հանգիստ է և չկա ոչ մի պարտականություն։ Նա գտնում է, որ աշխարհն ստեղծվել է
բնության կողմից, առանց բանականության միջամտության։ Բնության համար
աշխարհ ստեղծելն այնքան հեշտ է, որ նա ստեղծել է, ստեղծում է և դեռ ստեղծելու է
անթիվ-անհամար այդպիսի աշխարհներ։ Իսկ դուք, որ չեք տեսնում, թե ինչպես
կարող է բնությունն ինքը աշխարհ ստեղծել, վազում եք աստվածների մոտ, նման այն
պոետին կամ ողբերգակին, որ չգիտի՝ ուրիշ ինչ կերպ գործողությունը հասցնի
հանգուցալուծման։ Դուք, իհարկե, չէիք դիմի աստծո օգնությանը, եթե կարողանայիք
պատկերացնել տարածության անսահմանությունն ու անչափելիությունը, բոլոր
ուղղություններով նրա ահռելի մեծ չափերով տարածված լինելը, ուր և թափառում է
հոգին՝ հատելով այն լայնությամբ ու երկարությամբ, և չի տեսնում ո՛չ եզր, ո՛չ ափ,
որտեղ կարողանա հանգրվանել։ Ահա այդ անընդգրկելի լայնության, երկարության և
բարձրության մեջ գործում է անսահման մեծ ուժը անթիվ ատոմների, որոնք, չնայած
միմյանց միջև եղած դատարկությանը, կառչում են իրարից, խմբվում, այս կերպ
առաջացնելով բազմատեսակ այն մարմինները, որոնք, ըստ ձեզ, անկարող էին
ստեղծվել առանց դարբինների միջամտության և առանց կաղապարների։ Այս կերպ
դուք նստեցրել եք ձեր գլխին հավերժական մի տիրոջ, որից վախենում եք գիշեր, թե
ցերեկ, քանի որ նա ամեն ինչ տեսնում է, նկատում, մտածում, խառնվում ամեն
գործի մեջ։ Իսկ մենք՝ էպիկուրոսականներս, խոնարհվում ենք աստվածների առջև
միայն նրանց կատարելության և բնույթի համար՝ առանց վախի կամ թե որևէ հույսի։
Ավարտելով խոսքը՝ Վելլեյոսը հիացմունքից ճառագող հայացքը սահեցրեց
ֆրիգիդարիումում հավաքված սենատորների վրայով։ Մինչ նա խոսում էր,
հետաքրքիր մարտի անկնալումով սրահ էին եկել ևս մի քանի հոգի և, տեղավորվելով
որմնախորշերում կամ խմբվելով ծածկի տակ, նայում էին հեծյալի կողմը, որը դեռ
մտածում էր պատասխանի վրա։ Նրանց հետաքրքրում էր, թե ինչ են հակադրելու
ակադեմիկոսները։
Հորտենզիոսը կտրուկ շարժվեց աթոռի վրա, ցանկացավ պատասխանել Վելլեյոսին,
բայց Ցիցերոնը, ձեռքը դնելով նրա ուսին, ոտքի ելավ։
Մարկոսը բավականին անհանգիստ բնավորություն ուներ, խոսելիս անպայման
շարժվում էր, ցնցվում, քայլում անդադար։ Այժմ էլ, հեռանալով ավազանի
երկարությամբ մինչև վարդագույն պարիսպը, սկսեց խոսել՝ առանց Վելլեյոսի կողմը
նայելու։
— Ես հաճախ էի լսել, Վելլեյո՛ս, որ ձերոնք քեզ բարձր են դասում հռոմեական մյուս
էպիկուրոսականներից և ընդամենը մի քանի հույների են ընդունում քեզ հավասար։
Բայց հիմա, լսելով քեզ, համոզվեցի, որ նրանք սաստիկ չափազանցրել են։ Քո
ելույթներում մեծ մտքեր, իհարկե, կային, բայց դու ձերոնց նման ավելի շատ զոռ ես
տալիս ճարտասանությանը։ Երբ ես Աթենքում էի, Փիլոնն ինձ խորհուրդ տվեց լսել
Զենոնին, որին դուք համարում եք ձեր առաջնորդներից մեկը։ Հիմա ես հասկացա.
Փիլոնն այդ արեց, որպեսզի, իմանալով ինչպես է մտածում էպիկուրոսականների
գլխավորը, կարողանամ հեշտությամբ մերկացնել ձեր դրույթների սնանկությունը։
Նա էլ, Վելլեյո՛ս, քեզ նման խոսում էր պարզ, հստակ ու, կարևորը՝ ճարտար։ Բայց
անցնենք բուն հարցերիդ։
Եթե դու ինձ հարցնես՝ ով է աստված և ինչպիսին է նա, ես կվարվեմ այնպես, ինչպես
դա արեց հույն քնարերգու Սիմոնիդես Քեոսացին, որը, ինչպես գիտես, երկար
տարիներ ապրել է Սիրակուսայի Հիերոն թագավորի արքունիքում։ Եվ ահա մի օր՝