց. Ալբանոյի փեշերից փչող տաք քամին ծվեն-ծվեն արեց ամպերը, սրբեց, ավլեց երկնակամարը ՝ ուղի հարթելով Ապոլոնի ոսկեհուռ և շողշողուն կառքի համար ։ Փողոց ելած հռոմեացիք քաղաքի տարբեր ծայրերից զվարթ աղմուկով հոսեցին դեպի տրիբուսները [ 30 ] ։
Դուրս գալով բակ ՝ Կեսարը համբուրվեց հարազատների հետ, ապա բազմեց պատգարակի գահավորակին ։ Վեց խափշիկ նրան առան ուսերին և, ելնելով դարպասից( Ավրելիան աղոթում էր նրանց հետևից), հանդարտ ու վստահ քայլերով տարան դեպի քաղաքական կյանքի հորձանուտը ։

Մասն երրորդ

Գլուխ առաջին

Ամեն ինչ սկսվեց հանկարծակի պլեբեյական խաղերից մի քանի օր անց, երբ աղմկոտ քաղաքը Մարսյան դաշտում դեռ զվարճանում էր ՝ գլադիատորական արյունահեղ մարտեր դիտելով, ամենևին չակնկալելով, թե սեքստիլիոս ամսվա կեսին եղանակը կարող է այդպես շեշտակի փոխվել ։ Անձրևը սովորական երևույթ էր Հռոմի համար և