հյութ. Մարկոսը հրաժարվեց նրա ծառայությունից ։ Սենատորները ձևացրին, թե ննջում են կամ տարված են խոհերով ։ Միայն Բիբուլոսն ու մյուս ֆակտիոականները հարցուփորձ արին նրա որպիսության մասին ։
Կալդորիումում Մարկոսը երկար չմնաց, նա անցավ ուրկտորիում, ուր հմուտ մերսողները փութաջանորեն տրորեցին նրա մարմինը և օծեցին անուշաբույր յուղերով ։
— Գիտե ՞ ս ինչու էր անտրամադիր,— Ցիցերոնի գնալուց հետո Մումերկոսի ականջին շշնջաց Կատիլինան ։— Տեղեկացել է, որ Գայոսը մեկնել է Մոլոնի մոտ և հիմա երկյուղում է, որ նրա վերադարձից հետո իր գործերը կդժվարանան ։
Մումերկոսը թույլ քմծիծաղ տվեց ։
Մերսումից հետո Ցիցերոնն անցավ ֆրիգիդարիում ՝ հուսալով այնտեղ հանդիպել բանավիճող որևէ խմբի ։ Այս սրահը բացօդյա էր, և հետկեսօրյան կիզիչ արևից պաշտպանվելու համար քաղաքի հայրերը տեղավորվել էին մետաքսով պատած որմնախորշերում ։ Պաղ ավազանում լոգանք ընդունող չկար ։ Սրահի կենտրոնում ՝ հովանոցակերպ մեծ ծածկի տակ, բոլորաձև նստած էին երեք հոգի ՝ Գլաբրիոս Վելլեյոսը, Քվինտոս Հորտենզիոսը, Կոռնելիոս Սուլլան ՝ դիկտատորի եղբորորդին, և տաքացած վիճում էին ինչ-որ հարցի շուրջ ։
Նկատելով սրահ մտած Ցիցերոնին ՝ Հորտենզիոսը ձեռքով արեց նրան ։
— Ճիշտ ժամանակին եկար,— ասաց Քվինտոսը, երբ Մարկոսը մոտեցավ նրան,— Վելլեյոսի հետ վիճում ենք կարևոր հարցի շուրջ, և քանի որ նման վեճերի մեծ սիրահար ես, կարծում եմ ՝ կմասնակցես հաճույքով ։
— Ինձ նույնպես թվում է ՝ ժամանակին եմ եկել, քանի որ այստեղ են իմաստասիրական երեք գլխավոր դպրոցների ներկայացուցիչներ ՝ էպիկուրոսական Վելլեյոսը, ստոիկ Սուլլան և ակադեմիկոս Հորտենզիոսը ։— Կիկերոնը նստեց ազատ գահույքին ։— Իսկ ինչի ՞ մասին է վեճը ։
— Աստվածների բնույթի,— պատասխանեց Հորտենզիոսը ։— Այդ հարցն ինձ համար միշտ եղել և շարունակում է մնալ մութ, և ահա ես Սուլլայի հետ միասին Վելլեյոսին խնդրեցի բացատրել, թե ինչ կարծիքի է այդ մասին Էպիկուրոսը ։ Այնպես որ, Վելլեյո ՛ ս, եթե քեզ համար դժվար չէ, կրկնի ՛ ր, խնդրում եմ, պատասխանիդ սկիզբը ։
— Կկրկնեմ,— ասաց Վելլեյոսը ՝ հարմարվելով թիկնաթոռի մեջ ։
— Կկրկնեմ, թեև հիմա դուք երկուսով եք իմ դեմ. չէ ՞ որ երկուսդ էլ նույն ակադեմիկոս Փիլոնից եք սովորել ՝ ոչինչ չիմանալ ։
— Թե ինչ ենք սովորել նրանից, հիմա կերևա,— հեգնեց Ցիցերոնը,— իսկ եթե այդպես վախենում ես, կաշխատեմ մենակ վիճաբանել քեզ հետ ։
— Վախենա ՞ լ,— չարախնդաց Վելլեյոսը ՝ աչքերը փայլեցնելով,— թեկուզ ակադեմիկոսների մի ողջ կոհորտա կանգնի իմ դեմ ։— Ներքուստ հրճվելով այն մտքից, որ հիմա նեղը կգցի հեծյալ հռետորին, նա խոսքը սկսեց այնպիսի տոնով, ասես այն ամենը, ինչ հիմա հայտնելու էր, բացարձակ ճշմարտություն էր անըմբռնելի հասարակ մահկանացուի համար ։— Ձեր կողմից խիստ հարգված Պլատոնը պնդում էր, թե աշխարհն ստեղծել է աստված և որ աստված ինքն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ինչ-որ համաշխարհային բանականություն ։ Ահա ես ինքս ուզում եմ