— Վատ լուրեր են հասել Քաղկեդոնից...
— Կոտտա՞ն,— միաբերան բացականչեցին քաղաքի հայրերը։
— Այո՜,— կոնսուլը խոր հոգոց հանեց։— Ավելորդ փառասիրությունը քիչ հոգսեր չի
պատճառել հանրապետությանը և դեռ էլ կպատճառի։ Չկամենալով հաղթության
դափնիները կիսել Լուկուլլոսի հետ՝ գերագույն հրամանատարը չի սպասել
օգնության շտապող լեգեոններին, քաղաքի պարիսպների մոտ ընդունել է մարտը ու
ջախջախվել։
Սրահում խոր լռություն տիրեց։
Գլուխ հինգերորդ
Երրորդ ժամն էր արևը զենիթից թեքվել մայրամուտ, երբ հորիզոնի ծփացող
կապույտի վրա հայտնվեցին երեք սպիտակ կետեր, որոնք աստիճանաբար
մեծացան-մեծացան, և քիչ հետո պարզորոշ ուրվագծվեցին ամիսներ առաջ նույն այս
վայրերից ծովահեններին որսալու մեկնած առագաստանավերը։
Կվինտիլիոսյան անտանելի շոգը սմիռնացիներին փակել էր տներում, հավաքել
լեռների կողմն ընկած քաղաքամերձ ստվերախիտ պուրակներում, և
նավահանգստում մաքսատան մեկ տասնյակ աշխատողներից, շոգն արհամարհած
մի քանի աղքատ ձկնորսներից ու ջրի մեջ աղմուկով հովացող մանուկների ոչ
այնքան ստվար երամից բացի ուրիշ ոչ ոք չկար։
Ծովը պարզ երևում էր քաղաքի՝ բլուրների վրա տարածված հատվածներից, բայց,
միևնույն է, տրիրեմների հայտնվելը մի առանձին ոգևորություն չառաջացրեց
հոնիացիների մեջ, քանի որ ոչ ոք չէր հավատում, թե կարելի է գտնել ծովահենական
նավը, մանավանդ, որ հետապնդումը սկսվել էր բավականին ուշացումով, և
ավազակներն այդ ընթացքում կարող էին հասնել մինչև անգամ Հերկուլեսի
սյուներին։
Մտնելով ծովախորշ՝ նավերն իջեցրին առագաստները, ապա, արագորեն
թիավարելով, առանց երթակարգը խախտելու, եկան ու շարվեցին ափի երկայնքով։
Գլուխները խոնավ լաթով փաթաթած մաքսատան աշխատողները դուրս եկան
նրանց դիմավորելու, իսկ արևի տակ ծույլ-ծույլ նստած ձկնորսներն ու լողացող
մանուկներն այդպես էլ լուրջ ուշադրություն չդարձրին նրանց՝ նույնպես
հավատացած ձեռնարկումի անհաջողությանը։
Առաջապահ նավից կառամատույց նետվեց կարճ տախտակամած, և այս կերպ
ստեղծված կամրջակի վրայով անշտապ ափ իջան տասյակ սպառազեն լեգեոներներ։
Աջ և ձախ կողմերի վրա առաջանալով՝ նրանք շարվեցին բոլորաձև, դեմքով դեպի
նավը։ Իսկ երբ տախտակամածի վրա հայտնվեցին կապկպված ինչ-որ մարդիկ,
ձկնորսները թողին գործը, մանուկների երամը կայծակնորեն ելավ ծովից ու
պաշարեց ափ իջածներին։ Գերյալներին նավից իջեցնելով՝ լեգեոներները նրանց մի
կողմ քշեցին և ստիպեցին նստել ավազի վրա՝ արևի տակ։ Թիավարներն, անձայն ու
միմյանց չխանգարելով, նավամբարներից դուրս բերին ու մաքսատան բակում՝
սյունաշարից իջնող աստիճանների մոտ, շարեցին բռնագրավված իրերը՝ հազար ու
մի առարկաներով լի պարկեր, կարմիր ու դեղին գործվածքների բավականին մեծ
փաթոթներ, բազմապիսի զենքեր, խեցե իրեր, գորգեր, արծաթե ու ոսկե դրամներով,
ապարանջաներով, թանկարժեք այլ զարդեղենով լի սնդուկներ։