Վերջին խոսքի վրա սրահում աշխուժություն առաջացավ, լսվեցին ծիծաղի ձայներ. Պոմպեոսի աները վախճանվել էր չորս տարի առաջ ։
— Ես ձեզ ասում եմ այն, ինչ լսել եմ,― բացականչեց Պիզոնը ։— Իսկ ձեզ ո ՞ վ ասաց, թե Մագնիան ապրելու է Մուցիայի հետ մինչև խոր ծերություն, մի կնոջ, որն այսօր արդեն անկողինը կիսում է այլոց հետ ։
— Ուրեմն,— շարունակեց Պիզոնը, երբ սրահը վերստին խաղաղվեց,— Մագնիան ևս խնդում է, ինչպես այժմ դուք, և հարցնում ստրուկին, որ եթե այդքան գիտուն է, թող գուշակի ՝ ինքն ինչպես է մեռնելու ։ Իսկ ինձ շներն են ուտելու,— պատասխանում է նրան ծերունին ։ Մագնիան քմծիծաղ է տալիս և իրեն դիմավորելու եկած իսպանացիներին ու իր զորքին հայտարարում, թե հիմա կապացուցի, որ գուշակի ասածների մեջ ճշմարտության հետք անգամ չկա ։ Նա հրամայում է սպանել ծերունուն և ողջ քաղաքի ներկայությամբ այրել դիակը ։ Գուշակին մեռցնում են, փայտ կուտակում, դիակը դնում վրան, բայց երբ կամենում են կրակ տալ, անսպասելիորեն անձրև է սկսվում, սոսկալի մի տարափ ։ Պատսպարվում են, ով որտեղ կարողանում է ։ Այդ ժամանակ փողոցում հայտնվում է թափառական շների քաղցած մի ոհմակ ու հոշոտում առանց հսկողության մնացած դիակը ։
Սահմռկեցուցիչ այս պատումից հետո սրահում երկար ժամանակ ծանր լռություն էր տիրում. ոչ ոք այլևս չէր կասկածում, որ այն ամենը, ինչ հայտնեց Պիզոնը, իսկապես պատահել էր և նա ոչինչ չէր հորինել ։
Հայտնի չէ ՝ որքան կտևեր լռությունը, եթե կալդորիում մտած հաղթահասակ Մարկոս Տուլլիոս Ցիցերոնն իր վրա չհրավիրեր ներկաների ուշադրությունը ։ Նա ողջունեց քաղաքի հայրերին, մաղթելով, որ Ֆելիցիտան իր բարիքները հավասարաչափ թափի նրանց վրա ։ Հետո արձակեց գոտկատեղին փաթաթված սրբիչը, հանձնեց այն իրեն մոտեցած ստրուկին, ապա, ավազանի հատակ տանող աստիճաններով իջնելով, ընկղմվեց գոլ ջրի մեջ ։
Մարկոսը բաղնիք գալիս էր գրեթե նույն ժամին ։ Լինելով վատառողջ,— նա գանգատվում էր ստամոքսից,— խիստ ռեժիմ էր պահպանում. օրական երկու անգամ մարզում էր մարմինը, սնվում միայն մայրամուտից հետո ։ Ամեն օր քնից առաջ երեք ստրուկների ուղեկցությամբ զբոսնում էր քաղաքի փողոցներում ։
Կալդորիումում նրա հայտնվելը շատերին ստիպեց խոժոռվել ։ Մարկոսը պատրիկ չէր, սերում էր հեծյալների դասից, ծնվել էր Հռոմին մերձակա ավաններից մեկում ։ Նա չորս տարի ծառայել էր բանակում, ուսից վիրավորվելով ՝ թողել զինվորականի գործը և նվիրվել իմաստասիրությանը ։ Հռոմում իր սեփական տունը չունենալով ՝ նա վարձել էր Կատոնի Չորրորդ հատվածում գտնվող առանձնատունը ։
Միջին խավից ելած հռետորին պատվախնդիր որոշ սենատորներ չէին սիրում, անվերջ տրտնջում էին նրան սենատում տեղ տալու համար, իրենց մեջ նրան կոչում էին հոմո-նովուս ՝ նորելուկ, դուրսպրծուկ ։ Բայց նրա հանդեպ լուրջ ուշադրություն էր դարձնում Ֆակտիոն ՝ նպատակ ունենալով նրա գիտելիքներն ու հռետորական անուրանալի շնորհքը ծառայեցնել իր շահերին ։
Ընդհատված խոսակցությունը ոչ մի կերպ վերսկսել չէր ստացվում ։ Լոգանք ընդունելով ՝ Ցիցերոնը ելավ ավազանից, փաթաթվեց սրբիչի մեջ ու նստեց փետրե բարձերին թիկնած Բիբուլոսի կողքին ։ Վուշե բարակ զգեստ հագած սպասավորը հարցրեց նրան, թե ինչ կկամենա անուշ անել, մեղրագինի, թե ՞ ձյունով սառեցված