Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 49

Չորս զինվոր, որ հրահանգավորվել էին դեռևս նավի վրա, գնացին քաղաք ՝ բեռնակիր անասուններ ու սայլեր բերելու ։ Իսկ մյուսները, որոնք չէին հսկում գերյալներին, մաքսատան աջ թևում գտնվող նավաշինարանից քարշ տվին թզաչափ հաստության գերաններ ու սկսեցին խաչեր պատրաստել ։
Երեխաների բոկոտն ու կիսամերկ երամը, որ մինչ այդ հետաքրքրությամբ դիտում էր ավազի վրա նստածներին, հայտնի չէ ՝ ինչից բորբոքված հանկարծ ցրվեց նավահանգստի հրապարակում և քարի ու փայտի կտորտանքներ որոնելով, նետեց ծովահենների վրա, և միայն բոլորաձև կանգնած լեգեոներների սպառնալիքները ստիպեցին նրանց հեռանալ ։ Հեռանալով նրանք ընկան խաչ պատրաստողների ոտքերի տակ, զենքի կույտից թռցրին դուր եկած դաշույնը, առավել համարձակները ելան նավի վրա, նստեցին թիերի մոտ ու սկսեցին թափահարել դրանք ։
Ծովի վրա շոգն այս աստիճան սաստիկ չէր ։ Տապից նեղվելով ՝ Գայոսն ազատվեց տոգայից, հետո Կուրիոնի հետ ծովեզրով քայլեց դեպի ափամերձ դարավանդը, որ նկատել էր դեռ նավի վրայից ։
Ծովի կողմից այն ժայռեղեն էր ՝ խիստ կտրտված, իսկ մյուս կողմերից սահուն իջնում էր դեպի նավահանգիստ, քաղաք և դեպի պուրակները ։ Տեղանքն իսկն իր սրտովն էր. լավ երևում էր թե ՛ ծովից, թե ՛ քաղաքից ։
Կիզիչ արևից թուլացած, սաստիկ ծարավ ծովահենները խեղճխեղճ նայում էին խաչեր պատրաստող լեգեոներներին և խորապես զղջում, որ փողի ետևից ընկնելով ՝ ծովը չնետեցին հանդուգն հռոմեացուն, քանի դեռ նա իրենց գերին էր ։ Նրանց վիճակն անհուսալի էր. ոչ մեկի ողորմածությանը չէին կարող ապավինել ։ Աստվածները վաղուց երես էին թեքել նրանցից, ավելի վաղ, քան իրենք կհասցնեին երես թեքել աստվածներից ։ Հոնիացիները, որ շուտով կհեղեղեին ափը, նույնպես բարեհամբույր չէին լինի իրենց հանդեպ, քանի որ այս կողմերը մեկ անգամ չէ, որ եկել էին ավարառության ։
Սպասվող տանջալի մահը սարսափեցնում էր նրանց. հարյուրավոր կյանքեր խլած, ամենուր մահ ու ավեր սփռած, դաժանությունից խիղճը բթացրած այս մարդիկ նոր էին միայն հասկանում, թե որքան սոսկալի է մարդուն բռնի կերպով մեռցնելը, փշաքաղվում էին, երբ փորձում էին պատկերացնել վաղվա օրը, երբ կրկին կծփա ծովը, արևն այսպես, գուցե ավելի ուժգին, կշիկացնի ավազը, ճայերը կթրատեն հորիզոնը, իսկ իրենք չեն լինի այլևս աշխարհի վրա և չեն տեսնի այսպիսի հրաշալի մեկ ուրիշ հետկեսօրե ։
Նոր էր Գայոսը վերադարձել մաքսատուն, երբ ծովահայաց փողոցի վերջում երևաց սայլլերին ուղեկցող հոնիացիների բազմամարդ ամբոխը, որն առաջանալով վայրկենապես հեղեղեց նավահանգիստը ։
Շոգը սաստիկ նեղում էր ։ Այլևս ժամանակ չկորցնելով ՝ զինվորները խաչերը բարձեցին սայլերին, մեկ տասնյակ լեգեոներ մնացին հսկելու բռնագրավված ավարը, իսկ մյուսները ծովահեններին ոտքի կանգնեցրին և ծովեզերքով գնացին դեպի դարավանդը ։
Թափորը գլխավորում էին հետաքրքրասիրությունից այրվող երեխաները, նրանցից հետո գալիս էին չորս կողմից լեգեոներների կրկնակի շղթայով օղակված ծովահենները, ապա ՝ խաչերով բեռնված սայլերը, էլի ՝ մեկ տասնյակի հասնող