Եթե բոլորովին անտեղյակ մեկը պատահաբար հայտնվեր Օստիայում, անմիջապես
կկռահեր, որ հանրապետությունում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում,
թեև ապստամբներն այս կողմերում չէին եղել։ Դրա համար ամենևին կարիք չէր
զգացվի հարցուփորձ անել տեղացիներին կամ մտնել աղմկոտ գինետները։ Սովոր
աչքն անմիջապես կզգար ստրուկների պակասը. բոլորը, ովքեր կարողացել էին,
փախել էին Կապուա՝ միանալու Սպարտակին, և ստրուկի գինը շուկայում
բարձրացել, հասել էր ասիական ընտիր նժույգի գնին։ Եվ քանի որ Միհրդատի դեմ
կռվող լեգեոններն առայժմ լուրջ հաջողություններ չունեին ու անկարող էին
անհրաժեշտ աշխատուժով ապահովել երկիրը, սպասվում էր նոր թանկացում։ Ոչ
հարուստ պատրիկները, որ մինչ խառնակությունների սկսվելն իրենց թույլ էին
տալիս երթևեկել պատգարակով, այժմ արդեն չէին կարող գնալ նման շռայլության, և
փողոցներում ժամանակավորապես ջնջվել էր պլեբեյների ու արիստո