Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 56

Բավական էր՝ նա երևար փողոցում կամ բաղնիքում, շրջապատում էին անմիջապես, և տեղում էր հարցերի տարափը. չէ՞ր վախենում արդյոք գերության մեջ, ինչպե՞ս հաջողվեց անծայրածիր ծովում գտնել ավազակներին, նրանց ողջ-ո՞ղջ խաչեց, թե՞ սպանելուց հետո, ինչպե՞ս կարողացավ հոնիական քաղաքներին պարտադրել վճարել փրկագինը, ճի՞շտ է, որ, օժանդակ ջոկատ հավաքելով, կռվել է պոնտացիների դեմ, ազատագրել մի քանի քաղաքներ ու արժանացել արիության կաղնեպսակի։ Ճակատագիրը կամովին ղեկը հանձնել էր նրան, և հարկավոր էր առավելագույն օգուտը քաղել բարենպաստ իրադրությունից։ Մի առանձին բծախնդրությամբ նա սկսեց հետևել իր արտաքինին. հագնվում էր շքեղ, կոկիկ, մազերը միշտ խնամքով սանրված էին, տունիկայի գոտին կապված էր սովորականից թույլ, որը դիտվում էր որպես մեծ հանդգնություն ընդունված սովորույթների հանդեպ։ Հասարակական վայրերում հայտնվում էր լավ հագնված երկու ստրուկների հետ, որոնք, թե տապ էր լինում, տիրոջը հովանոցով պաշտպանում էին արևից, մռայլ օրերին անձրևանոց էին բռնում կամ էլ ճանապարհ բացում ժողովրդի մեջ։ Բայց միայն պճնամոլությամբ չէ, որ նա կամենում էր իր վրա բևեռել համաքաղաքացիների ուշադրությունը։ Նա գոռոզ չէր, կարող էր ժամերով զրուցել ամենաաղքատ քվիրիտի հետ, սիրալիր էր հովանավորյալների [27] նկատմամբ, նրանց հոգսն ընկալում էր որպես իր սեփականը։ Նա չէր զլանում պատասխանել հետաքրքրասերների հարցերին, օրը տասից ավելի անգամ ամենայն մանրամասնությամբ պատմում էր իր արկածների մասին՝ քաջ գիտենալով, որ իր օգտին քվեարկվող յուրաքանչյուր ձայն կարող էր ճակատագրական լինել։ Նա կրպակներից ու շուկայի տաղավարներից գնում էր հսկայական քանակությամբ միս, քաղցրավենիք, այլ մթերք և բաժանում կարիքավորներին, իսկ հետո, որը մինչ այդ չտեսնված էր ու չլսված, տուն էր հրավիրում ամենավերջին աղքատներին ու պատվում։ Նրա ստրուկներն օրերով քարշ էին գալիս գինետներում և, իբր պատահաբար, խոսք էին բացում իրենց տիրոջ առատաձեռնության ու արկածների մասին։ Թե շրջապատը դեռևս անտեղյակ էր լինում Գայոսի ոդիսականին, գունազարդում էին այն իրենց երևակայության թույլատրած սա հմաններում, միշտ պահպանելով իրականի և անիրականի անջրպետը։ Նրա մարդիկ ամեն օր փող էին բաժանում Էսքիլենի ու Սուբուռայի աղքատներին ու խոշտանգված նախկին զինվորներին՝ չմոռանալով հիշեցնել, թե ում է հարկավոր դրա համար երկրպագել։ Այսքանով երևի կարելի լիներ բավարարվել, մանավանդ որ մյուս թեկնածուները, թեև տարիքով իրենից մեծ լինելով, ժողովրդին իրենց կողմը գրավելու համար մեծագործություններ չունեին արած, եթե չհաշվենք Սուլլային մատուցած ծառայությունները, որոնք կրկին Կեսարի բախտից այժմ այնքան էլ հարգի չէին, քանի որ Լուկուլլոսը և Պոմպեոսը՝ դիկտատորի կողմից առավել հարգված պատրիկները, իրենց համատեղ կոնսուլության տարում, ի մեծ զարմանս ամենքի, չեղյալ էին հայտարարել Սուլլայի ընդունած մի շարք որոշումներ։ Սակայն Գայոսը հասկանում էր, որ բարենպաստ այս վիճակը երկար չի տևի. բավական էր Կրասոսը, Պոմպեոսը կամ թե Լուկուլլոսը հաղթանակ տանեին, և ինքը կրկին կմնար ստվերում։ Սա էր պատճառը, որ նա չբավարարվեց ձեռք բերածով։ Մարտյան իդերին՝ ընտրություններից երեք օր առաջ, հոր հիշատակը հավերժացնելու