Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 55

վիգիլներն ամեն ժամ սպասում էին, թե ուր որ է Մարսյան դաշտը կհեղեղվի բարբարոսների խառնամբոխով ։ Սոսկալի այդ օրերից բավականին ժամանակ էր անցել, բայց սարսափը դեռ իսպառ չէր լքել Հռոմուլոսի հետնորդներին ։
Երբ Գայոսն իր շքախմբի ու բռնագրաված հարուստ ավարի հետ Հռոմ հասավ, կյանքն այստեղ խաղաղվել էր ։ Բոլորը համոզված էին, որ եթե մինչև ձմռան ցրտաշունչ օրերի սկսվելն ապստամբությունը հիմնովին չճնշվի, ապա գարնանը Կրասոսն անպայման կոչնչացնի նրանց ՝ օժանդակություն ստանալով Պոմպեոսից ։ Սակայն շուտափույթ հաջողության նրանց ավելի շատ հուսադրում էր խռովարարների ղեկավարների միջև ծագած տարաձայնությունը, որը սպառնում էր կիսել ստրուկների բանակը ։
Քաղաքում կյանքը մտել էր նախկին հունի մեջ, և երբ Կեսարը Հռոմ հասավ, նոր հավաքագրված լեգեոնի զինվորական տրիբունների ընտրություններ էին սկսվել ։ Պոնտացիների դեմ գրեթե մեկ տարի պատերազմած Գայոսը, որ հասցրել էր սիրել զինվորականի կյանքը, այս զուգադիպությունը համարեց լավ նշան և առանց երկմտելու առաջադրեց իր թեկնածությունը ։
Լեգեոնն ուներ վեց տրիբուն, որոնք, միմյանց փոխարինելով, հերթականությամբ ստանձնում էին հրամանատարի ՝ լեգատի պարտականությունները ։ Այդ պաշտոնն այնքան էլ բարձր չէր, բայց հանդիսանում էր սենատ տանող սանդուղքի առաջին աստիճանը. արիստոկրատիան հենց սրանից էր սկսում քաղաքական գործունեությունը ։
Ռազմական տրիբունները սովորաբար նշանակվում էին կոնսուլների կողմից, բայց քանի որ նրանք երկուսն էլ հարավում աջակցում էին Կրասոսին, հարցը պիտի վճռեր ժողովրդական ժողովը ։ Նման բան Գայոսը երազել անգամ չէր կարող. կոնսուլները եթե քաղաքում լինեին, անպայման կմերժեին իր թեկնածությունը ։ Նման հնարավորություն երկրորդ անգամ դժվար թե ստեղծվեր, և նշանակալի կարողության տեր դարձած Կեսարը որոշեց ոչինչ չխնայել ժողովրդին սիրաշահելու համար ։
Ի մեծ զարմանս և հուրախություն իրեն ՝ դրան հասնելու համար մեծ ջանքեր չպահանջվեցին. Ասիայում տեղի ունեցած դեպքերի լուրերն իրենից շուտ էին հասել քաղաք, այնպես որ, ընտրողներին իր անձը ներկայացնելու համար երկար-բարակ հանդիպումներ կազմակերպելու կարիք չզգացվեց ։ Սուր տպավորությունների, ցնցող դեպքերի ու փառավոր հաղթությունների սիրահար Հռոմի հետաքրքրասիրությունը բավարարվածություն էր տենչում ։ Կրասոսից դեռևս գոհացնող լուրեր չկային, Միրհրդատն առայժմ նեղում էր Կիզիկոսում պաշարված կոհորտաներին, և Կեսարի հետ պատահած արկածները, որոնք մեկ այլ ժամանակ երևի ուշադրության անգամ չարժանանային, դարձան այն դեղամիջոցը, որը կարող էր փոքրիշատե մեղմել այս զուտ ազգային հիվանդությունը ։
Մինչ Գայոսի Հռոմ հասնելը, համաքաղաքացիներն արդեն լուրջ հետաքրքրություն էին տածում նրա անձի հանդեպ, սակայն բերնիբերան անցնող լուրերին ոչ բոլորն էին հավատում ՝ պնդելով, թե Յուպիտերի նախկին քրմից այդպիսի արարքներ անհնարին է սպասել ։ Բայց երբ ինքը հայտնվեց հասարակական վայրերում և կրկնեց այդ ամենը ճշտությամբ, երբ Ասիայից վերադարձած վիրավոր զինվորները հավաստեցին նրա պատմածը, կասկածի նշույլ այլևս չմնաց ։