մոտեցան ու հեռացան, հեռացան ու մոտեցան և համոզվելով, որ վերջինս ոչնչով չի կարող վնասել իրենց, միմյանց հրելով, նստեցին նրա գլխին, ուսերին, կառչեցին շապիկից, անդրավարտիքի փողքերից ։ Առաջին վերքերից խաչվածը ոռնաց ցավագին ու տենդորեն ցնցեց իրեն ։ Թռչուններից մի քանիսը վեր թռան, բայց առավել ագահները շարունակում էին կտցահարել նրա դեսուդեն փախչող գլուխը ։
— Հանգստացրո ՛ ւ նրան,— ասաց սոսկալի տեսարանից փշաքաղված Կեսարը զինվորներից մեկին ։ Ապա դարձավ դահիճներին ։
— Ազատե ՛ ք սրանց վերջին տանջանքներից ։
Լեգեոները ետ դարձավ ու, վեր պարզելով նիզակը, սուր ծայրը դեմ արավ ծովահենի կրծքին ։ Գիշանգղերը վախեցած վեր թռան, և լեգեոները սոսկաց ՝ խաչվածի բզկտված դեմքին նայելով ։ Կուրացած ծովահենը մետաղի սառը հպումից մի պահ դադարեց մղկտալ, բայց ոչինչ հասկանալ կամ արտաբերել չհասցրեց. լեգեոները, սրտաճմլիկ տեսարանից ցնցված, գլուխը ետ թեքեց ու նիզակի երկաթյա ծայրակալն ամբողջությամբ խրեց ծովահենի սիրտը ։ Խաչվածը վայրկենապես հանգստացավ, նրա այլանդակված գլուխը թուլացած կախ ընկավ կրծքին, իսկ երբ լեգեոները դուրս քաշեց նիզակը, մութ խոռոչից մուգ կարմիր, գրեթե սև արյուն հորդաց ու, ներկելով բրդյա լայն շապիկը, ծորաց տրորված հողի վրա, որից խոնավության հազիվ նշմարելի գոլորշի էր ելնում ։
Առաջանալով հիսուն քայլ ՝ թափորը նորից կանգ առավ ։ Զինվորները սայլից իջեցրին երկրորդ խաչը, հունի մեջ մտած դահիճներն առանց ընտրության ճանկեցին գերիներից մեկին, հմտորեն մեռցրին ու կապեցին սյունից ։ Այստեղ ծովահենները ծնկի եկան, հող ցանեցին գլխներին ու դեմքերին, սողացին դեպի հռոմեացին ու համբուրեցին նրա կաշվե փոկապատ, ճտքավոր կոշիկները ՝ անվերջ կրկնելով.
— Գթա ՛ մեզ, տեր, գթա ՛, աղաչում ենք, գթա ՛։ Տանջի ՛ ր մեզ, դարձրո ՛ ւ քո ստրուկը, միայն մի ՛ զրկիր մեզ արևից ։ Գթա ՛ մեզ, տե ՛ ր, գթա ՛...
Հռոմեացին, որ սիրում էր հպարտանալ իր սառնասրտությամբ, խղճահարվեց և հայտնի չէր ՝ ինչպես կվարվեր, եթե այդ ժամանակ հոնիացիների ահագնացած բազմությունը, ոչ այնքան աննախադեպ տեսարանը շարունակելու մոլուցքով, որքան անկեղծ վրեժով բռնկված, չսեղմվեր դեպի գերիները ՝ սպառնալով ճեղքել առաջին օղակը ։ Երթը կառավարող Կուրիոնը, զգալով, որ Գայոսը տատանվում է, մոտեցավ նրան ու ցածրաձայն ասաց.
— Պետք չէ խղճալ նրանց, Կեսա ՛ ր. բոլոր երկրները մահապատիժ են սահմանել ծովահենության համար ։ Բացի այդ, կարիք չկա գրգռել ամբոխին ։ Սրանք հոնիացիներին մեծ վիշտ են պատճառել ։
Գայոսը հայացքը սահեցրեց լեգեոներներին նեղող հոնիացիների վրայով և որոշեց վերջ տալ հրմշտոցին ։
— Վարվի ՛ ր, ինչպես հարկ ես համարում,— ասաց նա Կուրիոնին ։
Նիզակի բութ ծայրով հարվածելով ՝ զինվորները ոտքի հանեցին ծովահեններին ։ Հանգստացած ամբոխը քառասուն տղամարդու ողբալացի ներքո առաջացավ դարավանդի վրայով ։ Այստեղ Գայոսը հանկարծ նկատեց, որ թափորի վերջից, մի քիչ ետ ընկած, հեծյալ պահակախմբի ուղեկցությամբ, գալիս է նաև քաղաքապետի