անհանգստացնել տիրոջը և գուցե այդպես էլ չհամարձակվեին, եթե Կուրիոնի
ուղարկած բանբերը տագնապալի լուր չբերեր քաղաքից։
— Տե՛ր,— կանչեց թիկունքից նրան մոտեցած Ափրոկլեսը։
Կեսարը չլսեց նրան։ Ափրոկլեսը համարձակվեց բռնել տիրոջ ձեռքը։
— Վե՛ր կաց, տեր,— ասաց, քաղաքում իրարանցում է. պոնտական ջոկատներ են
երևացել լեռնանցքում։
Կեսարը թույլ գլխով արեց՝ հասկացնելով, որ լսեց ամեն ինչ։
Առժամանակ մնաց այդպես անշարժ, ապա, հայացքը հառելով բոսորագույն
հորիզոնին, հարցրեց.
— Դու նրանց խղճո՞ւմ էիր։
— Ո՛չ, տե՛ր,— պատասխանեց Ափրոկլեսը կտրուկ։— Եթե փրկագինը ուշացնեինք,
նրանք կսպանեին քեզ կամ կվաճառեին ստրկության և հավատա, խիղճը չէր քրքրի
նրանցից ոչ մեկի հոգին։
— Բայց նրանք մարդիկ էին...
— Նրանք մարդասպաններ էին, տե՛ր։
Կեսարը ձեռքը տարավ դեպի ուսն ու արձակեց տոնիկայի ճարմանդը։
— Սրտխառնոց եմ զգում, անտանելի սրտխառնոց, ասես մի տակառ թթված գինի եմ
խմել։
— Կանցնի,— ասաց Ափրոկլեսը՝ օգնելով նրան բարձրանալ։— Արյան հոտից է.
պետք չէր մոտիկից նայել։
Այդ պահին ազատարձակն զգաց, թե ինչպես հանկարծակիորեն թուլացավ տիրոջ
ձեռքը։ Վայրկյան իսկ չկորցնելով՝ նա ձայնեց բշժկին։ Սա վազելով եկավ, գրպանից
հանեց ոսկրե շեղբն ու, ավազի վրա տենդորեն թփրտացող տիրոջ ծնոտներն ուժով
իրարից հեռացնելով, պիրկ, ոսկրոտ մատներով կառչեց նրա կուլ գնացած լեզվից,
դուրս քաշեց այն կոկորդից և, ատամներով բռնելով, մնաց անշարժ պառկած, մինչև
տերը վերջապես հանդարտվեց։
Գլուխ վեցերորդ
Որ իր բացակայության ընթացքում Իտալիայում ստրուկների ապստամբություն էր
բռնկվել, Ասիայից վերադարձող Կեսարը բազմիցս լսել էր Հռոմից եկած
համերկրացիներից, բայց ամենևին չէր պատկերացնում, թե այն կարող էր այս
աստիճան խառնել հանրապետությունը։ Ստրուկների ընդվզումները բացառիկ
երևույթ չէին, ընդարձակ տիրության զանազան մարզերում դրանք միշտ էլ բռնկվում
էին, բայց ամեն անգամ խռովարարներին հանդարտեցնելու համար բավականացրել
էին խիստ վարժեցված կամ վետերաններից հավաքագրված մի քանի կոհորտաներ,
ծայրահեղ դեպքում՝ մեկ լեգեոն, ինչպես եղավ տարիներ առաջ Հռոդոսում, ուր
ստրուկները հրկիզեցին կուսակալի ապարանքը։ Սակայն այս անգամ
ապստամբների դեմ հանվել էր Հռոմում և մերձակա մարզերում եղած ամբողջ զորքը,
ոչ պակաս՝ երեք լեգեոնից, և էլի անորոշ էր, երբ կհանդարտվեր երկիրը և
կհանդարտվե՞ր այն ընդհանրապես։