անմիջապես ավազանի եզերքին ու պատերի տակ, ինչպես նաև ՝ ճեմելատեղ ։ Այցելուներն այս սրահում երկար էին մնում, և այն միշտ մարդաշատ էր ու աղմկոտ ։
Բացառություն չէր նաև այս անգամ ։ Մումերկոսը, Կատիլինան, Սետեգան, որ եկել էին մեկ ժամ առաջ, հասցրել էին լոգանք ընդունել և, սրբիչների մեջ փաթաթված, նստած էին ավազանամերձ նստարաններին ։ Մեկ տասնյակի չափ մերկ սենատորներ ըմբոշխնում էին կանաչով ներկված ջրի հաճելի ջերմությունը ։ Օթյակները զբաղված էին ։ Այստեղ էր նաև Ֆակտիոն ՝ հանձին էդիլ Ահենոբարբոսի, Գերագույն քուրմ Ֆուֆիդիայի, Մարկոս Բիբուլոսի և Դոլաբելայի ։
Այդ օրերին խոսակցության հիմնական թեման Ասիայում սկսված պատերազմն էր ։ Չորս օր առաջ ստացված լուրերի համաձայն Կոտտայի փռյուգիական լեգեոնները նահանջել էին ու փակվել Քաղկեդոնում ։ Պաշարվածներին Կիլիկիայից օգնության էին շտապում Լուկուլլոսի լեգեոնները ։
— Երդվում եմ ամենակարող Զևսի կայծակներով ՝ Կոտտան չի սպասի Լուկիոսին և կռվի կբռնվի մենակ,— մի խումբ սենատորների գլխին հավաքած ՝ վիճաբանում էր պրետոր Մարկոս Լուցիոս Կրասոսը ։— Ա ՛ յ, կտեսնեք, այդպես էլ կլինի ։
— Ինչո ՞ ւ ես այդպես կարծում,— Ասիական զորքերի գերագույն հրամանատարին պաշտպանեց Մումերկոսը. նա թեք էր ընկել բարձերով ծածկված նստարանին և արծաթե գավաթով մեղրագինի էր ըմպում ։— Ի ՞ նչպես կարող է չսպասել, բարբարոսների բանակը քառապատիկ գերազանցում է մեր զորքին ։
— Որովհետև Կոտտան դեռ մինչև Փռյուգիա մեկնելն այն մտքին էր, թե առաջվա նման հնարավոր է փոքրաթիվ, բայց վարժված բանակով հաղթել ասիացիներին,— բացատրեց Կրասոսը ՝ շրջվելով դեպի Մումերկոսը ։— Միրհրդատի դեմ նա կռվել է յոթ տարի առաջ, իսկ այդ ընթացքում պոնտացիք հիմնովին փոխել են մարտավարության եղանակները, ընդօրինակել մեր բոլոր լավ գծերը. ես լուրեր ունեմ, որ Եվպատորին մեծապես օգնում են Մարիուսի զինակիցները ։ Այնպես որ, մեր դիմաց հիմա խիստ վարժեցված կանոնավոր բանակ է, ոչ թե ասիական խաժամուժ ։
— Այո ՜,— ծոր տվեց Ֆուֆիդիան, որ սրբիչը դեմքին պառկել էր օթյակներից մեկում,— Եվպատորի դեմն առնելն այնքան էլ հեշտ չի լինի, եթե անգամ մեր զորքերը միավորվեն ։ Հելլեսպոնտոսում մենք նավեր քիչ ունենք, այնպես որ ծովում էլ նրա առավելությունն ակնհայտ կլինի ։ Թերևս հարկ լինի Աֆրիկայից ետ կանչել Սկիպիոնի նավատորմը ։
— Մեր բախտից է, որ Տիգրանը չհամաձայնեց միանալ նրան,— լսվեց սրահի խորքից ։
— Հանուն ինչի ՞ միանար,— փորձեց պարզաբանել Ֆուֆիդիան. յոթ տարի առաջ նա Կապադովկիայում կռվել էր Միրհրդատին աջակցող Տիգրանի հեծելազորի դեմ և իրեն համարում էր հայկական գործերի մեծ գիտակ ։― Նա իր հսկայական կայսրությունը պահում է խաղաղության մեջ, ո ՛ չ հողի պակաս ունի, ո ՛ չ հարստության ։
— Լսել եմ ՝ նրա դեմ ապստամբել է ավագ որդին,— խոսակցությանը խառնվեց Մանլիուսը, նա, որ Սուլլայի հետ գերել էր Յուգուրթային ։— Կիլիկիայից եկած վաճառականները պատմում են, որ արքան իր թիկնագունդն ուղարկել է որդու դեմ ։