կառքը։ Անջատվելով երթից ու պայտած կոշիկներով շրխկշրխկացնելով խճաքարերի
վրա նա մոտեցավ կառքին և կոպտորեն հետ քաշեց վարագույրը։
— Որքան երախտապարտ եմ, որ շնորհ արեցիր ներկա գտնվել մեր համեստ
ներկայացմանը,— հեգնեց Կեսարը՝ ձեռքը կրծքին դնելով ու խոնարհվելով, ապա
շարունակեց բարկացած,— իզուր ժամանակ ես վատնում այստեղ։ Խորհուրդ կտամ՝
դառնաս քաղաք և մտածես, թե որտեղից ես ճարելու այն երեսուն տաղանդը, որ քո
ապաշնորհության հետևանքով այս կողմերում վխտացող ավազակները
պահանջեցին իմ կյանքի դիմաց։
— Բայց դու այն ետ ես առել,— կմկմաց քաղաքապետը, որ անսպասելի այս
պոռթկումից շշմած, անօգնական նայում էր հռոմեացու արյունով լեցուն աչքերի մեջ՝
չհավատալով, որ իր առջև կագնած է նավատորմ խնդրող այն հիվանդոտ
երիտասարդը։
— Քո անուրանալի օգնությամբ,— խայթեց Կեսարը։— Քո քաղաքի տարածքում
թալանել են հռոմեացի պատրիկի, և դու կվճարես իմ փրկագինը՝ ամբողջությամբ։
Նա թափով ծածկեց վարագույրը, բայց կրկին բացեց և ասաց հանդարտ ու
հանդիսավոր.
— Ես սենատին կխնդրեմ՝ զրկել ինձ Հռոմի քաղաքացին լինելու բարձր պատվից,
եթե քեզ չպարտադրեմ անել այդ։
«Եթե սա այնքան համառն է, որ ահռելի ծովում գտավ աննշան նավը,— մտածեց
Սմիրնայի քաղաքապետը՝ վարագույրի ետևից գաղտագողի նայելով հեռացող
հռոմեացուն,— ապա չի զլանա ու կգնա նաև կուսակալի մոտ»։
Եվ նա վճռեց երեք նամակատար ուղարկել, երկուսը՝ ծովափնյա մերձակա
քաղաքներ՝ հայտնելու, որ վայրագ մի հռոմեացի իր ներկայությամբ սպառնաց Մեծ
սենատին հրահրել՝ պատասխանատվության կանչել բոլոր երեք քաղաքներին, եթե
դրանք շուտափույթ չվճարեն իրենից առնված փրկագինը, իսկ երրորդը կգնա
Պերգամոն՝ կուսակալի մոտ, հայտնելու, թե ինքը՝ Սմիրնայի քաղաքապետը,
ինչպիսի ջանքերով գերեց քաղաքը ահուսարսափի մեջ պահող ծովահեններին և թե
ինչպես ինքը պատժեց նրանց՝ ի տես ամենքի։ Նա կանչեց թիկնապահներից մեկին, և
երբ սա մոտեցավ ու ձիու վրայից կռացավ դեպի կառքը, ասաց.
— Հայտնի՛ր նրան, որ կստանա փողը։
... Ծովն անմեղության աստիճան խաղաղ էր։ Հորիզոնի վարդագույնը հետզհետե
գունատվում էր, և ավարտվող օրը, փեշերը հավաքելով, հայելային մակերևույթի
վրայով դանդաղորեն նահանջում էր դեպի արևմուտք։ Առաջին գիշերահավուկներն
անկանոն թրատում էին մռայլվող երկնակամարը՝ մերթ ընդ մերթ անհետանալով
ափի եզերքով շարված հսկա նավերի թիկունքում։
Թափորը վաղուց ց րվել էր, կշտացած գիշանգղերը ևս հեռացել էին, և խաչածածկ
դարավանդի վրա թանձր խաղաղությունն էր թագավորում։
Առափնյա խոնավ ավազին նստած՝ Կեսարը գլուխը հենել էր բազուկներով ամուր
գրկած ծնկներին և ուշադրություն չէր դարձնում ոտքերն ողողող, եկող-դարձող
կոհակներին։ Ափին թրև եկող նրա ուղեկիցները երկրորդ ժամն էր՝ չէին հանդգնում