Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 50

լեգեոներներ ։ Երթը եզրափակում էր հոնիացիների աստիճանաբար ահագնացող ամբոխը ։
Տաք ավազը խշշում էր նրանց ոտքերի տակ, լցվում կոշիկների մեջ ։ Զինվորները երթի մեջ ազատվում էին պղնձե թերթիկավոր լանջապանակներից ու նետում սայլերի վրա ։ Տապից նեղված ՝ նրանք ստեպ-ստեպ դուրս էին գալիս շարքերից, դեմքն ու հագուստը թրջում ծովաջրով ։
Արևի տակ գլխաբաց քայլող ծովահեններին անտանելի շոգն ամենևին չէր նեղում, և նրանք անտրտունջ կքայլեին այսպես հավերժորեն, միայն թե թափորը կանգ չառներ, որ կնշանակեր վերջ իրենց երկրային կյանքին ։ Այժմ նրանց լրջորեն անհանգստացնում էին միայն գլխավերևում պտտվող, հայտնի չէ ՝ ինչպես հոտն առած ու հայտնի չէ ՝ որտեղից հայտնված, հսկայաթև գիշանգղերը, որոնք, գալիք խրախճանքի կանխավայելումով նույնպես անտրտունջ հետևում էին թափորին և նույնպես պատրաստ էին ուղեկցել նրանց որքան ասես երկար, միայն թե վերջում, որպես վարձատրություն, թույլ տրվեր քչփորել խաչվածների գանգերն ու անուշ անել դրանց միջի լպրծուն գորշանյութը ։
Նավահանգստից կես վերստի չափ հեռանալով ՝ թափորը դեմ առավ դարավանդին ։ Ճանապարհի թեքությունը շեշտակի մեծացավ ։ Սայլերը դժվարությամբ էին առաջանում սմբակների տակից փախչող մանրիկ խճաքարերի վրայով ։ Քրտինքի մեջ կորած ջորիները սայթաքում էին, ետ-ետ գնում, հետո, շունչ առնելով, դողդողացող վերջավորություններով մի կերպ կառչում գետնից ու վեր բարձրանում կրիայի արագությամբ ։ Զինվորներից ոմանք խաչերի վրա դարսեցին նիզակներն ու արևի տակ փայլփլող անագապղնձե վահանները և, մինչև կոճերը խրվելով խճաքարերի մեջ, սայլերը հրեցին դարավանդն ի վեր ։ Հոնիացիներն օգնության հասան նրանց ։
Թափորը դանդաղ ելավ դարավանդի վրա, և երբ քաղաքը երևաց ինչպես ափի մեջ, ու հորիզոնի գիծը ծովի վրայով հեռացավ մի քանի տասնյակ վերստ, կանգ առավ ։ Գիշանգղերը ևս դադարեցին առաջանալ և, փոքրացնելով պտույտների շառավիղները, անհանգիստ ղունղունոցով սկսեցին կտցահարել միմյանց ՝ պարզելու ՝ թե ում է վիճակվելու առաջին համտեսի իրավունքը ։
Հոնիացիները, միմյանց ոտնատակ տալով, սեղմվեցին դեպի գերիները, բայց, հանդիպելով իրենց կողմ պարզած նիզակների անտառին, ընկրկեցին ։ Վիզը ձգած ՝ նրանք ջանացին հազվադեպ տեսարանից բաց չթողնել ոչ մի հատված ։
Իրենց գործն անգիր իմացող դահիճները, որ լուրն առնելուն պես եկել էին քաղաքից և սիրահոժար ու անհատույց իրենց ծառայությունն առաջարկել, սայլից իջեցված կոպիտ խաչի վրա մեծագույն բավականությամբ և վարպետությամբ պառկեցրին դիմադրելու անիմաստ փորձ անող ծովահենին և, ամենևին ականջ չդնելով նրա սրտակեղեք վայնասունին ՝ կաշեփոկով ամուր կապկպեցին ։ Հետո զինվորների օգնությամբ խաչի ստորին եզրը մտցրին շտապով փորված փոսի մեջ ու կանգնեցնելով ջանասիրաբար փոսը լցրին խոնավ հողը ։
Երբ ամեն ինչ բարեխղճորեն արված էր, լեգեոներները շարժվեցին առաջ, իսկ հոնիացիք, առժամանակ նայելով անտեղի թպրտացող ծովահենին, շտապեցին ետ չմնալ ու լավ տեղ զբաղեցնել երթի մեջ ։
Նոր էր թափորը հեռացել խաչվածից, գիշանգղերը կտրուկ իջան ցած, մի քանի անգամ պտտվեցին իրենց հայտնվելուց ձայնը գլուխը գցած ծովահենի շուրջը,