— Եթե այդ ամենն իրականություն է,— ասաց Ֆուֆիդիան. Մանլիուսի հաղորդածը նորություն էր նրա համար,— ապա համոզված կարող եմ ասել, որ Եվպատորի արածն է ։ Նա է գրգռել թոռանը ։ Նրանից ամեն ինչ սպասելի է. մի տեղ եթե անկարող եղավ թափանցել համաձայնությամբ կամ ուժով, կխուժի խորամանկությամբ ՝ դժգոհ արքայազուններին և մյուս իշխանավորներին հրահրելով իրեն չհամակրող թագավորների դեմ ։ Հիշենք թեկուզ Պտղոմեոսի դեպքը, երբ նա հալածված արքաեղբորը տեղ տվեց իր արքունիքում, ամուսնացրեց դստեր հետ, հետո Տիգրանի օգնությամբ հաջողեցրեց նրա գահակալումը Եգիպտոսում ՝ այդպիսով իր որոգայթը քաշելով այդ երկիրը ևս ։
Այս խոսքերի վրա կալդորիում մտավ Գնեոս Պիզոնը ։ Հաստամարմին, կենսուրախ այս սենատորը, որ Ֆակտիոի առաջնորդներից էր, միշտ առաջինն էր իմանում Հռոմ հասնող ոչ պաշտոնական լուրերը ։ Նկատելով նրան ՝ սրահում հավաքվածները դադարեցին խոսել բարբարոսների մասին ։
— Դե, Գնեո ՛ ս, ի ՞ նչ լուրեր ես բերել այսօր,— նրա ողջույնն առնելով ՝ հարցրին այս ու այն կողմից ։
Ճեմելով ողորկ հատակի վրայով, որպեսզի բոլորը տեսնեն իրեն, Պիզոնը պատմեց, որ Կումի գլադիատորական դպրոցից փախել են յոթանասուն ստրուկներ, սպանել պահակներին, թալանել ճանապարհին պատահած զենք փոխադրող սայլերն ու թաքնվել Վեզուվի անտառներում ։
— Լենտուլոս Բատիատոսի դպրոցից կլինեն,— ենթադրեց Կատիլինան, որ լոգանք ընդունելու միտումով ելել էր տեղից ։ Քվեստոր եղած ժամանակ նա զբաղվել էր Մեծ կրկեսի համար գլադիատորներ հայթայթելով և հինգ մատի նման գիտեր բոլոր դպրոցները ։
— Բատիատո ՞ ս, ըհը, կարծես այդպես էր անունը,— հաստատեց Պիզոնը ։
— Տեղն է դրան, ագահի մեկն է,— մռլտաց Կատիլինան ։— Ֆելիքսին խելքահան էր արել ու իր գլադիատորներին այնքան թանկ էր վաճառում Մեծ կրկեսի վրա, որ գանձարանն անշուշտ կդատարկվեր, եթե աստվածները մեկ տարի ուշ իրենց մոտ կանչեին դիկտատորի հոգին ։ Նրա մոտից վաղ թե ուշ փախչելու էին, քանի որ ստրուկներին գլադիատորության է պարտադրում ոչ թե հանցանքի համար, ինչպես ընդունված է, այլ զուտ շահ ստանալու միտումով ։
— Իսկ հիմա լսեք ՝ ինչ լուր է բերել այսօր առավոտյան Լոկից վերադարձած իմ ազատագրյալը ։― Պիզոնը շարունակեց նորությունների հաղորդումը ։— Այնտեղ նա հանդիպում է մի իսպանացու, որ բուրդ էր բերել վաճառելու, և ահա թե ինչ է պատմում նրան այդ վաճառականը ։ Երբ Պոմպեոսը տարագրվածներից ազատում է Կորդուբան և շուքով մտնում քաղաք, նրան մոտենում է ծեր մի բախտասաց ստրուկ և առաջարկում գուշակել ապագան ։ Բոլորդ գիտեք, որ Մագնիան [ 25 ] մի առանձին հավատ չի տածում դրանց ասածների հանդեպ, բայց, թևավորված հաջողություններից, մի քիչ էլ ՝ հետաքրքրասիրությունից դրդված ՝ համաձայնում է ։ Իմպերատորի [ 26 ] ափը զննելուց հետո գուշակը հայտարարում է, թե նա մեծ հաջողությունների է հասնելու, ամենազոր աստվածների օգնությամբ հնազանդեցնելու է բոլոր բարբարոսներին, արժանանալու է ամենաբարձր պատիվների, բայց երկար չի ապրելու, հալածվելու է իր իսկ աներոջ կողմից ու գլխատվելու է բարբարոսի ձեռքով, հայրենիքից հեռու, զավակների աչքի առաջ ։